Լեռնային Ղարաբաղից տեղահանված Տիգրան և Արմինե Ամիրխանյանները, որոնք մայիսի 5-ին դուրս են եկել Վաղարշապատի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնից և հայտնվել փողոցում, հիմա բարեկամների մոտ են ապրում։ Նրանք դիմել են պետական աջակցության, առաջիկայում օգնություն կստանան՝ Epress.am-ին ասել է Աշխատանքի և սոցիալական աջակցության նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը գնահատել է Ամիրխանյանների կարիքները։ «Նրանք դիմումներ են ներկայացրել՝ բնակվարձի և կեցության ծախսերի համար նախատեսված 40+10 հազար աջակցությունը ստանալու համար։ Դիմել են նաև Տիգրանի հաշմանդամության հարցով, որպեսզի նա կարողանա թոշակ ստանալ», – ասել է Մանուչարյանը։
Համայնքային հաստատություններում բնակվող տեղահանված անձինք բնակվարձի փոխհատուցում չեն ստանում։ Սոցապի խոսնակը արդարացել է․ «Առաջարկել ենք անօթևանների ժամանակավոր կացարանով ապահովել, տղային տեղափոխել ցերեկային կամ շուրջօրյա խնամքի հաստատություն, բայց հրաժարվել են։ Երեկվա տվյալներով նրանք տեղափոխվել են բարեկամի տուն՝ մինչև որ կկարողանան առանձին բնակարան վարձել»։
Օրեր առաջ «Հետքը» գրել էր, որ փողոցում հայտնվելուց հետո մայրն ու որդին գնացել են Կառավարության 3-րդ մասնաշենք։ Ընդունարանում նրանց ասել են՝ օգնել չենք կարող։
Վաղարշապատի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենը նշել է, որ ամիսներ շարունակ ԼՂ-ից տեղահանված մի քանի ընտանիքներ ապրել են իր ղեկավարած կենտրոնում 1։ Ընդ որում՝ պետությունը իրենք աջակցության չեն ստացել, նույնիսկ կոմունալ ծախսերը չեն փոխհատուցվել։ Հաստատությունը ծախսերը հոգացել է սեփական միջոցներով։
Տնօրենը պնդում է, որ նրանց ոչ ոք կենտրոնից չի հանել։ Այնտեղ մնացած երեք ընտանիքներն էլ հաստատությունից դուրս են եկել սեփական կամքով։
«Հետքը» դիմել է Սոցապ նախարարություն, որտեղ նրանց առաջարկել են դիմել ՏԿԵ նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել Սոցապ։ Մանուչարյանը Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է՝ ընտանիքի հարցերով հիմա զբաղվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը։ Ի՞նչ է եղել Վաղարշապատի կենտրոնից նույն օրը դուրս հանված մյուս երկու ընտանիքների հետ՝ խոսնակը չգիտի։
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանի՝ Հայաստանի կառավարությունը պարտավորություն է ստանձնել ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ինչը նշանակում է՝ պարտավորվել է ապահովել թե՛ հաստատություններում հայտնված և թե՛ հաստատություններից դուրս ապրող մարդկանց։ Մի նախարարությունից մյուս նախարարություն ուղարկելը, կիսափակ հաստատություններից մարդկանց դուրս հանելը այս պարտավորությունների մեջ չի տեղավորվում։
____
1 Հրապարակման սկզբանական տարբերակում գրված էր, որ աջակցության կենտրոնի տնօրենը «մեղքը բարդել է ԿԳՄՍ նախարարության վրա, որը չի փոխհատուցել ընտանիքի պահման ծախսերը»: Epress.am-ի հետ զրույցում տնօրեն Հովհաննես Հովհակյանը հերքել է սա, հավաստիացրել, որ ինքը երբևէ ԿԳՄՍ-ի վրա մեղք չի բարդել, պարզապես արձանագրել է, որ պետությունից իր ղեկավարած կենտրոնը որևէ աջակցություն չի ստացել։ ԿԳՄՍՆ-ին հասցեագրված նրա գրավոր դիմումը՝ կոմունալ ծախսերի փոխհատուցման խնդրանքով, ըստ «Հետքի», որևէ արձագանք չի ստացել։