Արմավիրի երկու բնակիչներ ձերբակալվել են ընդդիմության հավաքներին մասնակցելու համար մարդկանց «նյութապես շահագրգռելու» կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Երեկ՝ մայիսի 5-ին համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու հոգի հեռախոսով քննարկում են ընդդիմության հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը։
Պարզվել է, որ զրուցակիցները Արմավիրի մարզի՝ 1966 և 1967 ծնված բնակիչներ են։ Տվյալներ են ստացվել, որ ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, հավաքներին մասնակցելու նպատակով, գումար են առաջարկել, վերջինս էլ գումար է առաջարկել այլ մարդկանց։
Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրգործ, որի շրջանակներում էլ երկու արմավիրցիները ձերբակալվել են։