Ալեքսեյ Նավալնու տարածաշրջային շտաբերի ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը հայտարարել է փետրվարի 14-ին սպասվող նոր համառուսական ակցիայի մասին։ Նավալնու թիմն առաջարկում է երեկոյան դուրս գալ բակ, միացնել հեռախոսի լապտերն ու բակում կանգնել մի քանի րոպե։
Как мы справляемся с работой в нынешних условиях и что планируем делать дальше? https://t.co/qvPjEXdFcB
— Leonid Volkov (@leonidvolkov) February 8, 2021
«Կարելի է նաև մոմեր վերցնել, ու դրանցով, ասենք, սրտիկ նկարել (փետրվարի 14-ն է վերջիվերջո)։ Լուսանկարեք դա վերևից՝ բնակարաններից մեկից, ու տեղադրեք Ինստագրամում։ Թող սոցցանցերի լրահոսը լցված լինի հազարավոր վառվող սրտիկներով՝ Ռուսաստանի տասնյակ քաղաքներից», – իր տելեգրամ ալիքում գրել է Վոլկովը։
«Դուք մի քիչ կկանգնեք, հետո ձեզ մոտ կիջնի ձեր հարևաններից մեկը։ Մտածում էիք այդ ողջ շենքում միա՞կն եք, ով անտարբեր չէ երկրում ստեղծված իրադրության նկատմամբ։ Կտեսնեք, որ այդպես չէ։ Կծանոթանաք ոգով ձեզ մոտ հարևանների հետ, միասին ավելի ջերմ կլինի», – վստահեցնում է Վոլկովը։
Նրա խոսքով, ակցիան ընդհամենը 15 րոպե կարող է տևել, և հրապարակներ դուրս գալու կարիք չկա։ «Ոչ մի ուժայիններ, ոչ մի վախ։ Գուցե ձեզ թվա, որ այդ 15 րոպեն ոչինչ չի փոխի, բայց իրականում դա կփոխի ամեն ինչ», – գրում է Վոլկովը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վոլկովը հայտարարել էր, որ փողոցային ակցիաները դադարեցվում են մինչև գարուն, քանի որ այժմ զանգվածային ձերբակալությունների պատճառով ակտիվությունը կարող է անկում ապրել, իսկ Նավալնու թիմի աշխատանքն արգելափակվել՝ աշխատակիցների նկատմամբ վարչական ու քրեական հետապնդումների պատճառով։
Այս որոշման հետ համամիտ էին ոչ բոլորը։ Ընդդիմության աջակիցների մի մասը պնդում էր, որ Վոլկովն այսպիսով «ջրում է ցույցերն» ու անհիմն դադարեցնում Նավալնու ազատ արձակման պահանջով բողոքի ալիքը։ Ոմանք պնդում էին, որ անկախ ամեն ինչից ցույցերը պետք է շարունակել։
Reuters գործակալության փոխանցմամբ, երեկ Լեոնիդ Վոլկովը և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ՖԲԿ) գործադիր տնօրեն Վլադիմիր Աշուրկովը տեսակոնֆերանս են ունեցել Եվրամիության, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Վոլկովն ու Աշուրկովը բնակվում են արտերկրում։
Թե կոնկրետ ում հետ են խոսել Նավալնու թիմակիցները, հստակ հայտնի չէ։ Օնլայն հանդիպումը կազմակերպել էր Եվրամիությունում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը։
Շուրջ երկու ժամ տևած զրույցում քննարկվել է արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունն ու հնարավոր պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները եվրոպացի երեք դիվանագետներին persona non grata էին ճանաչել։ Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, ըստ ՌԴ արտգործնախարարության, մասնակցել են հունվարի 23-ի բողոքի ցույցերին՝ ի աջակցություն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու։ Դեսպանների արտաքսումից հետո Լեհաստանը, Շվեդիան և Գերմանիան Ռուսաստան են վտարել հյուպատոսությունների մեկական ներկայացուցիչների։
We have informed the Russian Ambassador that a person from the Russian embassy is asked to leave Sweden. This is a clear response to the unacceptable decision to expel a Swedish diplomat who was only preforming his duties.
— Ann Linde (@AnnLinde) February 8, 2021