Համացանցի ադրբեջանական սեգմենտում վերջերս սկսել են տեսանյութեր տարածվել խորհրդարանի (Միլլի Մեջլիսի) պատգամավորների՝ պոտենցյալ ընտրողների հետ սկանդալային հանդիպումներից։ Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ, տեսանյութերի հեղինակները հիմնականում այդ հանդիպումների մասնակից քաղաքացիներն են։
Գրեթե բոլոր դեպքերում ընտրողները բացահայտ անարգանք են ցուցաբերում թեկնածուների նկատմամբ ու լուրջ դժգոհություններ հայտնում։ Մարդիկ պատգամավորներից բացատրություն են պահանջում իրենց խնդրանքներն անտեսելու, շրջաններին ուշադրություն չդարձնելու և այլ արարքների համար։ Պահանջները հիմնականում ներկայացվում են բարձր տոնով ու հասնում մինչև ծեծկռտուքի։
Վերջին նմանատիպ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 6-ին, Սալյանի շրջանում․ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող պատգամավոր Ֆազաիլ Աղամալիևին դուրս վռնդեցին։
Ավելի վաղ նմանատիպ իրավիճակներում հայտնվել էին Այդին Միրզազադեն (Մինգեչաուր քաղաքում), Սահիբ Ալիևը (Թարթառ քաղաքում), Չինգիզ Հանիզադեն (Իմիշլի քաղաքում) և նախորդ գումարման խորհրդարանի մի շարք այլ պատգամավորներ։
Ադրբեջանի պատմության առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին։ Հերթական ընտրությունները նախատեսվում էին 2020-ի նոյեմբերին։ 2019-ի նոյեմբերին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն առաջարկեց ցրել գործող խորհրդարանը։ Դեկտեմբերի 2-ին Միլլի Մեջլիսը ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում կայացրեց դիմել Ադրբեջանի նախագահին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով։