Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիք նոր բնակարան կտեղափոխվի։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց տները կորցրած այդ մարդիկ մինչև հիմա ծանր պայմաններում ապրում էին հանրակացարաններում և նմանատիպ շենքերում Սումգայիթում և Ապշերոնի թերակղզում։ Այս մասին գրում է jam-news կայքը։ Նոր բնակելի համալիրը հաշվարկված է 1000 ընտանիքի համար և գտնվում է Ղարադաղի շրջանում՝ Բաքվից կես ժամ հեռավորության վրա։
Ղարաբաղյան հակամարտությունը երկու կողմից հարյուր հազարավոր մարդու է փախստական դարձրել։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից փախստականների թիվը պաշտոնապես նշում են «ավելի քան մեկ միլիոն»։ Սակայն անկախ աղբյուրները, հիմնվելով խորհրդային տարիների մարդահամարի և ՄԱԿ փախստականների UNHCR կոմիսարիատի տվյալների վրա, այդ թիվն ուռճացված են համարում։ Մասնավորապես, կայքը մեջբերում է բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալին, որը «Սև այգի» գրքում «մոտ 750 հազար» թիվն է նշում (այն պահի դրությամբ Ադրբեջանի բնակչության ավելի քան 10%-ը), գրում է jam-news-ը։
Փախստականներն ու բռնի տեղահանվածները մի կերպ տեղավորվել են հանրակացարաններում, վրանային քաղաքներում և դատարկ վագոններում։ Ոմանք մինչև այսօր այնտեղ են բնակվում։ Պետությունն աստիճանաբար նրանց համար հատուկ ավաններ է կառուցում և բնակարաններ տրամադրում։ Այսպես, անցյալ տարի բնակարաններ և մասնավոր տներ են ստացել 5900 ընտանիք։