Քննչական կոմիտեն պարզել է երեք անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի՝ ամուսինների:
Պարզվել է, որ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, իր 49-ամյա կնոջ հետ նախնական համաձայնությամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով և վտանգավոր բռնություն գործադրելով, հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգի է ենթարկել երեք անձի, այդ թվում՝ «հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի»:
Ըստ քննչական մարմնի, ամուսինները Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող երեք անձի հայտնել են, որ նշված տարածքներն իրենցն են, իրենք են հսկում դրանք և մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ նշված անձինք պետք է իրենց օրեկան գումար տան: Երբ նրանք հրաժարվել են կատարել ամուսինների պահանջը, վերջիններս, ծեծի ենթարկելով և սպառնալիքներով, հարկադրաբար ներգրավել են նրանց մուրացկանության մեջ և 2018թ. ամռանից մինչև 2019թ. մայիսի վերջերն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից: Ամուսինները ներգրավել են նրանց անձեռոցիկների մանրածախ առևտրի մեջ՝ կազմակերպելով նրաց կողմից ավտոմեքենաների վարորդներին անձեռոցիկների վաճառքը և վերցնելով դրա արդյունքում ստացված հասույթը:
Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: