Կարլ ֆոն Կլաուզևիցը՝ թարգմանված ղարաբաղերեն
Խաղաղությունը պատերազմի շարունակությունն է այլ միջոցներով, և եթե Կարլ ֆոն Կլաուզևիցը սա չի շեշտել, հավանաբար՝ որովհետև համարել է ինքնըստինքյան հասկանալի և որովհետև ոչինչ չի իմացել ղարաբաղյան հակամարտության մասին։ Իր հետպատերազմական խաղաղությունում Հայաստանը պարտվում է նույն կերպ, ինչպես պարտվեց պատերազմում, և մոտավորապես նույն կերպ շարունակում է հաղթել Ադրբեջանը։
Վերջին սրացումը, ի տարբերությունը նախորդների, աչքի է ընկնում ոչ միայն ինտենսիվությամբ և ռազմադաշտային աշխարհագրության լայնությամբ։ Առաջին անգամ Բաքուն առանց դեսուդեն ընկնելու հասկացնել է տալիս, որ casus belli-ն ոչ թե ինչ-որ քարտեզագրական տարընթերցումների մեջ է, այլ ամենաբազային սկզբունքների, որոնց հիման վրա նա 2020 թվականի նոյեմբերին համաձայնել է կանգնեցնել Երևանի համար աղետալի պատերազմը։ Հարձակվելով Լաչինում՝ Բաքուն պահանջում է Ղարաբաղի տարածքից հայ զինծառայողների դուրսբերում, Լաչինի շրջանում Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհի երթուղու փոփոխում, Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա տրանսպորտային միջանցք։ Այս պահանջներից յուրաքանչյուրի հետևում սեփական ինտրիգն է կանգնած՝ Կլաուզևիցի ազատ մեկնության տրամաբանությամբ։
Հաղթանակի երևի թե հաջորդ օրվանից Ադրբեջանը՝ որպես իր գերազանցության հաստատում, սկսեց յուրացնել գրավված ավերակներն այնպես, կարծես նախատեսում էր այստեղ հերթական Եվրոպական խաղերն անցկացնել։ Միջազգային օդանավակայան Ֆիզուլիում, նոր թաղամասեր Շուշիում, կարմիր ժապավեններ, որ այստեղ-այնտեղ կտրում են նախագահն ու նրա տիկինը։ Հայաստանն էլ իր հետպատերազմական խաղաղությունն էր կառուցում՝ նույն անմխիթարությամբ, որով կռվում էր․ նա կունենար դրա լիակատար միջազգային իրավունքը, եթե այս պարագայում այն որևէ մեկին հուզեր։
Լաչինում այլընտրանքային ճանապարհի անցնել կողմերը 44-օրյա պատերազմից հետո պարտավորվել էին երեք տարի անց, այսինքն՝ դեռ մեկ տարի և երեք ամիս այստեղ ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ։ Ֆորմալ առումով ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ նաև Զանգեզուրում, որով և պետք է անցնի տրանսպորտային միջանցքը։ Եվ, ի դեպ, Հայաստանը ոչ մի տեղ չի խոստացել դրան արտատարածքային կարգավիճակ տալ, ինչպես հակված է մեկնաբանել Բաքուն։ Ի վերջո՝ Ղարաբաղում հայ զինծառայողները, որոնք պետք է դուրս բերվեին խաղաղապահ զորակազմի տեղակայմանը զուգահեռ։ Այս կապակցությամբ Երևանում պնդում են, որ Ղարաբաղում հայաստանյան զինծառայողներ չկան, միայն պայմանագրայիններ են։ Ղարաբաղցիներն էլ են հայ զինծառայողներ, հակադարձում են Բաքվում՝ հավելելով՝ ի՞նչ տարբերություն, թե որտեղ են այդ հրացանավոր մարդիկ աշխատավարձ ստանում, եթե Ղարաբաղի բյուջեն Հայաստանի բյուջեի ծախսային կետերից մեկն է։ Ինչը այդքան էլ այդպես չէ, բայց, ունենալով աննկուն ռազմական փաստարկ, Բաքուն չի էլ պատրաստվում միջազգային օրինապահություն իմիտացնել։ Նա միայն մեկ պատասխան ունի՝ վայ պարտվածներին։ Եվ նա, իրոք, իր համար ճիշտ է։ Որքան էլ Հայաստանը համոզի աշխարհին, ինքն է շարունակում զբաղեցնել Ղարաբաղից դուրս գտնվող նրա տարածքները, որի բնակիչները շատ տարիներ առաջ փախստական են դարձել։ Ադրբեջանի իշխանությունների համար սա ներքաղաքական ինքնահաստատման հարց է, տեսանելի ապագայում՝ արդեն գրեթե առհավետ։ Հանուն դրա Բաքուն պատրաստ է ցանկացած հարձակման և ցանկացած ծախսի՝ անգամ խանձված անապատում, որի բնակեցումը մոտակա ժամանակներում հավասարազոր է խոպանի յուրացման սխրանքի։ Սա մակերեսի վրա է և հասկանալի։
Բայց այդ մակերեսի վրա չկա հետևյալ հարցի պատասխանը․ ինչո՞ւ Հայաստանը նույնիսկ չէր սկսել այլընտրանքային ճանապարհի իր հատվածի շինարարությունը։ Եվ ինչո՞ւ, ներկա սրացման թուլանալուն պես, նոր ճանապարհի հայկական հատվածում վերջապես հայտնվեցին շինարարները։
Հարցը, կարելի է ասել, այլաբանական է։ Խնդիրը միայն ճանապարհը չէ։ 1994-ի ամենասկզբից երևանյան ոճը ստատուս քվոն պահպանելն է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այն, անգամ այսօր, երբ այն վատթարացել է և կարող է ղարաբաղցիների համար միանգամայն ողբերգական դառնալ։ Երևանում սա գիտեն, բայց կարծես թե շարունակում են վաղուցվա պատմությունը․ ցանկացած նոր իշխանություն, հասկանալով հանգուցալուծման էությունը, հետաձգում է այն՝ ժառանգելով հաջորդին, որը ևս անպայման այդ կարգի մի բան կմտածի։
2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնությունը ֆորմալ տեսանկյունից պայմանագիր չէ, անգամ զինադադար չէ։ Այն պարզապես ֆիքսված համաձայնություն է՝ կանգ առնել այստեղ և հիմա՝ պայմաններով, որոնք այն ժամանակ թվում էին ամենաանվիճարկելին և անվիճելին։ Երևանում այն որոշեցին անխորժությունների վերջը համարել, բայց Բաքվում այդ արդյունքները ընկալվեցին որպես միջանկյալ, հետաձգված և կիսատ։ Սպասված վրեժխնդրության հիացմունքը գրավել է և՛ իշխանություններին, և՛ քաղաքացիներին, «ամբողջը և միանգամից» թեզը քաղաքական թարգմանությամբ նշանակում է ճնշում Երևանի վրա՝ բոլոր ուղղություններով՝ և՛ սահմաններով, և՛ ռազմականով, և՛ միջանցքներով՝ Լաչինյան և Զանգեզուրյան։ Որպես շանտաժի գործիք՝ ղարաբաղցիների ճակատագիրը, որը գնալով ավելի ու ավելի է կախված միայն Բաքվի բարի կամքից։
Լաչինի այսօրվա ճանապարհը միայն տրանսպորտի մասին չէ, այլև ենթակառուցվածքների՝ գազամուղ, էլեկտրահաղորդման օդային գծեր, ինտերնետ, և այս ամենը, ճանապարհի հետ միասին, անցնելու է Բաքվի վերահսկողությանը․ նա է այժմ որոշելու՝ ինչով, ինչպես և երբ այդ ամենը փոխարինել։ Երևանը, որի ընտրությունը վատի ու վատագույնի մեջ էր (և այդ ընտրության մեջ միշտ չէր տեսանելի, թե ինչն է իրականում ավելի վատ), որոշեց առհասարակ ոչինչ չընտրել։
Դատելով Երևանի որոշ հայտարարություններից՝ հայկական իշխանությունները հրաշալի հասկանում էին, որ ժամանակ ձգելու փորձերին Բաքուն վաղ թե ուշ պատասխանելու է սրացմամբ, ընդ որում՝ ավելի լուրջ, քան նախորդները։ Նման դեպքերի համար կային ռուս խաղաղապահները, որոնք, ինչպես հույս ունեին Երևանում, բրուտալ զարգացումներ կամ թույլ չեն տա, կամ, եթե թույլ տան, պատասխանատվությունն իրենց վրա բարդելու հնարավորություն կընձեռեն․ այդ հնարավորությունը Երևանի համար գրեթե նույնքան կարևոր է, որքան սահմանների հարցը։ Ուստի՝ խաղադրույքը միայն տարածությունը չէ, այլև ժամանակը։
Ժամանակի և պրոցեսների սինխրոնիզացման գործոնը սկզբունքային է նաև Մոսկվայի համար, հատկապես ընթացիկ տարվա փետրվարից։ Ղարաբաղյան ինտրիգի սերմյագե նշանակությունը՝ վերահսկիչ, թեկուզ և Անկարայի հետ համատեղ, փաթեթն է որոշիչ կոմունիկացիոն հաբում՝ տարածաշրջանային գլխավոր սահմանների՝ Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և, հետևաբար, հարակից Մերձավոր Արևելքի հատման կետում։ Բայց Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո այս ամենը ստիպված եղան առկախել։ Սա մի կողմից։ Իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի հետ հարաբերություններն է՛լ ավելի երկիմաստ են դառնում։ Եվ խնդիրը միայն Իդլիբը չէ։ Թուրքիան Ռուսաստանի համար ոչ միայն պատուհան է (այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող) դեպի արտաքին աշխարհ, այլև Բոսֆոր, օրինակ՝ ռուսական ռազմանավերի կասկածելի տարանցման պես նուրբ միջոցառումների համար։ Այդպիսին լինելու պատվի դիմաց Թուրքիան կարող է սեփական գնացուցակը ներկայացնել։ Եվ ահա՝ Հայաստանի հյուսիսում, իրանական սահմանի մոտ, մայրուղու վրա, որը հիպոթետիկ Զանգեզուրյան միջանցքի մասն է կազմում, հանկարծակի ռուսական անցակետեր են հայտնվում․ շատերը սա դիտարկեցին որպես պատասխան ծառայություն՝ Մոսկվայից Անկարային, որը բոլորովին մտադիր չէր ուկրաինական պատերազմի պատճառով մի կողմ դնել տարածաշրջանում իր պլանները։ Միաժամանակ Բաքուն զգուշացնում է Երևանին Նախիջևանի և Թուրքիայի հետ կամրջվելու ևս մեկ հնարավորության մասին՝ Իրանով։ Սա, իհարկե, և՛ անհարմար է, և՛ ոչ այնքան իրատեսական քաղաքական տեսանկյունից։ Բայց այս մտահղացման համատեքստում Բաքուն, պատասխանելով Զանգեզուրյան ճանապարհի հարցում Հայաստանի մերժմանը, սպառնում է «Լաչինի հարցի» ռադիկալ լուծմամբ Ղարաբաղի և Հայաստանի կապը դարձնել լրիվ պայմանական։
Սա, իհարկե, բարդացնում է մոսկովյան խաղը, բայց բնավ չի դարձնում այն պարտելի։ Այո, ռուս խաղաղապահները անընդհատ ցուցադրում են իրենց անհամոզչությունը, բայց՝ միայն նրանց համար, ովքեր իրոք կարծում էին, թե նրանք կռվել ցանկացող կողմերի ռազմական զսպման համար են այնտեղ տեղակայվել։ Իրականում, որևէ մանդատ չունեցող ռուսաստանցի զինվորականները լավագույն դեպքում դիտորդներ և միջնորդներ են՝ հարցերը մաքոքային ձևով լուծող։ Տարօրինակ կլիներ այլ բան սպասել երկու տարի առաջ կայացված պայմանավորվածություններից, որոնց մշակմանը մասնակցում էր Թուրքիան։ Ուստի, առաջին հերթին, սա հեչ էլ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության նշանը չէ, երկրորդը՝ այդ կարգավիճակով նրանք ոչ ոքի չեն խանգարում։ Եվ եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ոչ Բաքուն, ոչ էլ Անկարան երեք տարի անց էլ որևէ պատճառ չեն ունենա՝ նրանց դուրսբերումը պահանջելու համար։ Առավել ևս, որ ոչ ոք չի կարող Մոսկվայի չափ համոզիչ կերպով համոզել Երևանին, որ ժամանակ ձգելու սահմանները սպառվում են և անհրաժեշտ է կամաց-կամաց սկսել Ղարաբաղում շրջանցիկ ճանապարհի կառուցումը։ Իսկ հետո աստիճանաբար կարելի է զբաղվել նաև ավելի գլոբալ կոմունիկացիաներով։
Բայց իրավիճակը փոխվում է՝ ոչ ի օգուտ Հայաստանի, որովհետև սակարկելու բան չի մնացել, իսկ Մոսկվային Ղարաբաղի կարգավիճակը հետաքրքրում է բոլորովին ոչ առաջնային կերպով․ նրան կգոհացնի ցանկացած կոմպրոմիս, որն ամեն դեպքում այլևս Բաքվի օգտին է լինելու։ Հայաստանը համաձայնել է օգոստոսի վերջին թողնել Լաչինը (կամ հայերեն՝ Բերձորը) և Զաբուխը (հայերեն՝ Աղավնո), որոնց բնակիչներին, ոչ առանց հայկական իշխանությունների մասնակցության, ավանդապես երկար ժամանակ անհիմն պատրանքներ էին տալիս։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը իր հսկողությանը կվերադարձնի փաստացի բոլոր տարածքները, որոնք Հայաստանը զբաղեցրել է 28 տարի առաջ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի և՛ քաղաքական, և՛ ռազմական ճնշման գլխավոր և միակ ուղղությունը այսուհետ կարող է լինել միայն ինքը՝ Ղարաբաղը։ Ղարաբաղի համար շատ թե քիչ մխիթարիչ հեռանկարների, որոնք առանց այդ էլ շատ չէին, քննարկման ժամանակը անցնում է։ Եվ, հավանաբար, հայկական իշխանություններին դրա պատասխանատվությունը որևէ մեկի վրա բարդել այլևս չի հաջողվի։
Վադիմ Դուբնով
ռուսերեն բնագիրը՝ «Էխո Կավկազա»-ում