Home / Ազգային ժողով / 152 միլիոն դոլարի վարկ՝ 2019 թվականի պետբյուջեի դեֆիցիտը լրացնելու համար

152 միլիոն դոլարի վարկ՝ 2019 թվականի պետբյուջեի դեֆիցիտը լրացնելու համար

Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստին քննարկում էր վարկային համաձայնագրերի վավերացման հարցը, որոնց միջոցով նախատեսվում է լրացնել 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը): Վարկային համաձայնագրերի ընդհանուր արժեքը 131.4 մլն եվրո է (~152 միլիոն դոլար):

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ վարկային համաձայնագրերը նախատեսված են եղել 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով, որը ընդունվել է դեռևս 2018-ին․ «2019 թվականի բյուջեով ունենք ֆինանսական հոսքերի դեֆիցիտ, որի ֆինանսավորման համար նախատեսվել է արտաքին աղբյուրներից ֆինասնսների ներգրավում։ Փորձել ենք դոնորների հետ քննարկելով հասնել այն արդյունքին, որ կարողանանք ֆինանսական բացը փակել։ Ունենալու ենք ֆինանսական միջոցների բաց, եթե դա տեղի չունենա [վարկը չհաստատվի], ստիպված ենք լինելու այլ աղբյուրներից լրացնել, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական անկայունության»։

Թեև վերջին շրջանում որոշակի տնտեսական աճ է արձանագրվել, հավելյալ մուտքեր են ապահովվել բյուջե և շուրջ 62 միլիարդի չափով հարկային եկամուտների ավելացում կա, այլ ավելացումը, ըստ փոխնախարարի, ծրագրավորվել է ծախսերի համար, հետևաբար դեֆիցիտի մասով ֆինանսական պահանջը մնացել է նույնը։

Նա հավաստիացրեց նաև, որ սրանք վերջին բյուջետային վարկերն են, որ վերցնում է պետությունը․ 2020 թվականի արդեն հաստատված բյուջեում ոչ մի բյուջետային փոխառություն նախատեսված չէ։

Ընդդիմադիր պատգամավորները դատապարտեցին Կառավարությանը՝ վարկային միջոցների հաշվին բյուջեի պակասուրդը լրացնելու, նոր պետական պարտք կուտակելու և նման կարևոր հարցը արտահերթ նիստով «ափալ-թափալ» անցկացնելու համար։

Քննադատություններին արտահերթ ելույթով արձագանքեց Ազգային ժողովի խոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարտ Միրզոյանը։ Միրզոյանը, նախ, դիմեց խորհրդարանական մեծամասնությանը․ «Իզուր են մեծամասնության կոչերն ուղղված ընդդիմությանը` կողմ քվեարկել այս նախագծերին: Կան չգրված կանոններ․ ընդդիմությունը որպես կանոն կողմ չի քվեարկում բյուջեին, Կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին։ Մենք էլ որ ընդդիմություն լինենք, մենք էլ ենք տենց անելու, նորմալ է․․․Վերնագիրը վարկային համաձայնագիր է` ընդդիմությունը պիտի քլնգի»։

Անդրադառնալով քննարկվող համաձայնագրերին, Միրզոյանը նշեց՝ աբսուրդ կլինի չվավերացնել և հրաժարվել դրանցից․ «Այս վարկային համաձայնագրերը տնտեսագիտության մասին չեն, սրանց կոնտեքստը քաղաքական է: Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, շատ էժան փող: Մենք այնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը, կայունությունը, կանխատեսելիությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների համար այնքան է աճել, որ իրենք գիտեն, որ թեև մենք իրենց պարտք ենք փող՝ 5 տոկոսով, առաջարկում են մեզ փող՝ 1.6 տոկոսով, թվերը պայմանական եմ ասում»։

Նա ընդգծեց՝ վարկատուներն էլ գիտեն, որ այս էժան փողը դնելու ենք տնտեսության մեջ, իսկ այլ միջոցներից տանելու ենք, իրենց 5 տոկոսանոց վարկը մարենք:

«Սա ակնհայտ, աներկբա և անքննելի շահավետ տարբերակ է Հայաստանի Հանրապետության համար։ Ես այսպես եմ ընկալում, թող հիմա մյուս հարցի ժամանակ տնտեսագետներն ասեն՝ սխալ եք ասում: Հրաժարվել այս առաջարկից՝ աբսուրդ է, այնպես որ մոռացեք բոլոր տնտեսական փաստարկները. սա քաղաքական հարց է և շատ շահավետ»,- եզրափակեց Ազգային ժողովի խոսնակը։

Արտահերթ նիստի օրակարգում ներառված վարկային համաձայնագրերի թիվը 4-ն էր։ Առաջինը համաձայնագիրը՝ կնքված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև, նախատեսում է 45.8 մլն եվրո վարկ։ Երկրորդը՝ կնքված Ասիական զարգացման բանկի հետ, նախատեսում է 9,1 մլն եվրո վարկ։ Երրորդ համաձայնագիրը՝  կնքված Վերականգնման վարկերի բանկի հետ, նախատեսում է 40 մլն եվրո վարկ։ Եվ չորրորդը՝ կրկին Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության միջև, նախատեսում է ևս 36,5 մլն եվրո վարկ։