Home / Բանտ / Չնախատեսված խուզարկություններ․ ԱՆ-ը՝ Նուբարաշեն բանտում տեղի ունեցած միջադեպի մասին

Չնախատեսված խուզարկություններ․ ԱՆ-ը՝ Նուբարաշեն բանտում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Նուբարաշեն ՔԿՀ դիմակավորված անձանց ներխուժելու մասին տեղեկատվությունը։

«Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:

Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները։

Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ», – ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնել էր, որ դիմակավորված անձինք ներխուժել են քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ահազանգը փոխանցողի խոսքերով՝ «սպանում են»։

«Տվյալ դատապարտյալին վերջերս են Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել Նուբարաշեն: Ըստ ահազանգի, դիմակավորները սպանում են նաև այլ դատապարտյալների:

Հրավիրում եմ պատկան մարմինների և դիտորդական խմբի ուշադրությունը խնդրին, ինչպես նաև Պաշտպանի գրասենյակի թեժ գծին շտապ միջոցներ ձեռնարկել կամ այցելել: Ասեմ նաև, որ ՔԿՀ-ներում բռնությունների մասին ահազանգերը վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ անմարդկային մեթոդներով», – նշել էր Ալեքսանյանը։

Ավելի ուշ ՄԻՊ գրասենյակը հայտնեց, որ ժամը 18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից․

«Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում:

Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ:

Նրանցից բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ:

Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ:

Այցն ավարտվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդյունքները քիչ առաջ են ամփոփվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում:

Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ:

Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն»: