Գերմանական Der Spiegel ամսագիրն` հղվելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ալեքսեյ Նավալնու հյուրանոցային ջրի շշի վրա «Նովիչոկ» խմբի նյութ է հայտնաբերվել։
Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո Նավալնու գործընկերները կապնվել են Տոմսկի իրենց շտաբի աշխատակիցների և հետաքննական ֆիլմի վրա աշխատանքները շարունակող Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ներկայացուցիչերի հետ։ Վերջիններս փաստաբանի ուղեկցությամբ բարձրացել են Նավալնու հյուրանոցային համար․ «Ամեն ինչ սկսեցին ֆիքսել, նկարագրել ու փաթեթավորել։ Այդ թվում՝ նրա ջրի շիշը», — ասված է Նավալնու ղեկավարած «Կոռուպցիայի դեմ պայքարի» հիմնադրամի հայտարարության մեջ։
Հյուրանոցային համարը դեռևս չէին հանձնել։ Մաքրման աշխատանքները պետք է սկսեին ժամը 10-11-ի կողմեր, այսինքն՝ այցից հետո միայն։ Նավալնու թիմակիցները հասցրել են նրա հյուրանոցային համարից դուրս հանել հնարավոր բոլոր իրերը, ինչը տեսաձայնագրվել է։
https://www.instagram.com/p/CFOnffrHZ0d/
«Նովիչոկի» մշակմանը մասնակցած գիտնականներից Վլադիմիր Ուգլյովը, սակայն, վստահ է, որ եթե թույնը Նավալնու օրգանիզմում հայտնվեր ջրի հետ, ապա ընդհամենը մի քանի րոպեից նա «տենդային ցնցումների մեջ կլիներ»։
Ալեքսեյ Նավալնու մոտ արձանագրված ախտանշաններն ու նրա առողջական վիճակի վատթարացման դինամկիան ուսումնասիրելով՝ Ուգյլովը կարծում է, որ թույնը նրա օրգանիզմ է մտել մաշկի հետ շփման միջոցով։ Շփման մակերևույթը դեռևս պարզ չէ։ Հյուրանոցից «առգրավված» մյուս իրերի վրա «Նովիչոկի» հետքերի հայտնաբերման մասին տեղեկություններ չկան։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը Գերմանիայի կողմից հայցադիմում է ստացել Նավալու թունավորման վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։ Համապատասխան նմուշառում է իրականացվել, կատարվում է բիոնյութի անալիզ՝ դրանում «Նովիչոկի» առկայությունը հաստատելու համար, հայտնում են Հաագայից։ Արդյունքները կհայտնեն պաշտոնական Բեռլինին։ Ավելի վաղ Նավալնու՝ «Նովիչոկ» խմբի նյութով թունավորման փաստը հաստատել էին Ֆրանսիայում և Շվեդիայում տեղակայված լաբորատորիաները։
Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկում են սառեցնել Ալեքսեյ Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունների հերոսների եվրոպական հաշվեհամարները։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բանաձևի ծրագրում, գրում է DW-ն։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև մտադիր են միջազգային հետաքննություն սկսել Նավալնու թունավորման գործով՝ ներգրավելով ԵՄ֊ին, ՄԱԿ֊ին, Եվրոպայի խորհրդին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը։