Գերմանական Sueddeutsche Zeitung ամսագիրը հայտնում է, որ Գերմանիայի իշխանություններն ուսումնասիրել են Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնու թունավորման գործով ինքնուրույն հետաքննություն սկսելու հարցը։ Խորհրդակցությունից հետո իրավաբանները հայտարարել են, որ երկրի օրենսդրությունը նման հնարավորություն չի ընձեռնում։
Հրատարակչության աղբյուրները հայտնում են, որ Գերմանիայի Դաշնային հանրապետության հրավիրած փորձագետները եզրակացրել են, որ քրեական գործ երկրում հարուցվել չի կարող, քանի որ հնարավոր հանցագործությունը տեղի է ունեցել երկրի սահմաններից դուրս։
Նման դեպքրը հետաքննել հնարավոր է միայն այն դեպքերում, երբ դրանց վրա տարածվում է ունիվերսալ արդարադատության սկզբունքը, օրինակ, ռազմական հանցագործությունների պարագայում։ Նավալնու դեպքը, սակայն, փորձագետների պնդմամբ, այդպես որակավորել հնարավոր չէ։
Այսպիսով, միակ երկիրը, որն իրավասու է հետաքննություն սկսել ընդդիմադիր գործչի թունավորման գործով, մնում է Ռուսաստանը, քանի որ պոտենցյալ հանցագործությունը տեղի է ունեցել հենց Ռուսաստանի դաշնության տարածքում
Հրատարակչության փոխանցմամբ, Գերմանիայում քրեական գործ կարող էր հարուցվել Նավալնու մահվան կամ առողջական վիճակի վատթարացման դեպքում, քանի որ այդ ժամանակ հանցագործության վերջնական արդյունքը կգրանցվեր հենց Գերմանիայի տարածքում։ Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, հավանական չէ, քանի որ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակն աստիճանաբար լավանում է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում։ Նավալնուն կոմայի մեջ տեղափոխել են Օմսկի համար մեկ հիվանդանոց։ Նա դաշնակիցները վստահ էին, որ առողջության կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է։ Օմսկի հիվանդանոցի բժիշկները ընդդիմադիր գործի մոտ նյութափախանակության խանգարում են ախտորոշել՝ առանց մանրամասնելու դրա պատճառը։
Նավալնու ընտանիքը պահանջում էր թույլտվություն տրամադրել արտերկրում բուժման համար։ Գերմանիայից ժամանած բժիշկներին Օմսկի հիվանդանոցը տեղափոխման թույլտվություն չէր տալիս՝ դա բացատրելով Նավալնու վիճակի ծանրությամբ։ Օգոստոսի 22-ին, սակայն, հաջողվեց հատուկ ինքնաթիռով Նավալնուն տեղափոխել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց։
Սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ ըստ հետազոտությունների արդյունքների Նավալնու օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի տոքսին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնությունում թունավորման հետ կապված հետաքննություն չի սկսվել։ Պատկան մարմինները պնդում են, որ դրա համար անհրաժեշտ հիմքեր չկան։ Ալեքսեյ Նավալնու առգրավված իրերը ոստիկանությունը դեռևս չի վերադարձնում, նշելով, որ հետաքննություն սկսելու դեպքում դրանք կարող են օգտագործվել որպես իրեղեն ապացույցներ։