Պաշտպանության բանակի հաղորդմամբ, օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»։
«Հայկական կողմից կորուստներ չկան։ Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», – ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ «զեկուցվել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակը», «նախագահը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել»:
Հանդիպմանը, ըստ Արցախի նախագահի մամուլի ծառայության, մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։
Հիշեցնենք, վերջին մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնական Երևանը պարբերաբար հերքում է հրադարարի խախտման մասին Բաքվի տարածած հաղորդագրությունները։
Նախօրեին Հայաստանի ՊՆ երկու, իսկ Արցախի ՊԲ-ն մեկ անգամ հերքել են Բաքվի հայտարարությունները, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նույն մեղադրանքները Բաքվից հնչել են նաև շաբաթ օրը և կրկին հերքվել։ Դրանից առաջ հայկական կողմն էր հաղորդել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին․ ռուս խաղաղապահներն ավելի ուշ հաստատել էին, որ ադրբեջանցիները իսկապես հինգշաբթի օրը Թաղավարդի ուղղությամբ խախտել են հրադադարը։
Ինֆորմացիոն այս ալիքի ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը ծառայողական խորհրդակցություն էր հրավիրել և «հրամայել պատրաստ լինել ցանկացած պահին անմիջապես և վճռական միջոցներով հակառակորդի կողմից սադրանքների փորձերը կանխելուն»։ Պաշտոնական Բաքվի այս հաղորդագրության մեջ նշվում էր, որ նույն խորհրդակցություն ընթացքում քննարկվել է նաև «իրավիճակը Ղարաբաղի տնտեսական գոտում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները»: