Home / Ազգային ժողով / Ադրբեջանում մոդերնիզացիան չհաղթահարեց սովորությունը

Ադրբեջանում մոդերնիզացիան չհաղթահարեց սովորությունը

Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների հիասթափությունը խորն եղավ, որովհետև մեծ էին ակնկալիքները։ Այս ընտրությունները պետք է ավարտին հասցնեին ադրբեջանական իշխանության բնույթի փոփոխությունները, որոնցով իշխանությունը զբաղվում էր վերջին մեկ տարվա ընթացքում։ Ինչու խորհրդարանական ընտրությունները սովորականի պես անցան, ինչպես է շարունակվելու վերակառուցումը․ այս մասին Վադիմ Դուբնովը զրուցել է ադրբեջանցի քաղաքագետ Լեյլա Ալիևայի հետ։

Վադիմ Դուբնով․ Ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ իշխանությունները խախտեցին ընտրությունները նորովի իրականացնելու իրենց իսկ պլանները։

Լեյլա Ալիևա․ Սկսենք նրանից,որ այսպիսի ավտորիտար պետությունների դեպքում բարդ է հավասարակշռություն գտնել ինստիտուտների նկատմամբ վերահսկողության պահպանման և արդիականացման մեջ։ Քանի որ հայտարարվել էր, և արդեն մեկ տարի ընթանում էին ինչ որ փոփոխություններ, որոնցից կարելի էր ենթադրել, որ իշխանությունները արդիականացման և նույնիսկ, ոմանց կարծիքով, ազատականացման էին տրամադրված, հասարակության մի որոշ ակտիվ խմբի մոտ այս ընտրությունների նկատմամբ բարձր ակնկալիքներ էին ձևավորվել։ Ավելի փորձառու ընդդիմադիրները սա ընդունում էին որպես իմիտացիայի հերթական օրինակ ու լուրջ չէին վերաբերվում։ Խոսքս Ազգային խորհրդի ու «Ժողովրդական ճակատ» կուսակցության մասին է։ Այսինքն, մեծ սպասելիքներ հիմնականում երիտասարդներն ունեին, ովքեր այս ամբողջ դպրոցը չեն անցել, ովքեր այս ամենին նայում էին որպես հնարավորության, որից պետք է օգտվել։

Վադիմ Դուբնով․ Առաջին հերթին «Հանրապետական այլընտրանքի»՝ «ՌեԱլի» մասին եք խոսում, չէ՞։

Լեյլա Ալիևա․ Այո, բայց բացի «ՌեԱլը» էլի ուժեր կան․ «Շարժում» կոալիցիան, «Nida» անկախ շարժումը և նույնիսկ «Մուսավատը» որոշել էին մասնակցել այս ընտրություններին։ Նախապատրաստվելու համար ընդհամենը երկու ամիս ժամանակ էր հատկացվել, «Ընտրությունների մասին» օրենքում ոչ մի փոփոխություն չէր մտցվել, չնայած այդ մասին անընդհատ խոսում է և Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ֊ն։ Դա է պատճառը, որ շատերը մտածեցին, որ սովորականի պես կլինի, հետևաբար՝ շանսեր չկան, հետևաբար՝ ավելի լավ է չմասնակցել։ Թեկնածուների գրանցմանը զուգահեռ, որոշ երիտասարդ քաղբանտարկյալներ ազատվեցին դատվածությունից, հնարավորություն ստացան մասնակցել ընտրություններին։ Սա հիմք դարձավ, որ երիտասարդները ավելի լավ տրամադրվեն այս ընտրությունների նկատմամբ։ Խորը հիասթափություն եղավ այն, որ խորհրդարան անցած թեկնածուների վերջնական ցանկն ավելի վատն էր, քան նախօրեին Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլիի ներկայացրածը, որում «ՌեԱլից» երկու պատգամավոր կար։ Իրականում ընդդիմության շուրջ 40 թեկնածուներից խորհրդարանում հայտնվել է միայն մեկը՝ Էրկին Հադիրլին։

Կարծում եմ, բալանսավորման այս փորձը չհաջողվեց, քանի որ խորհրդարանի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վախն ավելի ուժեղ էր։ Չնայած Միլլի Մեջլիսն իրականում բնակչության ներկայացվածությունն ու քաղաքական մասնակցությունն ապահովելու փոխարեն, առաջին հերթին իմիտացիոն ինստիտուտ է, ինչպես ասվում է Սահմանադրության մեջ։ Այն անհրաժեշտ է միջազգային փիարի համար։ Խորհրդարանը նաև քաղաքական ապահովագրություն է դառնում մասնավոր բիզնեսի համար։

Վադիմ Դուբնով․ Եթե համարենք, որ այս ընտրությունների գլխավոր նպատակը ոչ թե խորհրդրանն ընդդիմադիր պատգամավորներով համալրելն էր, այլ սերնդափոխության եզրափակումը սեփական կուսակցության և սեփական ուժերի ներսում, որքանո՞վ դա հաջողվեց։

Լեյլա Ալիևա․ Վերահսկողության ուժեղացումը հնարավոր է ոչ միայն նոր երիտասարդ ուժերի գալով, հատկապես երբ նրանք գալիս են մի ինստիտուտ, որը վաղուց արդեն կնիք դնողի է վերածվել։ Այս իշխանությունն էլ ավելի կոնսոլիդացնելու համար, պարզվում է, մարդկանց փոխելն անհրաժեշտություն չէ։ Բավական է պարզապես ցույց տալ ով է տերը, ինչ որ օլիգարխների պաշտոնից հեռացնել։ Այդ դեպքում խորհրդարանում գտնվողների մեծ մասը, կապ չունի կոնֆորմիստ են, թե օպորտյունիստ, իրենց լոյալությունը նոր տիրոջ վրա կկենտրոնացնեն։ Այս ամենը հաշվի առնելով, չեմ կարծում որ նպատակը սերնդափոխությունն էր։ Որոշ երիտասարդներ են հայտնվել, ովքեր, նախ՝ անծանոթ են, երկրորդ՝ քիչ են, և ամենակարևորը՝ ընդդիմության, անկախների թիմից չեն։ Սրանով համակարգը ցույց տվեց, որ դեռևս հիանալի աշխատում է։

Վադիմ Դուբնով․ Այսինքն, հույսը, որ Իլհամ Ալիևը օրենսդիր իշխանության հետ ուզում է անել այն, ինչ գործադիրի հետ արեց՝ չարդարացվեց։

Լեյլա Ալիևա․ Այո, քանի որ, կարծում եմ այս իշխանությունը խորհրդարանը որպես լուրջ բան չի ընդունում։ Ավելի շուտ պարզապես կարծում է, որ հսկողությունը կորցնելու դեպքում այն կարող է պոտենցիալ վտանգի վերածվել։ Պատկերի լիարժեքության համար մեկ Էրկին Հադիրլին բավական է, որպեսզի գործող օրգանի տպավորություն ստեղծվի, բանավեճերի ու այլընտրանքային կարծիքի ներկայացվածության մթնոլորտ իմիտացվի։

Վադիմ Դուբնով․ Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում Հադիրլիի կոլեգաների՝ մանդատից հրաժարվելու կոչերին։

Լեյլա Ալիևա․ Ընդդիմությունն ու հասարակությունը երկու խմբի են բաժանվել Հադիրլիի վերաբերյալ դիրքորոշման հարցում։ Առաջին խումբը, որը դժգոհ է նրա՝ խորհրդարան մտնելու որոշումից, այդ քայլը մեկնաբանում է որպես մյուս ընդդիմադիրների նկատմամբ սոլիդարության բացակայություն և նշում, որ նա այդպիսով լեգիտիմացնում է այս ընտրությունների արդյունքները։

Երկրորդ խումբը կարծում է, որ ամեն ինչ ճիշտ է։ Նույն կուսակցությունից Նաթիգ Ջաֆարլին նրա որոշումն արադարցնուղ մի քանի փաստարկ է ներկայացրել․ նա կարող է օրենսդրական փոփոխություններ առաջարկել, կարող է բյուջեի մասին թափանցիկ տվյալներ ունենալ։ Մի խոսքով, խորհրդարանում «սվոյ» մարդ ունենալը լավ է։

Վադիմ Դուբնով․ Եթե այս պատմությունը զուտ տեխնոլոգիական կողմից դիտարկենք, Ալիևը հասա՞վ իր ուզածին։ Նա, մասնավորապես, ուզում էր ամրագրել փոփոխությունները, Արևելքի ու Արևմուտքի հետ շփումներում ավելի ազատ մանյովր ստանալ։ Սրանից ելնելով, նա միավորներ հավաքե՞ց։

Լեյլա Ալիևա․ Չեմ կարծում, որ իրավիճակը բարելավվել է։ Ավելի շուտ՝ հակառակը։ Այս ընտրությունները միջազգային դիտորդների կողմից շատ վատ գնահատվեցին։ Բոլոր սոցիալական ցանցերը լիքն են ընտրախախտումների մասին տեսանյութերով ու լուսանկարներով։ Փաստեր կան դիտորդների ու լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու մասին՝ նախադեպը չունեցող բռնություն։ Այսինքն, այս ընտրությունների հանրային ընդունման հարցում իհարկե հակառակ էֆեկտը ստացվեց։ Իշխանությունը վանեց երիտասարդությանը, այդ այսպես կոչված նոր էլիտային։ Հատկապես հարկ է խոսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ բողոքի ակցիայի դաժան ցրման մասին, երբ ակտիվիստների կողերն էին ջարդում։

Արևմուտքի հետ հարաբերություններում, երևի, կառավարությունը կարծում է, որ Էրկին Հադիրլին բավական է․ նա իրոք շատ վառ կերպար է, և անկասկած ամենավառ մտավորականներից։ Ոմանք նրան քաղաքական գործիչ են համարում, ուրիշները՝ գիտնական։ Ցանկացած դեպքում, նա ակտիվ է, և նրա համար հատուկ պայմաններ են ստեղծվում այս անդեմ խմբում աշխատելու համար։ Եթե նրան ելույթի, իրեն ցույց տալու հնարավորություն տան՝ նա ցույց կտա, բայց պարզ է, շատերն են ասում, որ դաշտում մենակ մնացածը զինվոր չէ։

Վադիմ Դուբնով․ Ի տարբերություն նախորդ նմանատիպ դեպքերի, Ալիևը բավականին խաղաղ արտահայտվեց միջազգային դիտորդների մասին և նույնիսկ ասաց, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի հայտարարությունն այնքան ջախջախիչ չէր, որքան կարող էր թվալ։ Սա ինչ որ թրոլի՞նգ էր, թե՞ նա իրոք փորձում է ոչ թե այրել կամուրջները, այլ՝ ամրապնդել։

Լեյլա Ալիևա․ Նա այսպիսի հասարակական ռեկցիա չէր սպասում։ Սոցիալական ցանցերը ցույց տվեցին հասարակության բարկությունն իշխանությունների նկատմամբ ու վերաբերմունքն ընտրություններին։ Սա, անկասկած, երկրի ներսում չի մնա, միջազգային հարթակներ դուրս կգա, իսկ ինքը փորձում է ինչ որ հարաբերություններ կառուցել Եվրամիության հետ, փորձում են ինչ որ համաձայնագրեր կնքել։ Իհարկե երկիրն այդ իմաստով հետ է մնում։ Հետ է մնում Հայաստանից ու Վրաստանից, իսկ դա, մյուս ասպեկտները չհաշված, ազդեցություն կունանա Ադրբեջանի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների վրա։ Մեկ տարի անց, գուցե այս տարեվերջին, սոցիալական խնդիրները գնաճի պատճառով կսրանան․ նավթի արդյունահանման ծավալները գնալով նվազում են, իսկ այս 25 տարիների ընթացքում, հատկապես՝ վերջին 10 տարում, հենց նավթի վաճառքից ստացվող հասույթն է իշխանության հիմքերն ապահովում։ Հետնավթային ժամանակաշրջանում հարմարվելու անհրաժեշտություն է զգացվում։ Դրա համար էլ Ալիևը որոշ փափկություն է ցուցաբերում, հիմնականում՝ զուտ դիվանագիտական, փորձում է հարմարվել նոր ժամանակաշրջանին, ինչպես դուք նշեցիք՝ փորձում է չայրել կամուրջները։

աղբյուրը՝ Էխո Կավկազա