Ընդդիմության մայիսի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքին ընդառաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ միջոցառմանը մեծաթիվ քահանաներ են ներկա լինելու։ Այսօր լուրը պաշտոնապես հաստատվեց։
Ընդդիմության այսօրվա հանրահավաքին մասնակցելու մտադրության մասին հայտնել է Մայր Աթոռը՝ նշելով, որ հոգևորականները ներկա են լինելու հանրահավաքին՝ «հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար»։
Հայտարարությանը անդրադարձել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը․
«Մինչև 2018թ. մայիսը ընդդիմության որևէ հանրահավաքին, էլ չասեմ 2008թ մարտի 1-ին և դրանից առաջ չկար նման մտահոգություն, ունենալով առավել քան բավարար հիմքեր մտահոգության… Ուղղակի արձանագրում»։
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու տեր Եսայի քահանանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
– Մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։
Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:
Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար։
Իշխանական մամուլը երեկվանից գրում է, որ ընդդիմությունն իր ցույցին քահանաների է հրավիրելու, «նրանց թիկունքում թաքնված, բախումներ է հրահրելու ոստիկանության հետ՝ փորձելով նոր «Մարտի 1» կազմակերպել»։
շապիկի լուսանկարը՝ Կարեն Օհանյանի