Home / Հայաստան / Ստեփանակերտի հրապարակը հարցեր է բարձրացնում

Ստեփանակերտի հրապարակը հարցեր է բարձրացնում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արդեն երեք օր է՝ բողոքի ցույցեր են․ հանրահավաքի մասնակիցները պահանջում են կասեցնել Լաչինի միջանցքով երթուղու վաղաժամ փոփոխությունը, հետևել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, պատասխանատվության ենթարկել տեղական պաշտոնյաներին․․․

44-օրյա պատերազմից հետո Արցախում մի շարք քաղաքացիական շարժումներ են ստեղծվել։ Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ «Հայրենիքի ձայնը», «Արցախի կանչը» և «Արցախի ազգային-ազատագրական շարժումը» հետագայում միավորվել են՝ ստեղծելով «Արցախի փրկության շարժում», որին միացել են նաև «Իմ իրավունքը», «Հայ ընտանիք», «Աշխարհի հայեր», «Երկխոսության կամուրջ» շարժումները, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնը», անհատ քաղաքացիներ, մտավորականության խմբեր և այլն։

Վերածննդի հրապարակում են նաև «Արցախի հեղափոխական կուսակցության» ներկայացուցիչները։ Կուսակցության նախագահ, «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը Լաչինի միջանցքի խնդիրն առաջարկում էր բաժանել երկու մասի՝ արտաքին և ներքին։

Արտաքին մասին վերաբերող իր ելույթն Օսիպյանը ընթերցում էր ռուսերենով։

«Մենք պահանջում ենք հստակեցնել Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի խոսքերը, որը հայտարարել էր, թե ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ Լաչինի միջանցքի նոր երթուղին պատրաստ չլինի։

Մենք խնդրում և պահանջում ենք պարզաբանել, թե ինչ է նշանակում «քանի դեռ նոր միջանցքը պատրաստ չլինի» արտահայտությունը։ Եթե պաշտոնատար անձինք՝ Սելեզնյովը, գեներալ Վոլկովը կամ Ռուսաստանի այլ պաշտոնական ներկայացուցիչներ ասեն, որ դա նշանակում է՝ կլինի ստուգված ճանապարհ, ստուգված հող, ստուգված ասֆալտ, կոմունիկացիաներ, այսինքն գազը, ինտերնետը, էլեկտրաէներգիան անցկացված կլինեն նոր երթուղով, մենք կհանենք ռուսներին ուղղված բոլոր հարցերը, կհանենք այս պաստառները և մեր պայքարը կշարունակենք բացառապես ներքին կոնտեքստում, կզբաղվենք բացառապես ներքին հարցերով։

Իսկ եթե ճանապարհն, այնուամենայնիվ, մինչև օգոստոսի 25-ը կամ մինչև սեպտեմբերի 5-ը, ինչպես Ալիևն է ասել, փոխարինվի նոր երթուղով, այդ դեպքում մենք մեզ այլընտրանքային լուծումներ փնտրելու իրավունք կվերապահենք։ Մեզ հարցնում են՝ ի՞նչ է նշանակում այլընտրանքային։ Համարում ենք, որ դեռ վաղ է այդ հարցը քննարկել․․․ Մեր դիրքորոշումը հստակ է․ մենք ռուս խաղաղապահների դուրս բերման կամ փոխարինման հարց չենք դնում, մենք հստակ պահանջում ենք հետևել նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մասնավորապես՝ 6-րդ կետի մասով․․․ 

Բերձորի բնակիչները մեզ ասում են՝ խաղաղապահներից ոմանք նշում են, որ «մենք այստեղից չենք գնալու, նման հրաման չունենք, և եթե Բերձորում թեկուզ մեկ մարդ կա, մենք այստեղ ենք մնում»։ Խաղաղապահներից մյուսները ասում են, որ «ամսի 25-ին մենք պետք է գնանք»։ Դիմում ենք խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովին, որպեսզի նա ուշադրություն դարձնի այս հակասություններին․․․

․․․Հնարավոր է՝ Ադրբեջանը, օգտագործելով խաղաղապահ զորախմբի տարբեր սպաներին (կաշառման միջոցով և այլն), ինչ-որ կերպ իր նպատակներն է առաջ տանում։ Դրա վառ հաստատումն է այն, որ վերջերս ռուս խաղաղապահները Աղավնո էին թողել Ռուսաստանում արգելված հաքքըն․ազ լրատվական գործակալության գլխավոր խմբագրին․ նա եկել էր և ներկայացել որպես բրիտանացի լրագրող։ Ռուս խաղաղապահների այս գործողությունը հակասում է Ռուսաստանի շահերին։ Դիմում ենք Վոլկովին, որ ուշադրություն դարձնի․․․», – օգոստոսի 21-ի հանրահավաքին հայտարարել է Օսիպյանը։

Վկայակոչելով Եվրադատարանի կայացրած որոշումը, նա դիմել է Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին՝ «մինչև ռուսական խաղաղապահները պաշտոնապես չմոտենան ձեզ և չպահանջեն, որպեսզի դուք տարհանվեք, տեղներիցդ չշարժվե՛ք», «իսկ երբ ռուս խաղաղապահները գան և հայտարարեն, դա ինչ-որ ձև նկարահանե՛ք, թողեք այդ տեսահոլովակը լինի՝ որպես ապացույց», «դրանից հետո դուք կորոշեք՝ մնում եք, թե գնում եք»։

