Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված երկու մանկահասակ երեխաներից մեկի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։ Երեխաները՝ 4 և 6 տարեկան, հոսպիտալացվել են։ Ավագը՝ ծանր վիճակով, Երևանում է, փոքրը՝ Իջևանում։
Նախօրեին ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն` երեխաների պապիկը, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։
Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Սամվել Հ-ն ձերբակալվել է։
Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը բացառում է պաշտոնական վարկածը, հայտնում է Medialab-ը․
«Էդ դեպքը մեր գյուղում է եղել, բայց էդ մարդը չի կարող երեխա ծեծել, հնարավոր չի էդպիսի բան լինի, իմ կարծիքով՝ էդ ինֆորմացիան սխալ է։ Ընտանեկան խնդիրներ կան, էդ մարդը էնքան խեղճ է, որ չի կարող մարդ ծեծել։ Իրենք բազմանդամ ընտանիք են, խնդիրներ կան։ Որպես համայնքի ղեկավար, համայնքի բնակիչ՝ կարող եմ ասել, որ այդ մարդը կարող է շատ-շատ ստից ջղայնանալ, բայց որ նման ագրեսիա ցուցաբերի, դա բացառվում է։ Համապատասխան մարմինները կպարզեն՝ ով է եղել»։
Ըստ նրա՝ հավանական է, որ հորաքույրն է ծեծի ենթարկել երեխաներին։ Ծնողները փորձել են աղջկան պատժից ազատել։
«Իրենց ընտանիքում խնդիրներ կան, փոքր տուն է, շատ մարդ է էդ տանն ապրում, տանը չար հորաքույր կա, ամուսնացած-բաժանված է, երևի, չեն ուզեցել իրենց աղջկան պատժել, այդպես են ասել», – ենթադրում է համայնքի ղեկավարը։
Սակայն ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պապն, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014 թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
«Բացի այդ, 57-ամյա տղամարդը 2020 թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր երկու անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս տեղեկությունները երեխաների տատը՝ Էմմա Հակոբջանյանը, սուտ է որակում։ Ըստ նրա՝ ո՛չ երեխայի պապն է վնասվածք հասցրել, ո՛չ էլ հորաքույրը, այլ տանը գտնվող 4-ամյա երեխաներից մեկը, որը հոգեկան առողջության խնդիր ունի։
«Էդ դեպքը սուտ է ձևակերպված, էդպիսի բան չի եղել, ո՞ր պապը կծեծի իր թոռանը։ Մի հիվանդ երեխա ունենք տանը, մեր թոռը, բոլորին կծում ա, ծեծում ա, փայտով խփում ա, քարով խփում ա։ 4 տարեկան երեխան է արել։
Նույնիսկ ինքը իրան ա վնասում։ Դրսում են եղել, խաղալուց են եղել, անմիջապես տան մեջ չի եղել, դրսում է եղել, դռան առաջ», – նշում է նա։
Համայնքի ղեկավարն էլ ասում է՝ իր խնդիրն է կարողանալ երեխաներին փրկել, մանկատուն տանել։ «Էդ տանը 4 կամ 5 երեխա է ապրում։ Հայրը խնդիր ունի, մտավոր հետամնաց է, մայրն էլ հոգեկան հիվանդ է։ Մի անգամ երեխաներին տարել ենք մանկատուն, հորաքույրը գնացել, այնտեղից հետ է բերել, որ «Փարոս» ստանա։ Իմ խնդիրն է՝ էդ երեխեքին կարողանամ փրկել, ուրիշ բան ինձ չի հետաքրքրում», – Վիրաբյանի խոսքերն է մեջբերում Medialab-ը։
Վնասվածք ստացած երկու երեխաներից մեկի վիճակը այժմ ծայրահեղ ծանր է։
6-ամյա երեխան նախ հոսպիտալացվել է «Արաբկիր» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի և երիկամների վնասվածք, մարմնի վերջույթների սալջարդեր, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքին, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», – հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Անդրանիկ Վիրաբյանի տվյալներով՝ 4 տարեկան երեխան այժմ գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում, վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի։