Home / Բանակ / Միջանցքների մասին խոսակցությունները զուգորդվում են սահմանային կռիվներով

Միջանցքների մասին խոսակցությունները զուգորդվում են սահմանային կռիվներով

Ըստ պաշտոնական Ստեփանակերտի, առավոտյան 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ ԱԹՍ-ներ և նռնականետեր են կիրառել․ հայկական կողմը հաղորդել է 1 զոհի և 15 վիրավորների մասին։ Մեկ զոհի մասին էլ պաշտոնական Բաքուն է հայտարարել։

Օգոստոսի 1-ից սկսած իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարված է։ Արցախի իշխանությունները նախօրեին տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով պահանջ է ներկայացրել՝ Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Հայաստանի Անվտագության խորհրդի (ԱԽ) քարտուղարը համարում է, որ այս պահանջը լեգիտիմ չէ։

Լաչինի միջանցք

Արցախից Հայաստան երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը հակասում է 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հիշեցրել է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի մասին, ըստ որի՝ «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»:

ԱԽ քարտուղարի խոսքով, այս ընթացքում, իհարկե, որոշակի աշխատանք է կատարվել, բայց համաձայնեցված պլան այս պահի դրությամբ գոյություն չունի․ «Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, Արցախից Հայաստան երթևեկություն նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ պահանջը ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով է ներկայացրել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել։ Նիստում քննարկվել են «ստեղծված իրավիճակում քայլերն, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը»:

Բերձորը կամ Լաչինի միջանցքը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհն է։ 2020-ի զինդադարի հայտարարությամբ ամրագրվել էր, որ 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի (Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն) շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։ Պաշտոնական Երևանը հայտնել էր, նոր ճանապարհի կառուցման աշխատանքները դեռևս նախագծման փուլում են։

Թե ինչպես է կազմակերպվելու երթևեկությունը, եթե հայկական կողմից ճանապարհը դեռ պատրաստ չէ՝ պարզ չէ։

ԱԹՍ-ներ, զոհեր, վիրավորներ․ ի՞նչ է հայտնի սահմանային «լարվածության» մասին

Ըատ պաշտոնական Ստեփանակերտի, օգոստոսի 1-ի առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում սադրանքի են դիմել, շփման գիծը հատելու փորձերը կասեցվել են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների ուժերով։ «Թեժ մարտերի» մասին տեղեկությունները ՊԲ-ն հերքել է, լարվածությունը՝ հաստատել։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հարձակումը Գանձասարի, իսկ պաշտոնականով՝ Վանք համայնքի մեջ մտնող Նարեշտար գյուղի (Գանձասարից 20 կմ հեռու) ուղղությամբ է եղել։

Օգոստոսի 1-ին Ստեփանակերտը հաղորդել է ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողի վիրավորման մասին։ Հաջորդ օրը Հայաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմին է փոխանցել 10 օր առաջ Գեղարքունիքի սահմանային գոտում հայտնաբերված ժամկետային զինծառայողին։

Օգոստոսի 2-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ օգոստոսի 1-ին «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց հետևանքով վիրավորվել է ԼՂ զինված ուժերի ներկայացուցիչը»։ Ռուսաստանի ՊՆ-ն հավաստիացրել է, թե «ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կարգավորվել է ստեղծված իրավիճակը, շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»։

Այսօր առավոտյան իրադրությունը կրկին սրվել է։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի  հայկական ուժերի կրակից Լաչինում զինծառայող է զոհվել։ Ավելի ուշ Արցախի ՊՆ-ն տեղեկացրել է, որ առավոտյան ադրբեջանական կողմը նռնականետեր և ԱԹՍ-ներ է կիրառել ՊԲ դիրքերի ուղղությամբ․ 7 զինծառայող է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Քիչ հետո ՊԲ-ն հաղորդել է ևս 8 վիրավորների և 1 զոհի մասին․ ըստ հաղորդագրության, ժամը 15:00-ի սահմաններում շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել։

«ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ», – հավելել է Արցախի ՊՆ-ն։

Սահմանային լարվածության 2-րդ օրը հեռախոսազրույց են ունեցել, նախ, Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները, այնուգետև՝ նաև Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են եռակողմ հայտարարությունների «իրականացման որոշակի գործնական ասպեկտներ»։ Քիչ առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը զրուցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, ներկայացրել է վերջին օրերի «անվտանգային իրավիճակը», դատապարտել «եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության և իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը» և ընդգծել Մինսկի խմբի համանախագահ պետությունների հասցեական գնահատականների կարևորությունը։

Զանգեզուրի միջանցք

Սահմանային այս լարվածության ֆոնին Ադրբեջանի արտգործնախարարը օգոստոսի 2-ին կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» գործարկման անհրաժեշտության մասին։

«Միջանցքի» բացմանը աջակցել են նաև Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարարները։ Վերջինս հայտարարել է, թե «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» երկաթգծային միջանցքը՝ միանալով «Տրանսկովկասյան միջանցքին», կընդլայնի Չինաստանից դեպի Եվրոպա առևտրի աշխարհագրությունը, այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքը կկարողանա ապահովել Ասիայից Եվրոպա ամենակարճ ցամաքային երթուղին»։

Կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ բանակցություններն արդեն ամիսներ շարունակ ընթանում են միջանցք-ճանապարհ հակասության ներքո։ Նախիջևանը Ադրբեջանին կապող տրասնպորտային այս ուղին (անցնում է Մեղրիով) Բաքուն և Անկարան «Զանգեզուրի միջանցք» են անվանում։ Երևանը մշտապես առարկում է՝ «միջանցքային տրամաբանությամբ» հարցեր չեն քննարկվել և չեն քննարկվելու։

Ամիսներ առաջ Հայաստանը, իսկ ավելի ուշ՝ նաև միջնորդները (Մոսկվան և Բրյուսելը) հաստատեցին՝ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի ապաշրջափակվող ճանապարհները լինելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են։ Հատստավել է վերագործարկվելիք երկաթգծի երթուղին։ Հունիսի 9-ին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով։

Ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են։ Բաքուն շարունակում է պնդել «միջանցքի» վրա, երբեմն հրապարակավ սպառնում՝ եթե Հայաստանը անցակետեր տեղադրի Նախիջևանը Ադրբեջանին կապող՝ Մեղրիի ճանապարհին, ապա Ադրբեջանը անցակետեր կտեղադրի Լաչինի միջանցքում։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Լաչինի միջանցքի հետ զուգահեռելու փորձերը որեւէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։

Վերջին օրերին ակտիվացել են նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի շուրջ խոսակցությունները։ Էսկալացիայի առաջին օրը՝ օգոստոսի 1-ին, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը «կարևորել է կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը», պնդելով, որ ի հեճուկս պարտավորությունների՝ «Հայաստանը զինված ուժերը ամբողջությամբ դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից»։

 

թարմացում․ 18։20 — Վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է։ Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհվածների անունները՝ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյան և Արթուր Յուրիի Խաչատրյան։ Ղարաբաղում մասնակի զորահավաք է հայտարարվել։ Մանսրամասները՝ այստեղ։

թարմացում․ 19։20 — Ըստ Արցախի առողջապահության նախարարության, 14 վիրավորներ զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր։ ՔՊ պատագամավոր Վահագն Ալեքսյանյանի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը։ Մանրամասները՝ այստեղ։