Home / Բանակ / Բաքուն հաղորդում է Լաչինում ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին

Բաքուն հաղորդում է Լաչինում ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է այսօր առավոտյան Լաչինում արձանագրված նոր միջադեպերի մասին․ ըստ Բաքվի, հայկական կրակոցներից ադրբեջանցի ժամկետային զինծառայող է զոհվել։

«Ադրբեջանի տարածքում գործող հայկական անօրինական զինված խմբավորումները, որոնք գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում, օգոստոսի 3-ի առավոտյան ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի՝ Լաչինի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը։ Ստացած հրազենային վիրավորման հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Անար Քյազիմովը», – հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Երևանն ու Ստեփանակերտը հաղորդմանը դեռևս չեն արձագանքել։

Հիշեցնենք՝ իրավիճակը արցախա-ադրբեջանական սահմանին օգոստոսի 1-ից լարված է։ Արցախի ՊՆ հաղորդմամբ, երկուշաբթի առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում սադրանքի են դիմել, փորձել են հատել շփման գիծը, ինչը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Նույն օրը Ստեփանակերտը հաղորդել է ՊԲ զինծառայողի վիրավորման մասին։

ՊԲ այսօրվա հաղորդագրության համաձայն, շփման գծի որոշ հատվածներում լարվածությունը դեռևս պահպանվում է։