Դեկտեմբերի 25-ին Բաքվում կայացավ երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստների հիմնած Hərəkət (Շարժում) դաշինքի շնորհանդեսը։ Նորաստեղծ դաշինքը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Դաշինքի կազմում են ReAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախկին անդամ Ազեր Հասիմլին, բլոգեր Մեհման Հուսեյնովը, NİDA-ի անդամ Թուրգութ Համբարը, Ռաբիա Մամեդովան, նախկին քաղբանտարկյալներ Իլկին Ռուստամզադեն ու Էլգիզ Գահրամանը և ուրիշներ։
«Մեր դաշինքում միավորվել են տարբեր քաղաքական շարժումների ներկայացուցիչներ, աջեր, ձախեր, ֆեմինիստներ, նախկին քաղբանտարկյալներ, իրավաբաններ։ Դա արդեն նորարարություն է, որ մի դաշինքում տարբեր քաղաքական և գաղափարական հայացքներով մարդիկ են»,- հայտարարել է Ազեր Հասիմլին։
Նրա խոսքով, իրենց բոլորին միավորում է ընդհանուր ցանկությունը․ թափանցիկ, ազատ, արդար ընտրություններ։
«Մենք իրավական պետություն ենք ուզում, ազատ մամուլ Ադրբեջանում, երկիր առանց քաղբանտարկյալների։ Մի խոսքով, մենք բաց հասարակություն ենք ուզում», – նշեց Հասիմլին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին։