Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են զանգվածային ընտրակեղծարարության և ապօրինությունների միջավայրում, հայտարարել է «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ»֊ը (ԺՈՒԱԽ), որը հրաժարվում է ընդունել նոր գումարման խորհրդարանի լեգիտիմությունը։ «Մուսավատ» կուսակցությունը նոր ըհտրություններ է պահանջում։
Մինչ ընդդիմությունն ահազանգում է ընտրախախտումների մասին, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի մասին։ «Նոր Ադրբեջանը» խորհրդարանում 65 տեղ կունենա, շարունակելով մնալ մեծամասնություն, հայտնել է ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը։
«Երկրի տարբեր հատվածներից ստացված տեղեկությունները միանշանակ եզրահանգման են տանում․ այս ընտրությունները կեղծված են և չեն արտահայտում Ադրբեջանի ժողովրդի կամքը», – ասվում է Ադրբեջանի «Ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի» (ԺՈՒԱԽ) հաղորդագրության մեջ։
ԺՈՒԱԽ հայտարարության համաձայն, արտահերթ ընտրություններ հայտարարելու փաստն արդեն դրա լեգիտիմությանը կասկածելու տեղիք է տալիս։ «Ոչ մի հանրային քննարկում չի կազմակերպվել արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը գնահատելու համար։ Առհասարակ նորմալ բացատրություն չկար այս ընտրություններն արտահերթ իրականացնելու։ Կառավարությունն ամբողջությամբ անտեսեց այս հարցերն ու արտահերթ ընտրություններ իրականացնելու ոչ մի տրամաբանական բացատրություն մենք այդպես էլ չունեցանք։ Հաշվի առնելով դա և ժողովրդավարական ընտրությունների կայացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների բացակայությունը, «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդը» որոշում է կայացրել այս ընտրությունները բոյկոտելու մասին», – հայտարարել է ԺՈՒԱԽ նախագահ Ջամիլ Հասանլին։
«Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդն» իր հայտարարության մեջ խոսել է նաև կասկածելիորեն բարձր մասնակցությունից՝ շուրջ 50 տոկոս․ «Անկախ դիտորդներից ստացված տվյալների համաձայն, մասնակցությունը 10-15 տոկոսը չի գերազանցել։ Ընտրողների այսքան ցածր մասնակցությունն ընտրություններին ու քարոզչական պրոցեսցներին, վկայում է այն մասին, որ բնակչության ճնշող մեծամասնությունն այս ընտրությունները բոյկոտել է քվեարկությունից դեռևս շատ առաջ»։
«Քվեների հաշվարկից հետո ընտրությունների մասին զեկույցները չեն կազմվել օրենքով սահմանված կարգով, զեկույցների պատճենները չեն տրամադրվել դիտորդներին, ընտրությունների արդյունքների մասին տեղեկությունները չեն փակցվել ընտրատեղամասերում», – հայտնում է «Մուսավատ» կուսակցությունը և պահանջում չեղարկել փետրվարի 9-ի ընտրությունների արդյունքները։ Կուսակցությունը նաև պահանջում է երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել, ստեղծել նախընտրական ժողովրդավարական պայմաններ, ապահովել մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ընդդիմության և միջազգային կառույցների առաջարկությունների մասին փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում, որից հետո նոր ընտրություններ իրականացնել։
«Նախնական արդյունքները հիմք են տալիս կարծել, որ այս ընտրությունները ոչ ժողովրդավարական էին և չեն արտահայտում ժողովրդի կամքը», – հայտարարել է «Ումիդ» («Հույս») կուսակցության նախագահ Իգբալ Ագազադեն։
«Աստիճանական փոփոխությունների մասին մեր քաղաքացիները պատրանքները, երեկ (փետրվարի 9-ին) ցավոք ցրվեցին», – հայտարարել է «Հանրապետական այլընտրանք» կուսակցության քարտուղար Նաթիգ Ջաֆարլին։ Նրա խոսքով, այս ընտրություններն էլ ավելի հիասթափեցրին հասարակությանը։