Home / Ազգային ժողով / Հանրապետական այլընտրանքը արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով

Հանրապետական այլընտրանքը արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով

Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» (Respublikaçı Alternativ՝ ՌեԱլ) կուսակցությունը փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Այդ մասին դեկտեմբերի 11-ի բրիֆինգի ժամանակ հայտնել է կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը։

Նրա խոսքով, դաշինքը կկոչվի «ՌեԱլ հանրապետականների միություն»․ ներկայացված կլինեն ինչպես կուսակցության անդամներ, այնպես էլ անկախ թեկնածուներ։

«Միլլի Մեջլիս ընտրվելու դեպքում մենք համանուն բլոկով կգործենք»,֊ ասել է Մամեդովն ու նշել, որ բլոկում կարող են լինել նաև իրենց դիրքորոշումը կիսող այլ կառույցներ։

Մամեդովի խոսքով, նախընտրական կոալիցիայի անդամները անունները կհրապարակվեն շուտով։ ՌեԱլ֊ից կներկայացվի 42 թեկնածու։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում այլ կուսակցությունների հետ համագործակցությունը չի բացառվում։

Մամեդովն Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից էր։ Ազատ է արձակվել 2018-ի օգոստոսին՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով հինգ տարի բանտում անցկացնելուց հետո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ նրա դեմ առաջ քաշված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ են ունեցել և նրան ստիպողաբար լռեցնելու կամ իշխանությանը քննադատելու համար պատժելու նպատակ։ ՄԻԵԴ-ը կոչ է արել նաև ազատ արձակել նրան։ Երբ Ադրբեջանը հրաժարվեց դա անել, Եվրոխորհուրդը գործընթաց էր սկսել, որը կարող էր հանգեցնել երկիրը այդ կազմակերպությունից դուրս բերելուն։ Վերջիվերջո, Մամեդովը ազատ էր արձակվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բաքու ժամանելուց մի քանի օր առաջ։

Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին հրամանագիր էր ստորագրել Միլլի Մեջլիսի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին, որի համաձայն նոր ընտրությունները կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին։