հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ղարաբաղյան կուսակցությունը առաջարկում է բանակցել ուղիղ Բաքվի հետ

Ղարաբաղյան կուսակցությունը առաջարկում է բանակցել ուղիղ Բաքվի հետ

Մինչ Ղարաբաղի գործող նախագահի թիմակիցները և նախկին նախագահների «դաշինքը» պնդում են, որ ստեղծված պայմաններում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն լինել չի կարող, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը առաջարկում է չհապաղել՝ անիրատեսական պահանջներ առաջ քաշելու փոխարեն պատասխանատվություն ստանձնել, «սկսել Ստեփանակերտ-Բաքու ուղղակի բանակցությունները», սկզբի համար «փորձել վստահություն ձևավորել»։

Ադրբեջանի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ հարաբերվելն է։ Բաբայանը, «որպես քաղաքական երկրորդ ուժ», այս ձևաչափին դեմ չէ։ Նա առաջարկում է խոսել փաթեթով՝ «նշել այն բոլոր կետերը, որոնք կողմերիս հետաքրքրության գոտում են, փոխվստահություն ձեռք բերել իրար նկատմամբ»։ Ըստ նրա՝ Արցախն իր քաղաքական ուժերի հետ պիտի ձևավորի այս փաստաթուղթը, առաջարկի Ադրբեջանին, Ադրբեջանն այն ուսումնասիրի ու առաջարկի իր տարբերակը․

«[Այդ փաստաթղթում] ոչ թե կարգավիճակ, Ղարաբաղի հարց կլինի, այլ փոխվստահություն։ Ես այս բառն իզուր չեմ օգտագործում՝ այս քայլերով մենք իրար վստահում ենք, սկսում ենք նոր փուլ, որտեղ արդեն և՛ կարգավիճակի հարցը, և՛ մյուս բոլոր խնդիրները կլինեն։ Եթե առաջին հարցում մենք իրար չենք հասկանում, այլևս դադարում ենք բանակցությունները և շարունակում խրամատավորվել», – «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում ասել է Բաբայանը։

Եթե Ստեփանակերտը չգնա այս ճանապարհով, եթե փոխվստահություն չձևավորվի, «30 տարի բանակցել ենք ոչնչի չենք հասել, 30 էլ բանակցելու ենք և էլի ոչնչի չենք հասնելու»։

Ղարաբաղի իշխանությունները և ընդդիմությունը (նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ միավորված նախկին ռուսաստանցի օլիգարխ Ռուբեն Վարդանյանի հետ) հակադիր կարծիքն ունեն․ «Երկուսն էլ առաջարկում են, որ պետք է միջազգային միջնորդ լինի, հավասարը հավասարի հետ նստենք, Ադրբեջանն էլ ասում ա՝ դուք ընդհանրապես ոչ մի կառույց-մառույց չպիտի ունենաք, մեր մի փոքր համայնքն եք։ Այսինքն՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունը»։

Նա չէ կարծում, որ Ադրբեջանը դեմ է ցանկացած բանակցությունների («վերջերը ԱՄՆ-ի առաջարկով պետք է լիներ բանակցություններ, արցախյան կողմը հրաժարվեց այդ բանակցություններից։ Ինչ-որ ձևի այդ բանակցությունները այսպես թե այնպես լինում է»), բայցև վստահ է, որ միջնորդավորված բանակցություններից (այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդության ֆորմատից) Բաքուն հրաժարվելու է։

Ստեղծված պայմաններում, ըստ Սամվել Բաբայանի, Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը պարզապես խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց։

«Խուսափելով պատասխանատվությունից՝ պահանջ ես դնում։ Դու էլ գիտես, որ դա չի լինելու, ինքն էլ։ Բայց դու մոռանում ես, որ 120 հազար մարդու համար պատասխանատու ես ներկա վիճակում, և պետք է խնդիրները լուծես։ Լավ, ի՞նչ եք անում, պատերա՞զմ եք անում, սկսենք պատերա՞զմ, թե՞ քաղաքական լուծման եք գնում։ Ես ասում եմ՝ քաղաքական լուծումը սա՛ է։ Իհարկե, քո ժողովուրդը [սրա համար] քեզ ճակատից չի պաչելու, որ դու 30 տարի ասել ես, թե անկախ ես, ու հանկարծ իրան բերել ես պարտության քո անխելքությամբ, ոչ կազմակերպվածությամբ, հիմա էլ դրել փաստի առաջ։ Բայց դո՛ւ պետք է ելք գտնես, ժողովուրդը չի կարող ելք գտնել», – շարունակել է ղարաբաղցի քաղաքական գործիչը։

Հարցին՝ ինչպես է իր դիրքորոշումն իրականացնելու, Բաբայանը պատասխանել է՝ «35 հազար մարդ ընտրել է Արայիկ Հարությունյանին, 35 հազար մարդ պետք է դուրս գա հրապարակ», եթե ժողովուրդը «ցանկանա, որ ես զբաղվեմ, պահանջի, որ ծառայեմ, ես կծառայեմ»։

Շրջափակված Ղարաբաղում արդեն ավելի քան կես տարի է՝ հումանիտար ճգնաժամ է, սահմանին պարբերաբար կրակում են։ Գործող իշխանությունը՝ արձագանքելով ընդդիմադիր ուժերի «ստվերային» քարոզարշավին, արգելել է հանրահավաքներն ու բողոքի ցույցերը։ Տեղացիները ահազանգում են՝ քաղաքական անորոշության պայմաններում Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի (և նրա հետ դաշնակցող նախկին նախագահների) և Սամվել Բաբայանի ներքաղաքական դիմակայությունը շարունակվում է։

տե՛ս
Ղարաբաղում պատասխանատվությունը կիսող խորհուրդ են ստեղծել

Քաղաքական խաղեր, մոսկովյան ոճ․ հանրահավաք Ստեփանակերտում

Ոչ հաստիքային ղարաբաղցիները կանչում են փողոց․ զրույցներ