Home / Հայաստան / ԱԱԾ֊ն խախտումներ է հայտնաբերել «Ձորակ» խնամքի կենտրոնում

ԱԱԾ֊ն խախտումներ է հայտնաբերել «Ձորակ» խնամքի կենտրոնում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ, 2015-2019 թթ. ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել:

Նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ու աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, և պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը տնօրինել է նշված պաշտոնատար անձը: Արդյունքում վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի դրանից, նույն ժամանակահատվածում նշված ՊՈԱԿ-ում աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ վերջինիս՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում:

Միևնույն ժամանակ, 2018-2020 թթ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել և պահվել են կենտրոնում առանց համապատասխան ձևակերպումների, որոնց շուրջօրյա վճարովի խնամքի պայմանագրով նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից և չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: