2020 թ․ հունվարի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է վերսկսել 2018-ին մահացած զինծառայող Մարտին Խաչատրյանի գործով վարույթը և մի շարք քննչական գործողություններ կատարել։
Խաչատրյանը մահացել էր 2018 թ․ մայիսի 22-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Նույն օրը քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), իսկ 2019-ի հոկտեմբերի 15-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։
ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ստանձնել է տուժողի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ (զինվորական քննչական գլխավոր վարչության) ՀԿԳ (հատկապես կարևոր գործերի) քննության վարչության քննիչ Ավետիսյանին ներկայացված միջնորդությամբ Զալյանն արձանագրել է, որ նախաքննությունն իրականացվել է թերի, առկա են հակասություններ (այդ թվում՝ քրեական գործը կասեցնելու որոշման և իրականացված փորձաքննությունների եզրակացությունների միջև) ու պարզաբանման ենթակա հարցեր, որի համար անհրաժեշտ է վերսկսել գործի վարույթն ու իրականացնել դրանց պարզաբանմանն ուղղված քննչական գործողություններ։
Թերություններ կան նաև մյուս հետազոտություններում. ինքնաձիգի ձգան-բռնակից վերցված քսվածքից փորձաքննությունն արձանագրել է, Մարտին Խաչատրյանից բացի, ևս մեկ անձի առկայություն, բայց վարույթն իրականացնող մարմինը չի փորձել պարզել՝ ով է այդ երկրորդը։
Պատշաճ չի հետազոտվել Մարտին Խաչատրյանի հեռախոսի տեղեկատվությունը, չեն վերծանվել զանգերը, որը էական նշանակություն կարող էր ունենալ։ Չեն վերծանվել նաև գործով իրավական կարգավիճակ ունեցող և նույն մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած անձանց զանգերը։
Ուշագրավ է, որ ինքնասպանություն որակված գործով չեն իրականացվել դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ՝ պարզելու նրա բարոյահոգեբանական վիճակը։
Էական հակասություններ կան դատաբժշկական փորձաքննության ու քրեական գործի վարույթը կասեցնելու որոշման միջև․ չնայած փորձաքննությամբ արձանագրվել է, որ կրակոցը կարող է արձակված լինել ընդհուպից մինչև 25-30 սմ հեռավորությունից՝ վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել փորձագետի եզրակացության մի մասը և արձանագրել, որ կրակոցն արձակվել է ընդհուպ հեռավորությունից։ Մինչդեռ մյուս հավանական հեռավորությունը հիմք ընդունելու դեպքում այլ հարցեր են առաջ գալիս, մասնավորապես՝ թե ինչպես է հնարավոր ինքնասպանություն գործել՝ ձեռքը հասցնելով ձգանին և միևնույն ժամանակ զենքը պահել 25-30 սմ հեռավորության վրա։ Խնդրահարույց են նաև զենքը պահելու դիրքի մասին քրեական գործի նյութերում առկա տվյալները։
ՀՔԱՎ փաստաբան Զալյանը միջնորդությամբ արձանագրել է, որ այս հարցերին սպառիչ և հիմնավորված պատասխաններ տալու համար անհրաժեշտ է վերսկսել գործի վարույթն ու ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ։