Home / Բանտ / Խուզարկություններ Նավալնու աջակիցների բնակարաններում

Խուզարկություններ Նավալնու աջակիցների բնակարաններում

Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու և նրա աջակցության համար անց կացվող ակցիաների կազմակերպման հետ առնչվող մարդկանց բնակարաններում։ Նավալնու դաշնակիցները հայտնում են, որ խուզարկությունները կապված են քրեական գործերի հետ, որոնք հարուցվել են հունվարի 23-ի բողոքի ցույցերի ժամանակ հակահամաճարակային կանոնների խախտման գործով։

Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները երեկ խուզարկություն են իրականացրել Ալեքսեյ Նավալնուն պատկանող երկու բնակարաններում, որոնցից մեկում բնակվում է ընդդիմադիր գործչի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, մյուսում՝ կինը՝ Յուլիա Նավալնայան։

Վերջինս հրաժարվել է բացել դուռն ու խոսել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ առանց իր փաստաբան Վերոնիկա Պոլյակովայի։ Ոստիկանները, սակայն, կոտրել են կողպեքն ու ներխուժել բնակարան՝ Պոլյակովային ներս չթողելով։ Մինչև ուշ գիշեր տևած խուզարկությունից հետո առգրավել են տանը գտնվող բոլոր համակարգիչներն ու հեռախոսները։

https://twitter.com/MBKhMedia/status/1354447640193347584?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1354447640193347584%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Frussian%2Fnews-55819380

Ալեքսեյ Նավալնու եղբորը՝ Օլեգ Նավալնուն, բերման են ենթարկել հակահամաճարակային կանոնները խախտելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ՖԲԿ) տնօրեն Իվան Ժդանովը։

Նավալնու տան մոտակայքում բերման է ենթարկվել նաև Իլյա Պահոմովը՝ Ալեքսեյ Նավալնու օգնականը։ Նրան ամբողջ գիշեր պահել են Վնուկովոյի ոստիկանական բաժանմունքի մեկուսարանում։ Արձանագրություն է կազմվել հունվարի 17-ին՝ Նավալնու վերադարձի օրը, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով։

Օլեգ Նավալնու մոտ խուզարկություն սկսելու լուրից կարճ ժամանակ անց ՖԲԿ-ի իրավաբան Լյուբով Սոբոլը հայտնել է, որ խուզարկություն է սկսվել նաև «Նավալնի լայվ» ալիքի գրասենյակում։ Ավելի ուշ Իվան Ժդանովի փոխանցմամբ, ուժայինները խուզարկում էին նաև ՖԲԿ գրասենյակը։

Խուզարկությունիւց հետո Լյուբով Սոբոլի հետ միասին ոստիկանները գնացել են իրավաբանի բնակարան, խուզարկություն են իրականացրել և կալանավորել Սոբոլին՝ հակահամաճարակային կանոնները խախտելու համար։

Ալեքսեյ Նավալնու մամուլի քարտուղար, արդեն իսկ անազատության մեջ գտնվող Կիրա Յարմիշին մեկուսարանից տարել են իր տուն, խուզարկել բնակարանն ու նորից մեկուսարան տարել։ ՌԴ օրենսդրության համաձայն, առանց բնակարանի սեփականատիրոջ ներկայության խուզարկություն իրականացնելն արգելվում է։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունների բաժնի աշխատակից Գեորգի Ալբուրովը ևս անազատության մեջ է։ Ալբուրովի ընկերուհու՝ Աննա Վելիկոկի փոխանցմամբ, իրենց համատեղ բնակարանում արված խուզարկությունից հետո ուժայինների ներկայացուցիչներն առգրավել են բոլոր հին ու նոր համակարգիչներն ու հեռախոսները, որոշ գրքեր, 2013 թվականից մնացած Նավալնու քարոզարշավների թռուցիկներ։

https://twitter.com/MBKhMedia/status/1354463085533265925?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1354463085533265925%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Frussian%2Fnews-55819380

Խուզարկություններ են իրականացվել նաև հնգօրյա կալանքի տակ գտնվող, Նավալնու մոսկովյան շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովի բնակարանում։ Վերջինիս հոր փոխանցմամբ, տնից մեկ հեռախոս և մեկ այփադ են առգրավել։

ՖԲԿ-ի հետ համագործակցող «Բժիշկների ալյանս» կազմակերպության ղեկավար Անաստասիա Վասիլյևային ոստիկանները սրճարանից ստիպողաբար ուղեկցել են տուն՝ հարցաքննության և խուզարկության համար։ Մինչ իրավապահները տակնուվրա էին անում Վասիլյևայի բնակարանը, վերջինս ֆորտեպիանո էր նվագում։

https://twitter.com/exCheremnova/status/1354479835326914563?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1354479835326914563%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Frussian%2Fnews-55819380

Խուզարկությունից հետո ուշ գիշերը ոստիկանները Վասիլևային բերման են ենթարկել։ Այժմ նա կալանավորված է 48 ժամով՝ հակահամաճարակային կանոնների խախտման մեղադրանքով։

Նույն հոդվածով ու նույն ժամկետով կալանավորվել է նաև Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինան, ով օրերս արդեն տուգանվել էր՝ հունվարի 23-ի բողոքի ցույցերին մասնակցելու կոչերի համար։ «Մեդիազոնայի» հետ զրույցում Ալյոխինան հայտնել է, որ իր տնից առգրավել են միայն դստեր արտասահման մեկնելու անձնագիրը։

Գիշերը խուզարկել են նաև մունիցիպալ պատգամավոր Լյուսիա Շտեյնի բնակարանը։

Ժամեր շարունակ չէր հաջողվում կապ հաստատել ակտիվիստ Կոնստանտին Կոտովի հետ։ Վերջինս տնից դուրս էր եկել խանութից իր պատվերը վերցնելու նպատակով։ Խանութ չի էլ հասել։ Ավելի ուշ «ՕՎԴ ինֆո» իրավապաշտպանական նախագծի աշխատակիցները հայտնել են, որ ըստ Կոտովի հեռախոսի գեոլոկացիայի, ակտիվիստը Վնուկովո օդանավակայանում է։ Կոտովին գիշերը պահել են օդանավակայանի մեկուսարանում՝ Նավալնուն դիմավորելու օրը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։

https://twitter.com/OvdInfo/status/1354460535161577479?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1354460535161577479%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Frussian%2Fnews-55819380

Չորս ժամ խուզարկություն են իրականացրել նաև «Մեդիազոնայի» գլխավոր խմբագիր Սերգեյ Սմիրնովի բնակարանում։ Առգրավել են միայն կոշտ սկավառակը։

Խուզարկել են նաև «Քաղաքացիական հասարակություն» կազմակերպության մամուլի քարտուղար, անազատության մեջ գտնվող Եգոր Իլյուշկինի, մունիցիպալ պատգամավոր Յուլիա Գալյամինայի շտաբի մամուլի քարտուղար Նիկոլայ Կասյանի, Ռուսաստանի Ազատականների կուսակցության անդամ Իգոր Եֆրեմովի, «Ազատություն Ռուսաստանին» տելեգրամ ալիքի հիմնադիր Ալեքսանդրա Կալիստրատովայի բնակարաններում։ Վերջինիս 10 օրով կալանավորել են՝ բողոքի ակցիա կազմակերպելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ հունվարի 23- ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր էին։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ սատարելու մահափորձից հետո Ռուսաստան վերադարձած և օդանավակայանից ձերբակալված Ալեքսեյ Նավալնուն։

ՕՎԴ-ինֆոն ամփոփել է հունվարի 23-ի ցույցերը.

Ձերբակալվել է 4002 քաղաքացի Ռուսաստանի 125 քաղաքներից։ Ամբողջական ցանկը կարելի է նայել այստեղ։

Ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նվազագույնը 70 մարդ 23 քաղաքներից։

Ձերբակալվել է նվազագույնը 195 անչափահաս, ոմանք ծեծի են ենթարկվել։

18 քաղաքներում բերման է ենթարկվել 49 լրագրող, որոնցից ոմանք ծեծի են ենթարկվել, ոմանց հավաքագչրած նյութերն առգրավվել են։

Կալանավորվածների մեծ մասին մեղադրանք է առաջադրվել ակցիայի մասնակցելու կանոնների խախտման, հակահամաճարակային կանոնների ոտնահարման, քաղաքային ենթակառուցվածքների աշխատանքին խոչընդոտելու հոդվածներով։ Այս տեսակ մեղադրանքների համար բերման ենթարկվածներին կարող են տուգանել 10-300 հազար ռուբլի կամ անազատության մեջ պահել 15-30 օր։

Հիշեցնենք, որ Նավալնու դաշնակիցները հաջորդ զանգվածային համառուսական բողոքի ակցիան նախատեսում են իրականացնել հունվարի 31-ին։