Ադրբեջանում դատարանը հետաքննություն է սկսել ակտիվիստ Ռաբիա Մամեդովայի նկատմամբ, ով մասնակցել է տեղական ինքանակառավարման մարմինների ընտրություններին։ Պատվի ու արժանապատվության պաշտպանության քաղաքացիական հայցը Մամեդովայի նկատմամբ ներկայացրել էր Բինագադիի շրջանում վերընտրված ավագանու անդամ Մեթանետ Նասիբովան։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն Ադրբեջանում կայացել են 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մասնակցել է ընտրողների 33 տոկոսը։ Անկախ թեկնածուների ու ակտիվիստների փոխանցմամբ, ընտրություններն ուղղեկցվել են զանգվածային ընտրախախտումներով ու կեղծարարությամբ։
Դեկտեմբերի 31-ին ԿԸՀ֊ն չեղարկում է արդյունքները Աղդաշում։ Մեղադրանքները, սակայն, առաջադրվում են այն թեկնածուներին, ովքեր իրենց էին ահազանգել խախտումների մասին։ Ընդդիմադիր թեկնածու Մեհման Հուսեինովը մեղադրվում է քվերակության կեղծման, իսկ Ռաբիա Մամեդովան՝ զրպարտության մեջ։
Մամեդովայի դեմ հայցադիմումի նախապատրաստական նիստը տեղի է ունեցել հունվարի 9-ին, Բինագադիի շրջանային դատարանում։ Դատաքննության առարկա է դարձել համացանցում շրջանառվող մեկ րոպեանոց տեսանյութը։
«Ես Բինագադի գյուղի ավագանու անդամի թեկնածու էի։ Տեսանյութն արվել է ընտրատեղամասերից մեկում։ Դիտորդներից տեղեկություն էինք ստացել, որ մի խումբ կանայք շրջում են տեղամասերով և ամեն տեղ ընտրում։ Այդ տեղամասում ես ինքս նրանց հանդիպեցի։ Մոտեցա արդեն հեռացող կանանց ու ճանաչեցի նրանցից մեկին․ ավագանու անդամի թեկնածու է։ Խնդրեցի ներկայանալ։ Հարցրեցի՝ ինչու են 4-5 հոգանոց խմբերով շրջում ու մի քանի անգամ ընտրում։ Նրանք ինձ ուշադրություն չդարձրեցին, մեքենա նստեցին, գնացին», – պատմում է Մամեդովան։
Նրա խոսքով, մեղադրող կողմը՝ թեկնածու Մեթանետ Նասիբովան, վիրավորական է համարել տեսանյութի վերջում ասվող բառերը․ «նրանք շրջում են տեղամասերով ու քվեարկում մի քանի տեղերում, անազնիվներ»։ Նասիբովան Մամեդովայից ներողություն է պահանջում և բարոյական վնասի փոխհատուցում՝ 1000 մանաթի չափով (600 դոլար)։
Մամեդովան հայտնել է, որ հիմնական լսումները սպասվում են հունվարի 30-ին։