Home / Ազգային ժողով / Պատգամավորի թեկնածուն փորձել է կաշառել նախկին քաղբանտարկյալին

Պատգամավորի թեկնածուն փորձել է կաշառել նախկին քաղբանտարկյալին

Պատգամավորի թեկնածու, լրագրող, բլոգեր, նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեինովը հայտարարել է, որ իր ընտրատեղամասային հակառակորդ, Ազգային վերածննդի շարժում կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևն իրեն գումար է առաջարկել՝ թեկնածությունը հանելու դիմաց։ Հուսեինովը խոսակցության ձայնագրությունը հրապարակել է սոցիալական ցանցերում։

Ձայնագրության մեջ որպես Ֆարաջ Գուլիև ներկայացած անձն ասում է․ «Չեմ ասում դուք թույլ եք։ Ուժեղ բլոգեր ես, այդտեղ չեմ կարող հետդ մրցել։ Արի գործնական համաձայնության գանք․ թեկնածությունդ հանիր ի օգուտ ինձ։ Ոչ թե ուղղակի հեռացիր, այլ իմ կողքը կանգնիր։ Այս փուլում միասին կպայքարենք»։

Սրան ի պատասխան, Հուսեինովն ասում է, որ միայնակ էլ կարող է հաղթել։ Գուլիևը շարունակում է․ «Դու քո պոտենցյալը նման բաների վրա մի ծախսիր։ Գիտեմ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ ու բանտում անձնուրացություն ես ցւոցաբերել, հասկանում եմ։ Այսօր մտածիր ու ասա։ Կարծում ես անձնազոհությու՞ն ես անում։ Բայց դա հերիք չի։ Դու նորմալ մտածում ես, ինձ ասում ես քո պայմանները, ու մենք այնպես ենք անում, որ դու քո դեմքը պահես…  Եթե համաձայնության չգանք ու դու մասնակցես ընտրություններին, ապա ես կհաղթեմ։ Առաջարկս որպես կաշառք մի ընկալիր, եթե բուժման փողերի կարիք ունենաս կարող եմ 10-15 հազար տալ, եթե պետք լինի՝ ավելի շատ», – ասում է Գուլիևը։

Հուսեինովը Turan տեղեկատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ արդեն բողոք է ուղարկել գլխավոր դատախազություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Շրջանային ընտրական հանձնաժողով։ Նրա խոսքով, Ֆարաջ Գուլիևն իրեն մի քանի անգամ զանգել ու համոզել է այդ հանդիպմանը գնալու համար։ Այն ի վերջո կայացել է Գուլիևի աշխատասենյակում։

«Առաջարկն իհարկե մերժել եմ։ Փողերի ու պաշտոնի համար թեկնածությունս չեմ հանի», – ասել է Հուսեյնովը։

«Ֆարաջ Գուլիևն առաջարկում էր իր օգնականը դառնամ, աջակցեմ ընտրությունների ժամանակ։ Հետո առաջարկեց երիտասարդական հասարակական կազմակերպություն բացեմ․ ինքը գումար կհատկացնի։ Ասաց, որ եթե ես թիմ ունեմ՝ իրենց էլ կներգրավենք», – պատմում է Հուսեյնովը։

Բլոգերի խոսքով, կաշառման փորձի վերաբերյալ գործի քննությանը միացել են նաև նույն շրջանի այլ թեկնածուներ Էթիբար Ալիևն ու Օրհան Քենգերլին։ «Կուզենայի, որ մեզ միանար նաև իշխող «Ենի Ադրբեջանի» կուսակցության թեկնածուն»,- ասել է Հուսեինովը։