Այսօր Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի կալանքից, հայտնում են վերջինիս փաստաբանները։
Երեկ կայացած առաջին դատական նիստին փաստաբանները լքել էին նիստերի դահլիճը, ինչի պատճառով նիստը պետք է շարունակվեր այսօր, սակայն Ավետիք Չալաբյանը առողջական խնդիրների պատճառով այսօր նույնպես չի ներկայացել դատարան։
Չալաբյանի կալանավորման ժամկետն այսօր լրանում է։ Վաղը դատարանը կշարունակի այսօր ընդհատված նախնական դատալսումները, որի ընթացքում կքննարկի նաև Չալաբյանի խափանման միջոցի հարցը
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին համացանցում գաղտնալսված մի ձայնագրություն էր տարածվել։ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը կազմակերպում էր ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր գործիչ, ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ։ Ընդդիմության միտինգներին 2000 ուսանող բերելու դիմաց ՈՒԽ նախագահին առաջարկում էին 2 միլիոն դրամ։
Ձայնագրության մեջ Չալաբյանը ՈՒԽ նախագահին ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ ՈՒԽ նախագահը ֆինանսներից է խոսում։ Ապա քննարկում են, թե ուսանողները ինչ ձևաչափով (դասադուլ, փողոց փակել) կարող են մասնակցություն ունենալ ցույցերին։
Էմմա Սարգսյանը և Ավետիք Չալաբյանը մայիսի 12-ին ձերբակալվել էին։ Հարուցվել էր քրեական գործ ՔՕ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին նպատակով նյութապես շահագրգռելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ)։ Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
«Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով իրականացվող հավաքներին ապահովել բազմամարդություն և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, նույն համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ», – ասվում էր Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:
Չալաբյանի փաստաբանները պնդում են, որ նոր Քրեական օրենսգրքում հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու դրույթը չկա։ Գաղտնի ձայնագրությունը փաստաբանները անթույլատրելի ապացույց են համարում՝ նշելով, որ հայտնի չէ դրա աղբյուրը։