Մի խումբ տեղահանված ղարաբաղցիներ առավոտից հավաքվել էին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ։ Երեկվա հրամանագրի ստորագրումից հետո նրանք հանդիպում էին պահանջում ինքնալուծարված հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, որը ամսվա սկզբին լքել է Ստեփանակերտը և այժմ պաշտոնավարում է Երևանում։ Իրավիճակը տեղում անընդհատ լարված է՝ քաշքշուկներ, հայհոյանքներ։ Մարդիկ երկու անգամ ճեղքել են ոստիկանական պատնեշը և ներխուժել շենք։
Լրագրողների տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է նրանց մոտ իջած Արցախի նախագահը ցուցարարներից մեկի վանկարկումներին ի պատասխան սպառնում կոտրել նրա գանգը։ Ավելի ուշ մեկ այլ միջադեպ է գրանցվել՝ ցուցարարները բռնացրել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին, քաշքշել նրան, հայհոյել, վնասել նրա ավտոմեքենան, պոկել պետհամարանիշները։
Հոկտեմբերի 19-ի հրամանագրով Արցախի բոլոր պետական գերատեսչությունների և համայնքային կառույցների աշխատակիցները հետին թվով ազատվել են աշխատանքից։ Որոշվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած նրանք գործազուրկ են։ Շահրամանյանի ստորագրած հրամանագրով բացառություն է արվել միայն բարձրաստիճան պաշտոնայների՝ Արցախի նախագահի, ԱԽ քարտուղարի, նախարարների, պատգամավորների, դատավորների, աշխատակազմերի ղեկավարիների, ՄԻՊ-ի, ԿԸՀ նախագահի, ուժային կառույցների ղեկավարների, պետական այլ մարմինների անմիջական ղեկավարների, քաղաքապետերի, համայնքապետերի, շրջանների վարչական ղեկավարների, պետական առևտրային ընկերությունների ու հիմնադրամների անմիջական ղեկավարների համար։ Նրանք շարունակելու են պաշտոնավարել, բայց՝ հասարակական հիմունքներով, առանց վարձատրության: Հայաստանի կառավարությունը արցախցի պաշտոնյաներին Երևանում շենք է հատկացրել՝ Աբովյան 9 հասցեում։ Կա նաև ԼՂ ներկայացուցչության տարածքը։
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից հետո նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էր ստորագրել՝ մինչև 2024թ․ հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալ։ Ենթադրվում է, որ հունվարի 1-ից հետո դադարելու են գոյություն ունենալ նաև այն պաշտոնները, որոնց համար բացառություն է արվել երեկ հրապարակված հրամանագրով։
Շահրամանյանի այս հերթական որոշումը զայրացրել է Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում ապաստանած մի խումբ արցախցիների։ Առավոտյան նրանք հավաքվել էին Երևանում ԼՂ ներկայացուցչության մոտ և հանդիպում էին պահանջել ներսում գտնվող Սամվել Շահրամանյանի հետ։ Ավելի ուշ՝ ճեղքել էին ոստիկանական պատնեշը և ներս մտել։
Ցուցարարները ասում էին՝ արդեն գրեթե 2 ամիս է ոչ ոք, այդ թվում պայմանագրային զինծառայողները, աշխատավարձ չեն ստացել։ Արցախցիներին, ըստ նրանց, նույնիսկ նպաստներ ու կենսաթոշակներ չեն տալիս։
Ներսում ցուցարարները վիճում էին միջանցքում հայտնված պաշտոնյաների հետ և պահանջում, որ նախագահը դուրս գա սենյակից։
«Ստեղ ինքնաբուխ հավաք է՝ անկուսակցական։ Առաջնային են մեր հարցերը։ ․․․Ղարաբաղը եղել է փոքր տեղ՝ բաժանված կուսակցությունների, բայց ստեղ հիմա կուսակցական խաղեր չկան։ ․․․Մենք սովորական ժողովուրդն ենք՝ Արցախի Հանրապետության 80-90 տոկոսը։ Էն 10 տոկոսը բոլորիս հայտնի մարդիկ են՝ մի 30 հոգի, որոնք Հիմնադրամը թալանելով, էդ փողերը օրինականացնելով կարողացել են մսխել։ Էն հարստությունները, որ մեր օլիգարխները դիզել են մեր ժողովրդի հաշվին․․․ Մեր Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներին ես խնդրում եմ շատ աչալուրջ մոտենալ սրան։ Եթե նրանք իրենց գործը ճիշտ կատարեն՝ բոլորին հայտնի կլինի, ովքեր են մեր սուտ հայրենասերները ու թալանչիները, որոնք մեր ժողովրդին սարքել են ցիգան, այսինքն՝ անհայրենիք։ Մենք անշարժ, շարժական գույք ենք թողել՝ դա երկրորդական է, բայց մենք մեր գերեզմաններն ենք էնտեղ թողել։ Մենք հազար ձևի հարցեր ունենք։ Հիմա առաջնայիններն ենք բարձրացնում, որ մնացել են անպատասխան», – ասել է ցույցի մասնակիցներից մեկը։
«Ես Հայաստանի ժողովրդից գոհ եմ, բայց իշխանությունը զրո է», – հավելել է մեկ այլ ցուցարար։
Լրագրողները նրան առաջարկել են ԼՂ ներկայացուցչությունից տեղափոխվել Հայաստանի կառավարության մոտ և այնտեղ ցույց անել։ Ցուցարարը հակադարձել է՝ ես դեռ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի եմ։ Նա համաձայն չէ, որ Արցախի իշխանությունները այսօր նույն վիճակում են, ինչ իրենք՝ տեղահանված մյուս մարդիկ․ «բա իրենց դղյակները՞, բոլորն էլ [այստեղ] իրենց տուն ունեն», իսկ մենք «մեքենայի մեջ ենք քնում»։
Ցույցին հետո միացած մարդկանցից և լրագրողներից որոշները հավաստիացնում էին, թե առավոտից ԼՂ ներկայացուցչության մոտ եկած մարդկանց մի մասը թիրախավորում է Արցախի իշխանություններին, քանի որ կապված է Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սամվել Բաբայանի հետ։
Ցուցարարները հերքում էին․ «Ի՞նչ կապ ունի ստեղ Սամվել Բաբայանը, ես իմ խնդրով եմ ստեղ եկել», «Իրենք [Արցախի իշխանությունները] իրենց հյուրանոցներում են մնում, մենք ավտոների մեջ ենք քնում, բարեկամների մոտ»։
Լրագրողները պահանջում էին հստակ ասել՝ ում են թալանչի անվանում։ Ցուցարարները պատասխանեց՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և նրանց ստեղծած Արցախ ՓԲԸ-ի մյուս անդամներին։
«Ղարաբաղի Հանրապետությունը 2000 թվին Արցախ ՓԲԸ-ի կողմից բռնազավթված էր։ Ղարաբաղի Հանրապետությունը չի փակվել, որովհետև դա ժողովուրդն է, այլ Արցախի ՓԲԸ-ն է փակվել», – ասում էր մեկ այլ ցուցարար։
Շահրամանյանը ակցիայի մասնակիցների մոտ է իջել նրանց՝ շենք ներխուժելուց հետո։ Սկզբում առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպում կազմակերպել․ «Ես իմ բոլոր քայլերի, կայացրած որոշումների համար պատասխանատու եմ ձեր բոլորի, ձեր ընտանիքների առջև, բայց մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստանը, որի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»:
Ավելորդ լարվածությունը, ըստ նրա, ավելի է ծանրացնում վիճակը․ «Լրատվամիջոցներից զերծ մնալ չի լինում, բայց այն, ինչ պիտի ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի և Արցախի հետագա ճակատագրի համար»։
Նախագահը հայտարարել է, թե ստիպված է եղել ստորագրել Արցախի լուծարման և հրադադարի փաստաթուղթը, քանի որ, եթե այդկերպ չկանգնեցներ պատերազմը, մեկ ժամ հետո ադրբեջանցիները կմտնեին Ստեփանակերտ․ «Դուք բոլորդ գիտեք, որտեղ էին նրանք»։
Ակցիայի մասնակիցներին նա հավաստիացրել է, թե իր իսկ կողմից ստորագրած հրամանագրից հետո էլ ոչինչ ավարտված չէ․ «ԼՂՀ-ն լուծարված չի, այստեղ կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որոնց մասին ես այստեղ չեմ կարող խոսել։ Էս փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։ Ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով, Հ1-ի տաղավարում»:
Նրա ելույթը հաճախ ընդհատվում էր ցուցարարների մեկնաբանություններով, վանկարկումներով։ Շահրամանյանը առաջարկել է փակ հանդիպում կազմակերպել և մտել է ներս։ Սրանից հետո իրավիճակը դարձյալ լարվել է։
Քաղաքացիները նորից ճեղքել են ոստիկանության շղթան և մտել շենք։
Ինչ-որ պահի մարդիկ բռնացրել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին, քաշքշել նրան, հայհոյել: Ավելի ուշ պարզվել է, որ վնասել են նրա ավտոմեքենան, պոկել պետհամարանիշները։
Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որում երևում է՝ ինչպես է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, որը դուրս էր եկել բակ՝ մարդկանց հետ խոսելու, ի պատասխան ցուցարարներից մեկի վանկարկումների սպառնում նրա գանգը ջարդել․ «Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ»։
https://twitter.com/epressam/status/1715353640574038323
Ավելի ուշ կարմիրբերետավորները պատ կազմեցին, որ Սամվել Շահրամաբյանը մեքենայով հեռանա։ Այս պահին ԼՂ ներկայացուցչության մոտ իրավիճակը հանգիստ է։
Ոստիկանությունից հաղորդել են՝ «ֆիզիկական ներգործության» կասկածանքով 4 անձ Է ձերբակալվել, Երևանում ԼՂ ներկայացուցչության շենքի դիմացից նրանք տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։