Home / Բանակ / Չինովնիկների նստացույցը Ղարաբաղի հայերի միակ ճանապարհը չէ

Չինովնիկների նստացույցը Ղարաբաղի հայերի միակ ճանապարհը չէ

Լեռնային Ղարաբաղի պետնախարարի կարծիքով՝ արդեն ավելի քան մեկ ամիս տևող լիակատար բլոկադայով Ադրբեջանը նպատակ է հետապնդում բռնակցել Արցախը, Արցախում մնացած ժողովրդին հարկադրաբար հպատակեցնել։ Իշխանությունները ուղիղ բանակցություններից հրաժարվում են և համարում, որ դրանք իտեգրացիոն քաղաքականություն պարտադրելու միջոց են։ Ընդդիմության մի հատվածը՝ նախկին ՊԲ հրամանատար, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորությամբ, համարում է, որ Ղարաբաղի գործող կառավարությունը խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց, ինչը քողարկում է փողոցային ակտիվիզմով։ Իլհամ Ալիևը՝ եվրոպացի միջնորդների խրախուսմամբ, հումանիտար օգնություն է առաջարկում Աղդամից։ Ղարաբաղը կանգնած է սովի իրական վտանգի առաջ։

Հունիսի 15-ից ի վեր Լեռնային Ղարաբաղը զրկված է նաև հումանիտար մատակարարումներից։ Սննդի պաշարները սպառվում են, մարդիկ մնացել են ցամաք հացի հույսին։ Դեղամիջոցների դեֆիցիտ է։ Գազ ու լույս արդեն ամիսներով չկա, Սարսանգի ջրամբարը, որը ներքին սպառման համար էլեկտրաէներգիա է մատարարում, արդեն ցամաքում է։ Եթե այսպես շարունակվի՝ հավանական է, որ նաև ջրամատակարարումը խափանվի։ Բենզինը սպառվել է, հասարակական տրանսպորտը աշխատում է հատուկենտ, վաղվանից ընդհանրապես չի աշխատելու։

https://twitter.com/marutvanian/status/1680440991847776258

Նստացույցն ընդդեմ ուղիղ բանակցությունների

Ծայրահեղ այս իրավիճակում Ղարաբաղի իշխանությունները նստացույց են անում։ Մոտ մեկ շաբաթ է՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը վրանավորված են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում և պահանջում են, որ միջազգային հանրությունը կանխի հումանիտար աղետը։ Բաքվի հետ ուղիղ բանակցություններից նրանք շաբաթներ առաջ հրաժարվել են։

Իշխանությունների նախաձեռնած բողոքի ցույցերին է միացել նաև ընդդիմության մի մասը, օրինակ՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և բիզնեսմեն, Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ոչ ֆորմալ դաշինքը։

https://twitter.com/marutvanian/status/1680918851372961797

Ղարաբաղում նրանց հրապարակավ քննադատող միակ ուժը՝ «Միասնական հայրենիք» խմբակցության առաջնորդ, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թիմը, իշխանական ակցիաներին չի մասնակցում։ Բաբայանի աջակիցները կարծում են, որ փողոցային ակտիվիզմը պատասխանատվությունից խուսափելու միջոց է՝ ըստ էության որևէ հարց չի լուծվելու։

Ղարաբաղի նախկին տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը, որը սատարում է Սամվել Բաբայանի ծրագրին, գրում է․ «Երբ երկրի իշխանությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն վերածվում է քաղաքացիական ակտիվիստի, սկսում է ցույցեր անել, գալիս է պետության վախճանը», «Մենք տեսնում ենք անընդհատ ակտիվացող քաղաքացիների: Քաղաքացիական շարժումներին հատուկ է կոնկրետ, հանկարծակի առաջացած խնդիրների լուծումը և դրանց ուղղված կարճաժամկետ քայլերը: Բայց քանի որ Արցախում առկա իրավիճակը միայն առաջին հայացքից է այդպիսին, ապա այս շարժումները նույնպես դատապարտված են անհաջողության», «ԱՀ իշխանությունն Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ որևէ ծրագիր չունի, անընդհատ մեծացնում է անորոշությունը, սխալ ազդակներ տալիս հանրությանը, թուլացնում պետականության հիմքերը, անվստահելի գործընկեր է ներքին ու արտաքին գործընկերների համար»: 

Բաբայանը, մինչ այդ, առաջարկում է ընդունել, որ հայկական կողմերի նախապայմանից (Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը պետք է լինի միջազգային միջնորդությամբ և մասնակցությամբ) Ադրբեջանը հրաժարվելու է, բանակցությունների նման ձևաչափ պարտադրելու համար բավական ռեսուրսներ չկան, հետևաբար՝ պետք է ուղիղ երկխոսության գնալ Բաքվի հետ։ Ըստ նրա, երկխոսության առաջնային նպատակը պետք է փոխվստահության մթնոլորտի ձևավորումը լինի։

Որքանո՞վ է այդ փոխվստահությունը հնարավոր, երբ Բաքուն արդեն իսկ իր պահանջներն ունի՝ պաշտպանության բանակի լուծարում և զինաթափում, իշխանության մարմինների լուծարում (համաներման դիմաց), հետագայում նաև ադրբեջանական անձնագրեր, իսկ մինչ այդ՝ ենթակառուցվածքային կապերի վերականգնում։

Բաբայանը հակադարձում է՝ սեփական առաջարկների և պահանջների փաթեթը պետք է մշակի նաև Ղարաբաղը, պետք է ընտրվեն այն անձինք, որոնք բանակցելու են այդ փաթեթի շուրջ, այդ փաթեթը պետք է ներկայացվի Ադրբեջանին, պետք է փոխվստահության մթնոլորտ ձեռք բերվի, այդ մթնոլորտի ստեղծման համար կոնկրետ առաջարկներ արվեն․ «Եթե փոխվստահություն չձևավորվի, ուզում է Ադրբեջանը լինի, ուզում է՝ մեկ այլ պետություն, չի կարողանա որևիցե խնդիր լուծել։ Գնալու ենք պատերազմական վիճակի, որը ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ մեզ ձեռք չի տալիս»։

Ի՞նչ բովանդակությամբ փաթեթի մասին է խոսում ղարաբաղյան նախկին պաշտոնյան։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը պահանջում է լուծարել ՊԲ-ն, Լեռնային Ղարաբաղը կարող է պահանջել հետ քաշել զորքերը և ստեղծել կանաչ գոտի։ Ըստ Բաբայանի, սրանք նյուանսներ են, որոնց շուրջ պետք է երկխոսություն լինի։ Կանխավ այդ առաջարկները հանրայնացնելուց նա խուսափում է։

https://twitter.com/marutvanian/status/1682835231928090625

Ղարաբաղի գործող իշխանությունը բանակցություններին կողմ է միայն եթե դրանք հավասարը հավասարի հետ լինեն։

«Երկու տարբերակ կա՝ կա՛մ մարդիկ տեսական են մոտենում, ուղղակի գաղափար են ընկալում՝ դե, երկխոսություն անենք, կա՛մ հատուկ ինչ-որ ծրագիր կա՝ արագացնելու պրոցեսներ, որոնք մեզ անդառնալի կորուստներ են պատճառելու։ Ինչի՞ մասին խոսենք Ադրբեջանի հետ՝ ես ուզում եմ հասկանալ․․․ Ինչի՞ մասին։ Նրանք ասում են՝ դուք չկաք։ Ծաղրում են մեզ․․․ Ասում են՝ ոչ մի իրավունք, ոչ մի հատուկ բաներ․․․ Ալիևը իր բերանով բարձրաձայնում է, վերջերս օկուպացված Շուշիում էլ մեծ մեդիաֆորում է արել, տեղը տեղին ասում է ամեն ինչ, աչքներս է կոխում, ասում է՝ մինչև 20 թիվը բոլորը ստիպում էին իրեն ճանաչել ինքնորոշման իրավունքը, հիմա ասում է՝ թքած ունեմ, այիսնքն՝ ասում է, որ ամեն ինչ կարելի է փոխել, եթե հայրենասեր ես և արժանապատվություն ունես։ Դժբախտաբար, իրենց հայերնասիրությունը և արժանապատվությունը մեզ համար մահացու վտանգ է․․․ Ինչի՞ մասին խոսենք։ Գնանք ասենք՝ կապիտուլիացիա՞յի ենք ենթարկվում, արի մեզ բռնաբարի, արի մեզ սպանի․․․ Էտ ժամանակ ավելի լավ չէ՞՝ տղամարդավարի կամ զոհվենք, կամ դուրս գանք բիբլիական․․․ ժողովուրդը փրկենք», – հակադարձում է Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ուժերից որոշները Սամվել Բաբայանին մեղադրում են օրհասական պահին ներքաղաքական պայքար ծավալելու, պառակտում առաջացնելու մեջ։

Ղարաբաղի ԱԺ-ն հուլիսի 21-ին դիմել էր Հայաստանին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու համար։ Առանձին հայտարարություն էր տարածել նաև Սամվել Բաբայանը։

