Home / Ապատեղեկատվություն / Նավալնուն թունավորել են ռուսական հայտնի թույնով

Նավալնուն թունավորել են ռուսական հայտնի թույնով

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները հաստատել են ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Վլադիմիր Պուտինի հիմնական հակառակորդ  Ալեքսեյ Նավալնու թունավորման վարկածը։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝  կոմայի մեջ։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Գերմանիայում արված կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ Նավալնու մոտ խոլինէսթերազի ինհիբիտորների ինտոկսիկացիա է։

Վերոհիշյալ տոքսինը օգտագործվում է Ալցհեյմերի ու դեմենցիայի բուժման մեջ, նաև՝ որոշ տեսակների քիմիական զենքերում։ Ացետիլխոլինէսթերազի ինհիբիտորների խմբին է պատկանում նաև հայտնի ռուսական «Նովիչոկ» ագենտը, որով Մեծ Բրիտանիայում թունավորել էին  Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին։

Այս խմբի ագենտները հիմնականում մշակվում են հեղուկ վիճակում, բայց կարող են կիրառվել նաև աէրոզոլի տեսքով․ նյութը օրգանիզմ կարող է անցնել շնչառական ճանապարհով, նաև՝ աչքերով կամ մաշկով։

«Պացիենտն այժմ անթրոպինային բուժում է ստանում։ Ինչպիսին կլինի ելքը՝ դեռևս պարզ չէ։ Չեն բացառվում հնարավոր երկարատև հետևանքները նյարդային համակարգի վրա», — ասվում է «Շարիտե»֊ի տարածած հայտարարության մեջ։

Տոմսկ֊Մոսկվա ինքնաթիռում Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողության կտրուկ վատթարացման, Օմսկում ինքնաթիռի արտահերթ վայրէջքի, նրա հոսպիտալացման և բուժող բուժաշխատակազմի անորոշ հայտարարությունների մասին, որ տրվում էին ուժայինների շուրջօրյա հսկողության ներքո, մանրամասն՝ այստեղ։

Թունավորման վարկածը քողարկող՝ ռուսասանցի բժիշկների ախտորոշումների և արտերկիր տեղափոխվելու նախնական արգելքի մասին՝ այստեղ։