Հունվարի 30-ին Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարանը) պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Քրիստոնիա֊Ժողովրդավարական միության ներկայացուցիչ Կարին Շտրենցին։ Նա մեղադրվում է 22 հազար եվրո կաշառքի դիմաց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի հետաքրքրությունների լոբինգի մեջ։
Դեռ 2018-ի հոկտեմբերին Transparency International (TI) միջազգային կազմակերպությունը պահանջել էր Կարին Շտրենցին զրկել խորհրդարանական իմունիտետից և հետաքննություն սկսել Ադրբեջանից նրա ստացած գումարների թեմայով։
Կարին Շտրենցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմ դաշնակիցն է, Բունդեսթագի պատգամավոր Քրիստոնիա֊Ժողովրդավարական միությունից, ԵԽԽՎ անդամ։
2019֊ի մարտին Բունդեսթագի որոշմամբ Կարին Շտրենցը տուգանվել է 20 հազար եվրոյի չափով՝ տարիներ շարունակ լոբիստական գործունեության համար Ադրբեջանից գումարներ ստանալու համար։
Նշենք, որ 2019 թվականի հունվարին Բունդեսթագը Շտրենցի նկատմամբ ևս մեկ մեղադրանք էր առաջադրել պատգամավորական նորմերի խախտման մասով՝ նա չէր ներկայացրել փաստաթղթեր լրացուցիչ եկամտի աղբյուրի մասին։ Խոսքը Ադրբեջանում գտնվող գերմանական ընկերությունից ստացված գումարների մասին էր։ Սահմանվել է հնգանիշ տույժ՝ 10-99 հազար եվրո։
2017թ․-ի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը ցանցի միջոցով 2.5 մլրդ եվրոյի դրամական միջոցներ էր հատկացել Եվրոպայի տարբեր հատվածներում քաղաքական որոշումների լիազորություններ ունեցող անձանց։ Կարին Շտրենցը մեղադրվում է ԵԽԽՎ անդամի կարգավիճակում ադրբեջանական աղբյուրներից գումար ստանալու մեջ։
ԵԽԽՎ-ում իր պաշտոնավարման ընթացքում Կարին Շտրենցը մասնակցել է Ադրբեջանում ընտրությունները դիտարկող տարբեր առաքելությունների, ղեկավարել է գերմանացի խորհրդարանականների պատվիրակությունը և Ադրբեջանին վերաբերող ԵԽԽՎ քվեարկություններից մեծ մասի ժամանակ ցուցաբերել է ադրբեջանամետ դիրքորոշում։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարին Կարին Շտրենցը միակ եվրախորհրդարանի ներկայացուցիչն էր Գերմանիայից, ով դեմ քվեարկեց Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատելու ԵԽԽՎ պահանջին։
2013֊ին Շտրենցն ի հակադրություն վեհաժողովի իր կոլեգաների մեծամասնության, դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի նախագահական ընտրություններին։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունից Շտրենցը բացառվել է 2018 թվականի սկզբում, իսկ նույն թվականի հունիսի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեան նրա նկատմամբ ցմահ արգելք է դրել՝ պատգամավորական կոդեքսի կոպիտ խախտման համար։
Բացի Շտրենցը, նույն գործով մեղադրվում է նաև Քրիստոնիա֊Ժողովրդավարական կուսակցության նախկին պատգամավոր, ներքին գործերի նախարարությունում խորհրդարանի կողմից պետական քարտուղար Էդուարդ Լինտները։
Դատախազության տվյալներով, Լինտները 2008-2016 թվականների ընթացքում Ադրբեջանից շուրջ 4 միլիոն եվրո գումար է ստացել։ Այդ գումարի մի մասը նա ԵԽԽՎ պատգամավորներին է փոխանցել՝ վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի մասին դրական արտահայտվելու և Ադրբեջանի իշխանություններին ոչ շահավետ նախաձեռնություններին դեմ քվեարկելու դիմաց։