Home / Կանանց իրավունքներ / Բիշքեկում ու Բաքվում մարտի 8-ի ակցիաները ցրվել են կանանց նկատմամբ բռնությամբ

Բիշքեկում ու Բաքվում մարտի 8-ի ակցիաները ցրվել են կանանց նկատմամբ բռնությամբ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մարտի 8-ին ֆեմինիստների ակցիան ընդհատվեց կանանց նկատմամբ բռնությամբ։ Երթն ընդհամենը մի քանի րոպե տևեց։ Ակցիայի մասնակից կանանց վրա ձողերով ու մահակներով զինված, դիմակներով ու ղրղզական ազգային գլխարկներով տղամարդիկ հարձակվեցին։ Հարձակումը կանխեց ակցիայի վայր եկած ոստիկանությունը։ «Ապրիլ» լրատվականի փոխանցմամբ, ոստիկանական մեքենաների ձայները լսելուն պես, դիմակներով տղամարդիկ փախան, իսկ ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ֆեմինիստներին․ ձերբակալվել է՝ շուրջ 70 հոգի։

Բիշքեկի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը տեղի ունեցածը բացատրել է ակցիայի վայրի ընտրությամբ։ «Չարտոնված ու տարերային» հանրահավաքը կազմակերպվել էր Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը խորհրդանշող Հաղթանակի հրապարակում, ինչն էլ զայրացրել էր հարձակվածներին։

ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի քարտուղարը դժգոհում էր, որ ֆեմինիստները փչացրել են իր մարտի 8-ը․ «Ամբողջ տոնը փչացրեցին։ Կնոջս ու դուստրերիս հետ դուրս էինք եկել զբոսանքի և ահա… իրոք շատ տհաճ է… Կարելի էր, չէ՞, այդ տոնական օրը նորմալ նշել, շնորհավորել սիրելի կանանց իրենց Միջազգային տոնի առթիվ»։

Մի քանի ժամ անց բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Բաքվի ֆեմինիստական երթը ևս խանգարվել է ոստիկանության կողմից, բայց ակտիվիստները «Փողոցները մեզ համար ազատ են», «Մի՛ հանդուրժիր բռնությունը, մի՛ լռիր բռնության առաջ», «Կանայք, միացեք», «Մի՛ լռիր, ապստամբիր» կարգախոսները վանկարկելով շարունակել ել շրջել Բաքվի կենտրոնական փողոցներով։ Երթի պահանջներն էին․

— ապահովել բոլորի կյանքի ու անվտանգ պայմաններում աշխատելու իրավունքը, գործունեության ու կրթության հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար՝ անկախ սեռական ու գենդերային կողմնորոշումից;

— հետևել Կանանց նկատմամբ ցանկացած տեսակի խտրականության բացառման կոնվենցիայով սահմանված պարտավորություններին;

— ապահովել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն Ադրբեջանում։

Ակցիայի ընթացքում բերման են ենթակվել որոշ տղամարդիկ, ովքեր աջակցում էին կանանց ակցիան։ Ոստիկանությունը կոպտորեն քաշքշել է կանանց, խոչընդոտել լրագրողների աշխատանքին։

Երևանում ևս ֆեմինիստական երթ է իրականացվել, նվիրված մորը պաշտպանած 13-ամյա աղջկան։