Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը Epress.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Գյումրիում սպանված կնոջ 13 տարեկան դուստրն արդեն սկսել է ինքնուրույն շնչել․
«Արհեստական շնչառության սարքը հանել ենք, սակայն վիճակը մնում է ծանր, նա անգիտակից է, իսկ բժշկական կենրոնի բժիշկները դեռ պայքարում են երեխայի կյաքնի համար»։
Ավելի վաղ երեխային հիվանդանոցում այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այդ մասին՝ դատապարտելով կանանց նկատմամբ բռնությունը․
«Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»։
Սակայն վարչապետն իր գրառման մեջ նշել էր նաև անչափահասի անուն-ազգանունը, ինչը և քննադատության է արժանացել որոշ իրավապաշտպանների և օգտատերերի կողմից։
Հիշեցնենք, որ 28-ամյա տղամարդը ծեծի էր ենթարկել անչափահասին և նրա մորը, ով ծեծից մոտ 8 ժամ հետո մահացել էր իր տանը։ 43-ամյա կնոջ մահվանից հետո միայն՝ բռնարարի մայրը զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են կնոջ մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան գանգուղեղային փակ վնասվածքներով տեղափոխել Հիվանդանոց։