Ընդդիմադիր գործիչ, ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր, ընդդիմության միտինգների համար 1000 դրամով ուսանողներ հավաքագրելու մեջ մեղադրվող Ավետիք Չալաբյանն այսօր կալանավորվեց 3 ամսով։
Չալաբյանը հուլիսի 27-ից մինչ օրս ազատության մեջ էր, քանի որ կալանքի ժամկետը լրացել էր։ Այնուամենայնիվ, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն որոշեց 3 ամսով կալանավորել Չալաբյանին։
Դատախազը, միջնորդել էր գրավ կիրառել Չալաբյանի նկատմամբ, սակայն դատավորը մերժեց՝ պատճառաբանելով, որ բարձր է հավանականությունը, որ մեղադրյալը ազատության մեջ գտնվելով կարող է խախտել գործի քննությանը չխոչընդոտելու պարտավորությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին համացանցում գաղտնալսված մի ձայնագրություն էր տարածվել։ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը կազմակերպում էր ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր գործիչ, ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ։ Ընդդիմության միտինգներին 2000 ուսանող բերելու դիմաց ՈՒԽ նախագահին Չալաբյանն առաջարկում էր 2 միլիոն դրամ։
Ձայնագրության մեջ Չալաբյանը ՈՒԽ նախագահին ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ ՈՒԽ նախագահը ֆինանսներից է խոսում։ Ապա քննարկում են, թե ուսանողները ինչ ձևաչափով (դասադուլ, փողոց փակել) կարող են մասնակցություն ունենալ ցույցերին։
Էմմա Սարգսյանը և Ավետիք Չալաբյանը մայիսի 12-ին ձերբակալվել էին։ Հարուցվել էր քրեական գործ ՔՕ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին նպատակով նյութապես շահագրգռելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ)։ Մայիսի 14-ին Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: