Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա Սերգեյն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Դերձյանը գրել էր Ֆեյսբուքում, որ երեխան ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր․ «Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»։
Ինչպես հայտնել էր Քննչական կոմիտեն, Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Օգոստոսի 14-ին, 16-ին նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։