Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Վլադիմիր Պուտինի հիմնական հակառակորդ Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված հետաքննություն սկսելու պատճառներ դեռևս չկան։ Կրեմլի հասցեին մեղադրանքները նա որպես «դատարկ աղմուկ» է որակել։
Հիշեցնենք, որ երեկ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ այժմ բուժում է ստանում Նավալնին, հաստատել են ընդդիմադիր գործչի թունավորման վարկածը։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։
Գերմանիայում արված կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ Նավալնու մոտ խոլինէսթերազի ինհիբիտորների ինտոկսիկացիա է։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով բեռլինյան կլինիկայի հաղորդագրությունը, նշել է, որ հետաննություն սկսելու համար բավարար հիմքեր դեռևս չկան։
«Չենք հասկանում՝ ինչու են մեր գերմանացի գործընկերները շտապում օգտագործել թունավորում բառը։ Դա առաջին վարկածն էր, որ դիտարկել են մեր բժիշկները, բայց թունավորման նյութը դեռևս ճշգրտորեն հայտնի չէ», – այսօր կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Պեսկովը։