Home / Մեդիա / Փոքր, բայց հպարտ թատրոն

Փոքր, բայց հպարտ թատրոն

Պահպանողական Ադրբեջանում, որտեղ իշխանությունները փորձում են վերահսկել զանգվածային մշակույթը, նկուղներում զարգանում է անկախ արվեստը։ Բի֊բի֊սի֊ն պատմում է Էլմին Բադալովի մասին, ով անկախ թատրոն է հիմնել՝ հակադրվելով պետությանը, հասարակական բարոյախոսությանը, սեփական ծնողներին ու գյուղական վհուկին։

Աղջիկը գրկում է տղային, տնքում ու ծիծաղում։ Միասին սողում են դեպի գետին, շարունակում գրկախառնվել ու համբուրվել։ Տղան փորձում է հանել աղջկա հագուստը։

Հանդիսատեսի մեջ տեղից վեր են կենում երկու տարիքով կանայք։ Իրենց վատ է երևում, թե ինչ է կատարվում հատակին․ ներկայացումը բեմադրվում է 40 քմ մակերեսով սովորական սենյակում։ Աթոռներն ու բեմը նույն բարձրության վրա են։

Կանայք իրար մեջ քչփչում են, խոսում ու ամեն անգամ կանգնում ինտիմ տեսարանների ժամանակ։ Այդպես, ամբողջ ներկայացման ժամանակ հենց դերասանները պառկում են՝ հետևի շարքերը կանգնում են։ Իսկ դերասանները հաճախ են պառկում՝ երբեմն հատակին, երբեմն՝ սեղանին․ ներկայացումը սիրո մասին է։

MimOda-ն ներկայացում է, որը բեմադրվել է Բաքվի ADO փոքր թատերախմբի կողմից։ «Ընտանեկան արժեքների» մասին է՝ կիրք, ընտանեկան բռնություն, կրոն, հասարակական ճնշումներ։ Պիեսում երկխոսություններ չկան։

АDO-ի ներկայացումների տոմսերը տեղում ձեռք բերել սովորաբար չի ստացվում։ Ներկայացումից դեռ շատ առաջ արդեն սպառվում են, ինչը զարմանալի է Բաքվի համար։ Ներկայացումներին հիմնականում երիտասարդներ են գալիս, հաճախ՝ զույգերով։ Երբեմն նաև արտասահմանցիներն են հետաքրքրվում։

Մոտ 50 հոգանոց սրահ է՝ խիտ դասավորված։ Տոմսերը ստուգող աղջիկը բոլորին բացատրում է, որ անգամ «մի պատի տակ կանգնելու» տեղ չկա ներսում։ Թատրոնը սկզբում oda էին անվանել՝ սենյակ, հետո մտածեցին, որ չափից դուրս պարզ է ու տառերը տեղերով փոխեցին։

Գրեթե անխոս, բայց էքսպրեսիվ ներկայացումները կպնում են թեմաների, որոնք Ադրբեջանում ընդունված չի քննարկել՝ սեքս, ընտանեկան բռնություն, անձական ազատություն։ Մատուցումը ևս բնորոշ չէ ավանդական ադրբեջանական թատրոնին։

Կախարդված ջուրը

Ադրբեջանը բավականին պահպանողական երկիր է։ Նույնասեռականների հետապնդումներ են լինում, ցրում են կանաց իրավունքների պաշտպանության համար անցկացվող երթերը, տարածված են վաղ ամուսնությունները, հայրիշխանական ավանդույթներն արմատացած են։ Ընդ որում՝ որպես կանոն, ինչքան մայրաքաղաքից հեռու ես գնում, այնքան ավելի պահպանողական է հասարակությունը։

Մայրաքաղաքից բավականին հեռու գյուղերից մեկում էլ մեծացել է Էլմին Բադալովը։ «Մեզ մենակ դերասանն էր պակասում»,- ասում էր Էլմինի մայրը։ Նույնիսկ հարևան կախարդին են դիմել, ով իբր թղթի վրա գրելով երազանքներ էր իրականացնում։ Սովորաբար խնդրում էին գրել երեխաների համալսարան ընդունվելու մասին, ու քանի որ ընդունվում էին՝ բոլորը հավատում էին։ Պետք էր երազանքը գրել թղթի վրա, վառել, մոխիրը ջրի մեջ լցնել, ջուրը՝ գլխիդ։

Էլմինը կախարդանքներին չէր հավատում, բայց հանուն անձնական բողոքի ջուրի լվացարանի մեջ էր թափել։

Ընդունվում է Բաքվի Նավթի և արդյունաբերության համալսարանում, նաև թատերական խմբակ հաճախում ու լրագրություն անում։ Համալսարանից շուտով հեռացնում են՝ հանրակացարանի մասնավորեցման մասին հոդվածի համար (ըստ պաշտոնական վարկածի պատճառն անբավարար առաջադիմությունն էր):

Այդ ժամանակ էլ Էլմինը մորը պատմում է ջուրը թափելու մասին։

Երեք տարի անց հիմնադրում է ADO-ն ու բարեկամները դադարում են միակ խնդիրը լինել։

Տարածքի փնտրտուքներով

էլմինը որոշում է ընդդիմադիր դերասան Իլգար Ջահանգիրի հետ թատրոն հիմնել։ Իլգարն այդ ժամանակ նոր էր դուրս եկել պետական թատրոնից։

Ներկայացումները սկզբում նկուղում էին բեմադրվում։ Հազիվ երեսուն հոգու տեղ կար։ Մի քանի ամիս հետո ոստիկանությանը կասկածելի է թվում, որ ինչ որ մարդկանց խումբ հավաքվում է նկուղում․ «ասում էին «խաբում եք, չի կարող նման տարածքում թատրոն գործել»»,- հիշում է Էլմարը։

Հերթական տարածքից զրկվելու դեպքից հետո ADO֊ով սկսում են հետաքրքրվել. «Մշակույթի նախարարությունից մարդիկ եկան ու ասացին որ պատրաստ են տարածք տրամադրել, դերասաններին կրթել, պայմանով, որ նախապես պետք է ծանոթանան ներկայացումների բովանդակության հետ։ Մեզ փող էին առաջարկում։ Հրաժարվեցինք, ասացինք, որ իրենց առաջարկը գրաքննություն է»։

Կարճ ժամանակ անց մշակույթի նախարարությունն առանց որևէ պայմանի տարածք է առաջարկում՝ Բաքվից 30կմ հեռավորության վրա գտնվող ծովափնյա գյուղակում․ «Հրաժարվեցինք, հեռու էր։ Կարծում եմ դա մեզ կենտրոնից հեռացնելու փորձ էր»։

Պետության թևի տակ

Ադրբեջանական մշակույթը խորհրդային շրջանում գլխավորապես հայտնի էր երգիչներ Մուսլիմ Մագոմաևի և Ռաշիդ Բոյբութովի շնորհիվ։

Այսօր այդպիսի անուններ գրեթե չկան։  Ֆիլմեր նկարահանվում են ինչպես պետության աջակցությամբ այնպես էլ անկախ գործիչների կողմից, հաճախ՝ առևտրական հաջողությամբ։ Արվեստաբան Ուլվի Մեխտիի խոսքով, դրանք հիմնականում կատակերգություններ են՝ ոչ բարձր որակի։

Իսկապես ազատ ադրբեջանական կինոյի ծաղկումը, Մեխտիի համոզմամբ, սկսվել է Խորհրդային միության փլուզման առաջին տարիներին։ Առաջին անկախ ֆիլմերից էր ղարաբաղյան հակամարտության մասին հակապատերազմական «Ամեն ինչ լավ է լինելու» ֆիլմը։ Հետագա տարիներին ռեժիսոր Վագիֆ Մուստաֆաևը 13 վավերագրական ֆիլմ է նկարում նախկին նախագահ Հեյդար Ալիևի մասին։

Ամենախոշոր ոչ պետական մշակութային հարթակը YARAT֊ն է։ Համերգներ, ցուցահանդեսներ, պրեզենտացիաներ են կազմակերպում, դրսից արվեստագետներ են հրավիրում։ Հիմնադիրը նախագահ Իլհամ ալիևի կնոջ զարմուհի Աիդա Մահմուդովան է։

Պաշտոնական գրախոսական գերատեսչություն չկա, հսկողությունը ֆինանսական միջոցների միջոցով է կատարվում։ Նախագահի անձնական հրահագներով ինչ որ մշակութային գործիչների թոշակ է հատկացվում, արվեստային խմբերին միջոցներ են տրամադրվում։

Ադրբեջանի գրեթե բոլոր թատրոնները պետական են։ Բեմադրվում են մեծամասամբ դասական հեղինակների գործեր։ «Ինքնանույնականացման փնտրտուքներով պատրաստ ենք մինչև պալեոլիտ հասնել»,- նշում է մշակութաբան Ուլվի Մեխտին։ Ժամանակակից թեմաներով ներկայացումները, նրա խոսքով, դասական ոճի մեջ են բեմադրվում։

«Մարդամեջ դուրս գալ»

«Մեր մոտ թատրոնը հիմա պոպուլյար չի։ Դպրոցներում երբեմն աշակերտներին ստիպում են տոմսեր գնել։ Դա աջակցություն չի, նույնիսկ հակառակը․ երեխաների մոտ զզվանք է առաջանում թատրոնի նկատմամբ»,- ասում է ADO-ի հիմնադիր Էլմին Բադալովը։

էլմինի կարծիքով, թատրոնի պոպուլյարացման համար լավագույն քայլը փողոցում բեմադրություններ անելն  է․ «Մարդկանց թատրոն բերելու համար պետք է մենք մարդամեջ դուրս գանք»։

ADO-ի թատերախումբը փողոցային ներկայացումներ արել է Վրաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում։ Ադրբեջանում դեռ չի ստացվում․ ոչ Բաքվի քաղաքային ադմինիստրացիան, ոչ մշակույթի նախարարությունը թույլտվություններ չեն տրամադրում։ ADO-ի ներկայացուցիչներն այժմ դատարանի միջոցով փորձում են պարզել, թե որ մարմինն է պատասխանատու փողոցային ներկայացումների թույլտվությունների համար։

«Չի համապատասխանում ներաշխարհի հարստությանը»

«Եթե պետությունը գնահատում է մեր աշխատանքը, մենք էլ պետք է իրենը գնահատենք», – հայտարարել էր մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևը՝ ընդդիմադիր Ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի կազմակերպած բողոքի ակցիայից հետո, որին մասնակցել էին մի շարք հայտնի դերասաններ։

Նման «հակապետական ելույթները», նախարարի խոսքով, «չեն համապատասխանում մշակութային գործչի ներաշխարհի հարստությանը»։

ADO թատրոնում մինչև վերջերս դերասանների պակաս կար, հատկապես՝ կանանց․ «Տեղացի աղջիկները վախենում էին խաղալ, վախենում էին, որ պետական թատրոնի իրենց աշխատանքը կկորցնեն, վախենում էին, որ հասարակությունը չի ընդունի։ Հաճախ գալիս էին, մի քանի անգամ ելույթ ունենում ու գնում՝ իրենց մյուս թատրոնի կամ ընտանիքի ճնշման տակ», – պատմում է Էլմինը։

***

Այս տարի ADO֊ն տոմսերի վաճառքի խնդիրներ չի ունեցել։ Նույնիսկ Էլմինի բարեկամներն են գալիս․ ուրախանում են նրա հաջողությամբ, ներկայացումները հավանում են, բայց կարծում են էրոտիկան շատ է։

Մայրն էլ է համակերպվել։ Գալիս է բոլոր պրեմիերաներին․ «Ամենաշատը «Հարսանիք» ներկայացումն է հավանում։ Երևի մտածում է մի օր կամուսնանամ»։