Դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնիին։ Նա դատապատարվել է 9 տարի ազատազրկման «առանձնապես խոշոր չափերի մեքենայության» և «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» հոդվածներով։ Բացի այդ դատարանը տուգանել է Նավալնուն 1,2 միլիոն ռուբլու չափով։ Մեղադրող կողմը Նավալնու համար պահանջել էր 13 տարվա ազատազրկում։
Այս պահին հաստատված դատավճիռներով՝ Նավալնին բանտից դուրս է գալու 2032 թվականին՝ 56 տարեկանում։
Մեքենայության հոդվածով քրգործը Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։ Քննչական մարմինը պնդում է, թե Նավալնին անձնական նպատակներով է օգտագործել իր շտաբերին և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին (ФБК) ուղղված նվիրատվության մեծ մեծ մասը, ավելի կոնկրետ՝ 588 միլիոն ռուբլուց՝ 356 միլիոնը։
ФБК-ի նախկին տնօրեն, Նավալնու աջակից Իվան Ժդանովի խոսքերով՝ մեքենայության մասով քրգործի 4 դրվագներից յուրաքանչյուրը կապված է առանձին նվիրատվության հետ։ Նվիրատուներից երկուսը, ըստ Ժդանովի, դրածո են, իսկ մյուս երկուսը իրական նվիրատուներ են, որոնց, ճնշումների ենթարկելով, ստիպել են վկայություն տալ Նավալնու դեմ։
Բոլոր չորս «տուժածները» միասին Նավալնու կառույցներին նվիրաբերել են 2 693 503 ռուբլի։
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասով քրգործը ներառում է քաղբանտարկյալի 104 արտահայտություն, որոնք նա արել է 2021 թվականի սկզբին ընթացող դատական գործընթացի ժամանակ։ ՔԿ-ի պնդմամբ՝ Նավալնին վիրավորել է թե դատավորին, թե դատախազին, որի պապը Երկրորդ Համաշխարհայինի վետերան է։
Գործին կցվել են, ի թիվս այլի, գործչի հետևյալ արտահայտությունները․
- Ասեք խնդրեմ՝ Ձեզ հայտնի՞ է փաստն այն մասին, որ Դուք և Ձեր ընտանիքի անդամները կեղծել են Ձեր պապի փաստաթղթերը։
- Այստեղ մենք պարզում ենք կարևորագույն մոտիվ, կարևորագույն մոտիվ, թե ինչու է այս մարդը որոշել աևտուր անել իր պապով․․․
- Ձերդ գերազանցություն, Դուք խախտում եք օրենքը․․․
- Блин…
Ալեքսեյ Նավալնին, հիշեցնենք, ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։
Քրգործը, որի հիմքով օդանավակայանից տարել Ալեքսեյ Նավալնուն, բացվել է դեռևս 2012 թվականին։ Նավալնին ու նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել էր 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել էր շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնովյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։
Անցյալ տարվա սեպտեմբերին Նավալնու նրա կողմնակիցների դեմ քրեական գործ էր հարուցվել «ծայրահեղական խմբավորում» ստեղծելու համար։ Դրանից երկու օր անց գործիչն ինստագրամյան էջում գրել էր, որ իր բոլոր քրգործերով դատապարտվելու պարագայում նա ամենաուշը բանտից դուրս կգա 2051 թվականի գարնանը։ Նավալնին այդ ժամանակ կլինի 74 տարեկան։