27 տարի հայաստանյան հանրակացարանում բնակվող Ադրբեջանից փախստականը բաց նամակ է ուղարկել Epress.am֊ի խմբագրություն, որում նա խնդրում է իրեն պաշտպանել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մուրադ Մեժլումյանի հետապնդումներից։ Կնոջ խոսքով՝ Մեժլումյանը Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի բարեկամն է ու գտնվում է վերջինիս հովանավորության տակ։ Վերոհիշյալ պաշտոնյաները, շարունակում է կինը, հովանավորվում են այլ պետական պաշտոնյաների, ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև՝ հասարակական ու միջազգային կազմակերպությունների կողմից։
Կինը գրում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում․ «Ամեն ինչ սկսվեց նրանից հետո, երբ 2001 թվին դիմեցի Մեժլումյանին՝ խնդրելով ինձ որպես կոմունալ սենյակ տրամադրել 6 քառ․ մ․ կիսաքանդ չբնակեցված տարածքը, որը գտնվում է միգրացիոն ծառայության պետ Եգանյանի կողմից իր վարորդին նվիրված բնակարանի հարևանությամբ։ Բնակարանը դատարկ է․ տերն այնտեղ չի բնակվում։
Իսկ Հայյաստանում միգրացիայի գործակալությունն ինձ որպես բնակարան է տրամադրել մարդու արժանապատվությունն ու հարգանքի սկզբունքները նվաստացնող տարածք, որը նախկինում եղել է հանրակացարանի զուգարանը։ 12 քառ․ մ․ բնակարանում անտանելի նեղվածք է ու խոնավություն․ չկա խոհանոց, չկան որևէ հարմարություններ, կան առնետներ, լվեր ու սարսափելի գարշահոտ, որից խեղդվում եմ։ Բնակարանի տակ աղբանոց է, ինչի պատճառով հնարավորություն չունեմ պատուհանը բացելու ու տարածքն օդափոխելու։
Նույնիսկ կոյուղու աշխատողին գործիքները պահելու համար միգրացիայի գործակալությունը մի ամբողջ բնակարան է տրամադրել հանրակացարանի էլիտար հատվածում, որտեղ բնակվում են տեղացիներն ու փախստականներ Սիրիայից և Իրաքից։
Մեժլումյանն այդ կապակցությամբ ինձ ասել է․ «Ինքդ ես հասկանում՝ ամեն ինչ այդքան հեշտ չի ստացվի»,֊ ակնարկելով փողի մասին ու մատներով համապատասխան ժեստն անելով։ Ես պատասխանեցի․ «Որքա՞ն կարելի է վաճառել։ Հերիք չի՞ թալանեք խեղճ փախստականներին»։ Այս դեպքից հետո Մեժլումյանը «վերևներից» իր հովանավորների օգնությամբ սկսեց ինձ հետապնդել։
Նախ եկավ ինձ մոտ ու ասաց, որ պետք է ազատեմ սենյակը, քանի որ այն սեփականաշնորհված չէ, ու միգրացիայի գործակալությունը, հետևաբար, ունի ինձ վտարելու իրավունք։ Ես նրան չենթարկվեցի, ու նա իմ դեմ պատերազմ հայտարարեց։ Ինձ սկսեցին հալածել, սպառնալ, որ կսպանեն։ Բռնության ու հետապնդումների ենթարկվել եմ ոչ միայն ես, այլև՝ հարազատներս։
Մեժլումյանը սկզբում միայնակ էր գործում, բայց հետո սկսեց իմ դեմ հրահրել դեռահասների, տղամարդկանց, կանանց, հարևանների, հարբեցողների, ավազակների և նույնիսկ ոստիկանությանը, որը վերը նշվածներին հավաստիացնում էր՝ իմ դեմ գործողություններն անպատիժ կմնան։
Այնուհետև հրկիզեցին սենյակիս տակ գտնվող աղբարկղը։ Կրակն այնքան ուժեղ էր, որ հարևան կորպուսի բնակիչները հրշեջ ջոկատ կանչեցին, իսկ ես չէի կարողանում դուրս գալ սենյակիցս, քանի որ դռանս մոտ կանգնած էր Մեժլումյանի ու նրա գործընկերների կողմից ուղարկված կատաղի ամբոխ։
Նա կյանքս վտանգող պայմաններ էր ստեղծել։ Բայց դա էլ բավական չէր, ու Մեժլումյանը դիմեց մի քայլի, որը նախկինում արդեն կիրառել էին Բաքվից փախստական կանանց դեմ․ տարածեցին պատիվս ու արժանապատվությունս անարգող հայտարարություն իբր իմ անբարոյական վարքի մասին՝ ստորագրված շահագրգիռ կողմերի ու հարևաններիս կողմից։ Իսկ այդ ստորագրությունները հավաքել էր միգրացիայի գործակալության՝ Գյուլնարա անունով աշխատակցուհին»։
Կնոջ «անբարոյականության» մասին հայտարարությունը հետագայում փոխանցել են նաև նրա ընկերոջը՝ քանդելով ընտանիք կազմելու նրանց ծրագրերը։ Կնոջ խոսքով՝ «կոլեկտիվ նամակները» բնակարանային վեճերի ընթացքում հաճախ են օգտագործվում փախստականների դեմ․ «Նման կերպ (հարևանների կեղծ ստորագրություններով) նախկինում բնակարանից զրկել են նաև իմ հարևանությամբ բնակվող բաքվեցի փախստական Կարենին։ Երիտասարդին հետո հոգեբուժարան գցեցին՝ ընդմիշտ խորտակելով նրա կյանքը։ Նման դեպքերը շատ են»։
Բազմաթիվ դիմումները միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին ու տարածքային կառավարման նախարարություն որևէ արդյունք չեն տվել․ «Անձնական հանդիպման ժամանակ Եգանյանն ինձ ասաց, որ ոչնչով չի կարող օգնել, քանի որ ոչինչ չի կարող անել իր ենթակայի՝ հանրակացարանի տնօրեն Մեժլումյանի դեմ։ Ինձ էլ ավելի վախեցնելու համար, Եգանյանն սկսեց բողոքներս ուղարկել ոստիկանություն, որտեղից ինձ միշտ կանչում էին, ժամերով պահում ու անհասկանալի հարցաքննություններ անցկացնում»։
Կինը շարունակում է, որ Մեժլումյանին հաջողվել է իր դեմ տրամադրել նաև սոցիալական ծառայությունների աշխատակիցներին, որոնք դադարել են վճարել կնոջ գործազրկության նպաստը․ «Ինձ զրկեցին 3 ամսվա նպաստից, չնայած քաղաքապետարանի՝ ինձ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ գրավոր պատասխանին»։
Ստեղծված իրավիճակի պատճառով կնոջ մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ․ «Նույնիսկ վախենում են տանս մնալ․ վախից մշտապես թափառում եմ, զրկվել եմ ապրուստի միջոցներից․ վախենում եմ երեկոյան լույսը միացնել կամ դուռը բացել, չեմ կարողանում հանգիստ քնել։
Հանցագործներից որևէ մեկը չի պատժվել․ Ադրբեջանից փախստականների դեմ հանցագործությունները կատարվում են իշխանությունների կողմից ու երբեք հետաքննության չեն ենթարկվում։ Այս խմբավորման՝ փախստականների դեմ հանցագործությունների մասին տասնյակ հրապարակումներ կան մամուլում, բայց ոչինչ միևնույն է չի փոխվում»։
Կինն ու բռնության ենթարկված նրա մեկ այլ բարեկամուհի օգնության համար դիմել են «Փախստականները և միջազգային իրավունքը» ցանցին, որի համակարգող Էլեոնորա Ասատրյանը, սակայն, ասել է, որ ոչնչով չի կարող օգնել ու նույնիսկ հրաժարվել է վերադարձնել կանանց փաստաթղթերը՝ սպառնալով ոստիկանություն կանչել, եթե կանայք չդադարեն պահանջել դրանք։ Ցանցի ղեկավար Արման Մելիքյանը նույնպես հրաժարվել է վերադարձնել փաստաթղթերը․ «Նա պահանջեց, որպեսզի լքենք տարածքը․ հեռախոսս հանեցի ու ասացի, որ ոստիկանության կզանգահարեմ, եթե փաստաթղթերը չտան։ Մելիքյանը վեր կացավ տեղից և ինձ ու բարեկամուհուս ուժով դուրս շպրտեց»։
Ոստիկանություն դիմելուց երեք օր անց կանայք ստացել են պատասխան, որ «ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը․ գործը փակված է»։
«Նման ոտնձգությունների, սպառլաիքների ու բռնությունների ենթարկված հարյուրավոր փախստականներ փորձում են ամեն գնով փախչել Հայաստանից։
25.08.2016֊ին տանս բակում ինձ մոտեցավ հարևան կորպուսում բնակվող Ռուբեն անունով տեղացի տղամարդ ու պահանջեց, որպեսզի լռեմ, քանի որ ինքը պատրաստվում է գնել բնակարանիս ներքևի տարածքն ու այն վերածել խանութի։ Նա խորհուրդ տվեց ընդհանրապես հեռանալ Հայաստանից, քանի որ այստեղ միևնույն է թույլ չէին տալու հանգիստ ապրել։ Պատասխանեցի, որ Բաքվում էլ թույլ չտվեցին ապրել, և որ այլևս գնալու տեղ չունեմ։ Ինչպես պարզվեց, իմ դեմ ոտնձգություններն իրականցվում էին ինձ բնակարանիցս վտարելու ու տարածքն այս Ռուբենին վաճառելու նպատակով։ Նման հետապնդումների են ենթարկվում տասնյակ փախստականներ, որոնցից հայաստանյան իշխանությունները փորձում են ամեն գնով խլել բնակարաններն ու վերավաճառել դրանք․․․
Այս ամենից հետո որոշել եմ հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, որը, ի դեպ, ինչպես շատ ու շատ փախստականներ, ընդունել եմ ճնշման տակ։ Նաև որոշել եմ հրաժարվել ազգությունիցս ու փոխել ազգանունս, որպեսզի Հայաստանի հետ ինձ այլևս ոչինչ չկապի։ Ուզում եմ մոռանալ Հայաստանը, ինչպես մղձավանջ։
Հայաստանյան իշխանությունների զոհերից են նաև փախստականներ Ռ․ Տերյանն ու Ա․ Ապրեսյանը, որոնք 2004 թվին իրենց իրավունքները պաշտպանելիս ենթարկվեցին հրեշավոր ոտնձգությունների ու ստիպված եղան փախչել Հայաստանից, որտեղ նրանց որակեցին «լրտեսներ»։
Ժողովրդավարական Եվրոպան նույնպես անգործություն է դրսևորում Ադրբեջանից փախստականների դեմ բազմամյա բռնության վերաբերյալ՝ մոռանալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասին։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՓՐԿԵԼ ԻՆՁ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալներս չեմ նշում»։
Նամակի հեղինակի հետ կարելի է կապ հաստատել Epress.am-ի խմբագրության միջոցով ([email protected], +37491541257):