Հանրային խորհրդի Բնապահպանական հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն, անդրադառնալով Գյումրիում զուգընկերոջ կողմից ծեծված և ծեծից 8 ժամ հետո մահացած կնոջ և վերջինիս աղջկա հետ պատահած դեպքին, վիրավորական արտահայտություններ է արել Ֆեյսբուքում։
Այս օրերին նմանատիպ արձագանքները քիչ չէին, սակայն այս մեկն առանձնացնում ենք, մասնավորապես, վերջինիս՝ հանրային դեմք լինելու պատճառով։ Արձագանքելով Միրզոյանի խոսքերին, բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը հիշատակեց «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Մանուկյանին, ով քննադատության էր ենթարկվել դեպքի վերաբերյալ արված մեկնաբանությունների համար։
«Դուք Սոֆյային քարկոծեք, կանանց քարկոծելը հեշտ ա։ Պահանջեք, թող մանդատը ուտի, իսկ էս մարդը թող շարունակի մնալ հանրային խորհրդում, դե արժանապատիվ տղամարդ ա, հո հավ կնիկ չի։
Ashot Mirzoyan, իսկ որ 43 տարեկան տղամարդը 28 տարեկան աղջկա հետ լիներ, էդ նորմալ կլինե՞ր, թե՞ չէ», – գրել է Ոսկանյանը։
Նշենք, որ մարտի 4-ին Մարինեին սպանել է նրա 28-ամյա զուգընկերը Գյումրիում գտնվող նրանց տան մեջ։ Տղամարդը ծեծել է կնոջն ու վերջինիս 13-ամյա աղջկան։ Երեխան ծանր վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում։ Երկու օր առաջ անչափահասն սկսել էր ինքնուրույն շնչել, իսկ երեկ տեղեկություն տարածվեց, որ նա արդեն որոշ բառեր է արտաբերել։