Home / Դատարան / Նավալնիները գրկախառնվում են դատարանում

Նավալնիները գրկախառնվում են դատարանում

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնուն դատում են հերթական անգամ։ Այս անգամ՝ հենց իր կալանավայրում՝ Վլադիմիրի շրջանի Պոկրով քաղաքի բանտում։ Քաղգործչին այս անգամ մեղադրանք են առաջադրել երկու հոդվածներով՝ «առանձնապես խոշոր չափերի մեքենայություն» (4 դրվագով) և «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» (2 դրվագով)։ Դատին մասնակցելու թույլտվություն էր ստացել նաև քաղբանտարկյալի կինը՝ Յուլիա Նավալնայան։ Ամուսինների գրկախառնության տեսանյութը լայն տարածում է գտել սոցցանցերում։

https://twitter.com/novaya_gazeta/status/1493495047051952133

 

Մեքենայության հոդվածով քրգործը Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։ Քննչական մարմինը պնդում է, թե Նավալնին անձնական նպատակներով է օգտագործել իր շտաբերին և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին (ФБК) ուղղված նվիրատվության մեծ մեծ մասը, ավելի կոնկրետ՝ 588 միլիոն ռուբլուց՝ 356 միլիոնը։ ՔԿ-ն հավատացնում է, որ Նավալնին գումարը ծախսել է «անձնական նատակներով ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ և ունեցվածք ձեռք բերելու վրա»։

ФБК-ի նախկին տնօրեն, Նավալնու աջակից Իվան Ժդանովի խոսքերով՝ մեքենայության մասով քրգործի 4 դրվագներից յուրաքանչյուրը կապված է առանձին նվիրատվության հետ։ Նվիրատուներից երկուսը, ըստ Ժդանովի, դրածո են, իսկ մյուս երկուսը իրական նվիրատուներ են, որոնց, ճնշումների ենթարկելով, ստիպել են վկայություն տալ Նավալնու դեմ։

Բոլոր չորս «տուժածները» միասին Նավալնու կառույցներին նվիրաբերել են 2 693 503 ռուբլի։

Դեռևս հստակ չէ՝ կսահմանափակվի գործը հիշյալ չորս «տուժածներով», թե ի հայտ կգան նոր, «պահուստային» վկաներ։

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասով քրգործը ներառում է քաղբանտարկյալի 104 արտահայտություն, որոնք նա արել է 2021 թվականի սկզբին ընթացող դատական գործընթացի ժամանակ։ ՔԿ-ի պնդմամբ՝ Նավալնին վիրավորել է թե դատավորին, թե դատախազին, որի պապը Երկրորդ Համաշխարհայինի վետերան է։

Գործին կցվել են, ի թիվս այլի, գործչի հետևյալ արտահայտությունները․

  • Ասեք խնդրեմ՝ Ձեզ հայտնի՞ է փաստն այն մասին, որ Դուք և Ձեր ընտանիքի անդամները կեղծել են Ձեր պապի փաստաթղթերը։
  • Այստեղ մենք պարզում ենք կարևորագույն մոտիվ, կարևորագույն մոտիվ, թե ինչու է այս մարդը որոշել աևտուր անել իր պապով․․․
  • Ձերդ գերազանցություն, Դուք խախտում եք օրենքը․․․
  • Блин…

Քաղգործչի հերթական դատն առանձնանում է երկու հանգամանքով․ նախ՝ մեքենայության և անհարգալից վերաբերմունքի մասով քրգործերը քննվում են նույն գործընթացում, և երկրորդ՝ թեև գործը քննող դատարանի նստավայրը Մոսկվայում է, նիստն անց է կացվել հենց քաղբանտարկյալի կալանավայրում՝ Պոկրովում։

Տարբեր քրգործերի միացումը, ըստ Նավալնու փաստաբան Օլգա Միխայլովայի, թեև տարօրինակ է, սակայն տեղավորվում է օրենքի մեջ։ Նման որոշում, ըստ փաստաբանի, կարող է կայացվել, եթե կա անհրաժեշտություն։

Ինչ վերաբերում է դատական նիստը կալանավայրում անցկացնելուն, այստեղ ևս տեխնիկապես որևէ օրենքի խախտում չկա, սակայն Նավալնու աջակիցները կարծում են, որ այս քայլը նպատակ ունի բարդացնել դատական գործընթացի լուսաբանումը։ Թեև դատական նիստն ինքնին բաց գործընթաց է, հենց կալանավայրում հայտնվելը շատ ավելի բարդ է։ Լրագրողներին, ամեն դեպքում, տրվել է մուտքի թույլտվություն, թեև սահմանափակ թվով։ Սա իշխանությունների կողմից բացատրվել է կորոնավիրուսի համավարակով։

Այս պահի իր հաստատված դատավճիռներով՝ Նավալնին բանտից պետք է դուրս գա 2023 թվականի աշնանը։ Մեքենայության մեղադրանքով դատաարտվելու պարագայում գործչին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Եվս մի քանիամսվա ազատազրկում կարող է սպառնալ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքի հաստատման դեպքում։

Ալեքսեյ Նավալնին, հիշեցնենք, ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։

Քրգործը, որի հիմքով օդանավակայանից տարել Ալեքսեյ Նավալնուն, բացվել է դեռևս 2012 թվականին։ Նավալնին ու նրա եղբար Օլեգը մեղադրվում են գումարների շորթման մեջ։ Ռուսական դատարաններում եղբայրները մեղավոր էին ճանաչվել։ Ալեքսեյը ստացել էր 3․5 տարվա պայմանական, իսկ Օլեգը՝ նույն ժամկետով իրական ազատազրկում։ 2017 թվականին ՄԻԵԴԸ-ը վճռել էր, որ գործի քննությունը վարվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, իսկ ռուսական դատարանի վճիռն անհիմն է և կամայական։ Եվրոպայի բարձրագույն դատարանը Ռուսաստանին պարտադրել էր շուրջ 2 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել Նավալնուն։ 

Ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո՝ փետրվարի 2-ին, սակայն, Սիմոնովյան շրջանի դատարանը ՄԻԵԴ-ի կողմից շինծու որակված գործով վճռել է Նավալնու պայմանական ազատազրկումը փոխել իրականի։

Անցյալ տարվա սեպտեմբերին Նավալնու նրա կողմնակիցների դեմ քրեական գործ էր հարուցվել «ծայրահեղական խմբավորում» ստեղծելու համար։ Դրանից երկու օր անց գործիչն ինստագրամյան էջում գրել էր, որ իր բոլոր քրգործերով դատապարտվելու պարագայում նա ամենաուշը բանտից դուրս կգա 2051 թվականի գարնանը։ Նավալնին այդ ժամանակ կլինի 74 տարեկան։