Եթե Լաչինի գործող միջանցքը փակվի, Արցախը մնալու է իզոլացիայի մեջ՝ նշել է Օսիպյանը․ «Անձամբ երկու անգամ գնացել եմ այդ ճանապարհով, դա ահավոր ճանապարհ է, ձմեռը չի աշխատելու»։ Ճանապարհի հայկական հատվածը դեռ սարքված չէ, կոմունիկացիաների հարցը մնում է անորոշ։ Չի բացառվում նաև, որ Ադրբեջանը նոր ճանապարհին անցակետեր որոշի դնել․ «Դուք պատկերացրեք՝ թուրքը զինված ԿՊՊ-ում կանգնած, մենք մեր ընտանիքով, երեխեքով գնում ենք՝ մոտներով անցնենք։ Ո՞նց ենք անցնելու»։

օգոստոսի 21-ի հանրահավաքից

Արցախի իշխանություններից նա թափանցիկություն է ակնկալում․

«Ո՞րն էր մեր պահանջը մեր չինովնիկներին։ Ասել ենք՝ դուրս եկեք, ժողովրդի առջև ներկայացրեք բանակցությունների մանրամասները։ Եթե այդ բանակցությունների մեջ որևէ խարդախություն չկա, և եթե այդ ամբողջ ընթացքին մեր թշնամին արդեն ծանոթ է, մեզնից՝ սեփական ժողովրդից, թաքցնելու իմաստը ո՞րն է։ ․․․Մեր երկրի լինել-չլինելու վերաբերյալ բանակցություններ են գնում թշնամու հետ՝ կասկածելի մարդկանց միջոցով, և մենք տեղյակ չենք»։

Artsakhspeaks-ի հետ զրույցում Օսիպյանը, որպես օրինակ, հիշատակել էր Լաչինի միջանցքով երթուղու վաղաժամ փոփոխության որոշումը․ «Ռուսական կողմը հայտարարում է, որ իրենք կապ չունեն․․․ Արցախյան իշխանությունները պատասխանատվոթյունը դնում են Հայաստանի իշխանության վրա, Հայաստանի իշխանությունը հերքում է․․․ Ալիևն էլ ասում է, թե Արցախի իշխանության հետ ենք պայմանավորվել։ Այսպիսի մի խառնաշփոթ վիճակի, ցիկլի մեջ ենք մտել․․․»։

Բերձորում մնացած ՀԷԿ-երն էլ, ըստ նրա, այժմ առանց ապամոնտաժվելու հանձնվում են Ադրբեջանին․ «ՀԷԿ-երից մեկը [գեներալ] Արշավիր Ղարամյանինն է, մյուսը՝ դաշնակներինը։ Բոլորը` մուլտիմիլիոնատերներ։ ․․․Նույն դաշնակները, որոնք թուրքի վրա ՀԷԿ են վաճառում, թող երգեր գրեն, չգիտեմ ինչեր ասեն․․․ Երբ հարցը փողին է հասնում, թշնամու հետ արիշ-վերիշ են անում»։

Օսիպյանի ղեկավարած ուժը 2020-ի նախագահական ընտրություններից առաջ պայքարում էր Արայիկ Հարությունյանի թեկնածության դեմ, ընտրություններից հետո՝ պահանջում նրա հրաժարականը։ Արցախի նախկին և ներկա իշխանություններին «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները մեղադրում են 30-ամյա թալանի, ժողովրդի հաշվին հարստանալու, պետությունը հարստահարելու, համատարած կոռուպցիայի, անգործության և ոչ կոմպետենտության մեջ։

«Մենք Արայիկ Հարությունյանի ձեռքը կրակն ենք ընկել։ Պատերազմից հետո նենց իրավիճակ է ստեղծվել, որ պետականությունը պահպանելու համար ստիպված թողնում ենք՝ ինքը մնա․․․ Ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւմն է վտանգը նոր ընտրությունների։ Բնականաբար, թշնամին փորձելու է ամեն ձև դրանց խոչընդոտել՝ նոր զոհերով, նոր Փառուխով, նոր Խրամորթով։ Ինքը չի կարա ընդունի ստեղի ընտրությունները»։

Հնարավոր լուծումներն, ըստ Արթուր Օսիպյանի, երկուսն են։ Առաջինը՝ համախմբվել հանուն միջազգային երաշխիքների (հասնել նրան, որ Ռուսաստանը և միջազգային հանրությունը երաշխավորեն արցախցիների ընտրելու իրավունքը), երկրորդը՝ թույլ չտալ, որ Արայիկ Հարությունյանը միանձնյա, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու որոշումներ կայացնի։ Երկու պարագայում էլ, ըստ Օսիպյանի, հանրային մեծ մոբիլիզացիա է պետք, չնայած «համատարած անվստահության մթնոլորտին» և Արցախում տարածված այն տրամադրություններին, թե «ամեն ինչ արդեն պրծած է, էլ պայքարելու իմաստ չկա»․․․

Անդրադառնալով Հայաստանին, որի աջակցությամբ էլ Արայիկ Հարությունյանը 2020-ին իշխանության եկավ, արցախցի ընդդիմադիրը նշել է․ «Նիկոլը Երևանում նստած, ասում է, թե փող եմ ուղարկում, ղարաբաղցիներին պահում։ Նիկո՛լ, փող ես ուղարկում՝ թալանչիներին պահում։ Ոնց որ կոռուպցիան պահպանել ես այստեղ (դա քո շնորհքն է, որ այդ ռեժիմը վերարտադրվել է), մինչև այսօր էլ իրենց ես սնում։ Կասկածելի է, թե ինչի՞ համար ես սնում։ Գուցե երժվածների-թալանչիների այդ բլոկը պահում ես, որ հարմար օպոզիցիա լինի՝ իշխանություն պահես․․․ Բայց ղարաբաղցիներին արդեն այ էստեղ ես հասցրել»։


օգոստոսի 22-ի հանրահավաքը