Ուժերի անհամաչափություն

Պաշտոնական Երևանը այս բանավեճին առհասարակ չի անդրադառնում։

Հումանիտար ճգնաժամի ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳՆ Արարատ Միրզոյանը շարունակում են պնդել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրումից, նրանց անվտագության համար երաշխիքների ստեղծումից հետո։

France-Presse-ին տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտել է՝ այս նպատակով անհրաժեշտ է Ստեփանակերտ – Բաքու երկխոսության համար միջազգային ձևաչափ ստեղծել։

Միջազգային միջնորդության անհրաժեշտությունը նա հիմնավորել է Բաքվի ու Ստեփանակերտի ուժերի անհամաչափությամբ․ «Առանց միջազգային մեխանիզմների Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում»։

Երևանը այս երխոսությանն իր ներգրավվածությունը չի էլ պնդում․ «Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը այդ գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը»:

Ադրբեջանը, ինչպես հայտնի է, բանակցային այս ձևաչափից կտրականապես հրաժարվում է։ Բաքվում պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի [պատերազմից հետո Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունները նույնիսկ այս ձևակերպումը չեն կիրառում, գրում են «Ղարաբաղի շրջան»] հայերի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է, որի լուծմանը չի կարող մասնակցել և միջնորդել որևէ այլ՝ երրորդ երկիր։ Սա հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային տարաձայնություններից մեկն է մնում, և չնայած միջնորդներից որոշները աջակցում են միջազգային մեխանիզմի ներդրամանը, այս մասով առաջընթաց առ այսօր չկա։

Աղդամի «հումանիտարը»

Արդեն 7 ամիս է՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է։ «Էկոակտիվիստական» բլոկադայի օրոք ռուս խաղաղապահներին թույլատրվում էր օգտվել միջանցքից, բեռնափոխադրումներ էին իրականացվում։ Միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետ տեղադրելուց կարճ ժամանակ անց՝ հուլիսի 15-ին, Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհն ամբողջությամբ շրջափակվեց։

Այժմ ռուս խաղաղապահները իրենց համար սնունդ և առաջնային անհրաժետության ապրանքներ են մատակարարում ուղղաթիռներով (հավանաբար՝ Սիսիանից)։ Տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։ Ստեփանակերտում ցույցեր անող խմբերից որոշները (Արցախի հեղափոխական կուսակցություն և այլն) առաջարկում են շրջափակել ռուսական օդանավակայանը և խափանել ռուս զինվորների համար սննդի մատակարարումները։ Հիմնավորումը՝ եթե խաղաղապահները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, եթե Ռուսաստանը գործուն միջոցներ չի ձեռնարկում բլոկադան վերացնելու համար, ապա նրա զինվորները պետք է լինեն նույն այն կարգավիճակում, որում գտնվում նրանց պաշտպանության ներքո գտնվող ժողովուրդը։ Առաջարկին Ղարաբաղի իշխանությունները, ըստ էության, չեն սատարում։

Ադրբեջանը, մինչ այդ, առաջարկում է Աղդամով Ստեփանակերտ «հումանիտար» բեռներ ուղարկել։ Այս առաջարկը խրախուսում են նաև եվրոպական միջնորդները, թեև զուգահեռ Լաչինի միջանցքը բացելու կոչեր են անում։

Այն, որ Ադրբեջանը այժմ փորձում է պաշարված ղարաբաղցիներին Աղդամի ճանապարհը պարտադրել, Ստեփանակերտում համարում են «ինտեգրացիոն քաղաքականության» մի մաս, Շառլ Միշելի վերջին հայտարարությունն էլ՝ աջակցություն բլոդակադային հարկադրանքին։ Ասկերանից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակել են բետոնե պատնեշներով։

https://twitter.com/marutvanian/status/1681304088313749509

 

Բաքվից հայտարարում են, թե՝ Լեռնային Ղարաբաղի հայերը փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, հետևաբար՝ իրենք են իրենց բլոկադայի ենթարկել։

Բրյուսելյան բանակցություններին զուգահեռ առաջին անգամ Ռուսաստանը կտրուկ ձևով կոչ էր արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Ռուսական մամուլը գրում էր, թե այս պատճառով Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Այդ կոչը առ այժմ անարձագանք է մնացել։

Ռուսաստանի ԱԳՆ-ից քիչ առաջ հայտնել են, որ վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև․ «․․․կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները․․․ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը»։

շապիկի լուսանկարը՝ ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյանի