Home / Բանակ / Մաքսակետ Զանգեզուրում/մաքսակետ Լաչինում․ Բրյուսելի հանդիպման նախաշեմին

Մաքսակետ Զանգեզուրում/մաքսակետ Լաչինում․ Բրյուսելի հանդիպման նախաշեմին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր Բրյուսելում էին։ Այցի հիմնական նպատակը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ նախ՝ առանձին-առանձին, ապա եռակողմ հանդիպումն էր։ Բրյուսելում Ալիևը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ում հետ համատեղ ասուլիսի ընթացքում «Զանգեզուրի միջանցքը» համեմատել է «Լաչինի միջանցքի» հետ և հայտարարել՝ մաքսակետեր այնտեղ չպետք է լինեն։

Ալիև

«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի մաքսակետերի տեղադրումը՝ վերահսկելու համար ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է», – հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը և ընդգծել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։

Ալիևը նշել է նաև, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է ոչ միայն Բաքվին, այլև Երևանին՝ Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։

Փաշինյան

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը՝ Իլհամ Ալիևի այս հայտարարությանն արձագանքելով, ֆեյսբուքի իր էջում գրել է Հայասանի վարչապետը։ «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»։

Ալիև-Միշել հանդիպման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ Իլհամ Ալիևը Շառլ Միշելի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանն ու հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։

Փաշինյան-Միշել հանդիպման մասին հայկական կողմի տարածած հաղորագրությունում գրված է, որ զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված՝ Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: 

Փաշինյան-Միշել-Ալիև եռկաողմ հանդիպումը դեռ չի սկսվել։