Ղարաբաղի նախագահին կից ստեղծվել է լայն լիազորություններով հակաճգնաժամային խորհուրդ, որին անդամակցում են (այդ թվում) ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ ուղիղ եթերում պատմել է Տիգրան Պետրոսյանը։ Պետրոսյանը ղեկավարում է «Վաղվա Արցախ» կուսակցությունը․ աջակիցների հետ նա պարբերաբար բողոքի ցույցեր էր անում Ղարաբաղում հաստատված իշխանությունների, իսկ բլոկադայից հետո՝ նաև ռուս խաղաղապահների փաստացի անգործության դեմ։ Վերջին շաբաթներին բողոքի ակցիաները դադարել էին։
Պետրոսյանը բացատրել է՝ ղարաբաղյան իշխանությունների հետ որոշակի բանակցություններից հետո Խորհուրդ են ձևավորել, որի անդամներից է նաև ինքը։
Ըստ ստեփանակերտցի ընդդիմադիրի, խորհրդի հինգ անդամներին և նստավայրն անձամբ ինքն է ընտրել։ Թե ովքեր են, իրենից բացի, ընդգրկված այս խմբում՝ Պետրոսյանը չի ասել։
Խորհուրդն ունի իսկապես լայն լիազորություններ։ Դրանք ձեռք են բերվել «բազմաթիվ կոմպրոմիսների» արդյունքում՝ թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանությունների կողմից, ասել է Պետրոսյանը՝ առանց կոմպրոմիսների բովանդակությունը բահայտելու։
Հակաճգնաժամային խորհուրդը կարող է մասնակցել նախագահի կողմից հրավիրած Անվտանգության խորհրդի նիստերին, տարատեսակ խորհրդակցություններին և քննարկումներին՝ կարծիք հայտնելու, առաջարկություններ ներկայացնելու իրավունքով։
Խորհուրդը, ըստ Պետրոսյանի, մասնակցելու է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներին։
«Սա գլխավոր կետերից է, քանի որ շատերն են խոսում, որ գնում են, ծախում են և այլն, այսինքն հիմա այդ բանակցություններին մեզնից մեկը պարտադիր պետք է մասնակցի»,- նշել է ընդդիմադիրը։
Խորհրդի անդամները կարող են նաև գրավոր կարծիք, եզրակացություն կամ առաջարկություններ ներկայացնել՝ կապված կադրային քաղաքականության հետ․ «․․․Եթե խորհուրդը բացասական եզրակացություն ներկայացնի, բացառվում է այդ մարդուն այդ պաշտոնին նշանակելը»։
«Մենք կարող ենք նաև անկախ աուդիտ կազմակերպել, որը ստուգելու է հանրային հնչեղություն ստացած հակաօրինական գործառույթները», – հավաստիացրել է Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք իրավասու են նաև ստանալ գաղտնիք պարունակող տեղեկատվություն։
Ըստ Պետրոսյանի՝ բլոկադայի արդյունքում բազմաթիվ մարդկանցից խլվել են իրենց բիզնեսները․ «Որոշները բոլոկադայից օգտվելով շատ մարդկանց բիզնեսներ են խլել, լավ հարստանում են, այն մարդիկ էլ մնացել են անգործ։ Դրա վերջն էլ ենք տալու, արդեն որոշ քայլեր ձեռնարկվել են, որպեսզի էդ մարդիկ կարողանան իրենց տները պահել»։
Թե ինչո՞ւ է իշխանությունը համաձայնել այսքան լայն լիազորություններ տրամադրել հասարակական մի խորհրդին, որի կազմը բացահայտված չէ, պարզ չէ։
«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավարը ասում է՝ խոսակցություններ կան, որ Արայիկը [Հարությունյան] փորձում է կիսել պատասխանատվությունը։ Ընդդիմադիրն այս մեկնաբանությունների հետ համաձայն է։
«Փորձում է կիսել, այո։ Բայց եկեք հասկանանք, որ 2020 թվականից հետո դեպի վատն ենք գնում։ Հիմա փորձում է կիսել, թե՞ մենք ենք ձեռքից վերցնում՝ փաստն այն է, որ այսպես չի կարելի շարունակել։ Արայիկ Հարությունյանը իր մոտիկներին է պաշտոններին նշանակում, իսկ մենք իր մարդիկ չենք, այսինքն հակակշիռ ենք ստեղծվելու, և այդ լայն լիազորությունները մեզ թույլ են տալու կանխել բավականին մեծ, ոչ ցանկալի երևույթներ», – նշել է Պետրոսյանը։
Խորհրդի միջոցով փորձ է արվելու նաև բնակչության բարոյահոգեբանական վիճակը լավացնել՝ հավելել է նա։ Դրան հասնելու համար անհրաժեշտ կլինի գտնել և պատժել այն պաշտոնատար անձանց, որոնք ժամանակին օգտվելով իրենց պաշտոնական դիրքից օգուտներ են ստացել, այնուհետև փախել։
Որպես իր քաղաքական ուժի վերջնանպատակ Տիգրան Պետրոսյանը նշել է սահմանադրական ձևով իշխանափոխություն իրականացնելը․
«Պետությունը մազից է կախված, իսկ մարդիկ քարոզարշավով են զբաղված։ Խոսքը Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի մասին է։ Նախքան պատերազմը եղած ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի մրցակցությունը պառակտում առաջացրեց հանրության մեջ։
Հիմա էլ մի կողմից Արայիկ Հարությունյանն է, որին պետք է ստիպված որպես նախագահ պահենք, մյուս կողմից Ռուբեն Վարդանյանն է, որի կողքը կանգնած են Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան․․․ տարատեսակ բոցավառվող քաղաքական ուժեր և գործիչներ։ Կարելի է ասել, որ պառակտման մի նոր բույն է դրվում։ Ռուբեն Վարդանյանի ֆոնին էլ Սամվել Բաբայանն է կրկին ժողովներ անցկացնում։
Այսինքն երեք տեղից են սկսել պառակտել։ Սա շատ վատ է ընդունվում ժողովրդի կողմից»։
Հակաճգնաժամային խորհրդին նա միջնորդական դեր է վերագրում։
Պետրոսյանը Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին առաջարկում է լինել կոնստրուկտիվ, իսկ բանակցային գործընթացի, տնտեսության, բարոյահոգեբանական իրավիճակի լավացման հետ կապված տրամաբանական առաջարկությունների դեպքում՝ դիմել հակաճգնաժամային իրենց խորհրդին, որն էլ իր հերթին իշխանություններին կստիպի իրականացնել այդ առաջարկությունները։
Վերջում նա հայտարարել է, թե իր մասին «ապատեղեկատվությունն» օդում չի մնալու՝ նկատի ունենալով, հավանաբար, ընդդիմադիր դիրքերից հրաժարվելու և իշխանության հետ համագործակցության գնալու մասին մեղադրանքները։
«Գալու ենք՝ տեսնելու, թե այդ զրույցը որտեղից է ու պատժելու ենք։ Չենք թողնելու, որ Հայաստանի նման քաոս դառնա։ Ֆեյսբուքյան տիրույթում պանիկա տարածողներով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և ոստիկանությունը», – ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, թե ռազմական դրության պայմաններում կարելի է ավելի կոշտ քաղաքականություն վարել և նույնիսկ «դադարեցնել» որոշ ՀԿ-ների գործունեությունը։