Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրան հաջորդած օրերին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը։
Ադրբեջանի ԿԸՀ֊ն հայտարարել էր իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի մասին։ Ընդդիմադիր ուժերը չէին ընդունում ընտրությունների արդյունքներն ու պնդում էին, որ քվեարկությունն անցել է ընտրակեղծարարությունների միջավայրում։ Ընդդիմության կարծիքով, ընտրական հանձնաժողովները կեղծել են նաև ընտրություններին քաղաքացիների մասնակցության թիվը։
Փետրվարի 13-ին ԿԸՀ֊ն չեղարկեց Ադրբեջանի չորս ընտրական օկրուգների քվեարկության արդյունքները։
«Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք տեղեկություններ ունեն ընտրությունների օրը և դրան հաջորդած ակցիաների ժամանակ լրագրողների աշխատանքին խոչընդոտելու առնվազն 18 դեպքի մասին։
«Երբ փետրվարի 11-ի գիշերը ոստիկանությունը կոպիտ ձևով ցրեց Բաքվի ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան, ձերբակալվեցին և ծեծի ենթարկվեցին 7 լրագրողներ», – ասվում է ԼԱՍ փետրվարի 13-ի զեկույցում։
Կազմակերպության փոխանցմամբ, այդ օրը ծեծի են ենթարկվել վեց կին լրագրողներ, նրանց տեսախցիկներն ու հեռախոսներն առգրավվել են։
Meydan TV-ի թղթակից Սևինջ Վագիֆգիզան ձեռքի ու դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել։ «Ամերիկայի ձայնի» լրագրողներ Ուլվիա Գուլիևան ու Այգուն Ռաշիդովան, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության թղթակից Այթեն Մամեդովան, ֆրիլանս լրագրողներ Այնուր Էլգյունեշն ու Այթաջ Թափթիգը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել։ Նրանց և մյուս բերման ենթարկվածներին տարել են քաղաքից դուրս և գիշերը իջեցրել մայրուղուց հեռու հավածում։ Երեք այլ լրագրողներ, այդ թվում հայտնի հետազոտող լրագրող Հադիջա Իսմայլովան, տաքսիով հետևում էին նրանց, սակայն ճանապարհին նրանք ևս ձերբակալվել ու ծեծի են ենթարկվել։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով, փետրվարի 9-ին արգելափակվել են մի շարք ընդդիմադիր և լրատվական կայքեր, այդ թվում՝ Basta.info-ն և Youksalich Namina-ն։
«Մենք պահանջում ենք թափանցիկ հետաքննություն կազմակերպել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի և Քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթները», – հայտարարել է ԼԱՍ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Կավելյեն։
«2019 թվականին Ադրբեջանն ըստ մամուլի ազատության գործակցի 180 երկրների շարքում զբաղեցնում էր 166-րդ տեղը։ Քննադատական ԶԼՄ֊ների մեծ մասը փակվել են, անկախ լրատվական կայքերն արգելափակվել են։ այս պահին բանտում է նվազագույնը վեց լրագրող», – ասվում է ԼԱՍ հայտարարության մեջ։