Home / Բանակ / Ծառայակիցները ստում են, հրամանատարը լռում, ամբաստանյալը «խոստովանել» է խոշտանգումներից հետո

Ծառայակիցները ստում են, հրամանատարը լռում, ամբաստանյալը «խոստովանել» է խոշտանգումներից հետո

Ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտին՝ 2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողներ շարքային Գրիգոր Ավետիսյանը և Սուրեն Արամյանը սպանվեցին։ Դեպքի ժամանակ Ավետիսյանն ու Արամյանը գտնվել են Հայաստանի արևելյան սահմանագծի մոտ՝ պաշտպանական երկրորդ գծում։ Ծնողները պատմում են, որ սկզբից Պաշտպանության նախարարությունը փորձել է այս դեպքը ներկայացնել որպես դիվերսիա։ Դատախազ Արշակ Մարտիրոսյանն  իր մեղադրական ճառում հիշատակեց, գործում առկա նյութերով փորձ է կատարվել եղելությունը որպես դիվերսիա ներկայացնելու համար։ Սուրեն Արամյանի հայրը Արթուր Արամյանը պատմեց, որ 3 ամիս պայքարել են, որ ակնհայտ սպանությունը քննիչները որպես դիվերսիա չներկայացնեն։ Հայրը որդու դին տեսել է ամբողջովին ցեխի մեջ։ Դեպքի վայրում գտնվող 16 զինվորներից և ոչ֊մեկն իրենց ցուցմունքներում ճշմարտությունը չէր գրել։

Քննչական կոմիտեի առաջ քաշած վարկածի համաձայն՝ տղաների վրա կրակել է ծառայակից Դավիթ Դումիկյանը՝ իրեն հասցված վիրավորանքից ելնելով։ Սակայն Պետրոս Դումիկյանը վստահ է, որ իր եղբայրն անմեղ է։

Սպանված զինվորների ծնողներն այս տարիների ընթացքում սեփական հետաքննությունն են իրականացրել, այցելել են դեպքի վայր, ուսումնասիրել գործով ձեռք բերված նյութերը և բացարձակ անվստահություն հայտնել  քննիչների և դատախազության գործողություններին։

Արթուր Արամյանը պատմում է, որ դեպքից մեկ տարի անց քննիչները կանչել են իրեն և Հերմոն Ավետիսյանին՝ Գրիգոր Ավետիսյանի հորը, և առաջ քաշել աբսուրդային վարկած։

2017թ. նախաքննական մարմինը երկու զինծառայողների սպանության միասնական գործը բաժանեց երկու մասի։ Գրիգոր Ավետիսյանի սպանության մասն ուղարկեց դատարան, իսկ Սուրեն Արամյանի գործը կասեցրեց։

Պատճառաբանությունն այն էր, որ թեև բոլոր քննչական գործողությունները կատարվել են իբրև մարդասպանին հայտնաբերելու համար, սակայն արդյունք չի գրանցվել․ այդ մասին նամակով քննիչները տեղեկացրել են Արթուր Արամյանին։

Արթուր Արամյանն արդեն 4 տարի է՝ փորձում է  արդարադատություն գտնել Հայաստանի իրավապահ համակարգում: Այս մահվան դեպքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ընդգրկվել են այն 5 քրեական գործերի շարքում, որոնք պետք է նոր քննության առարկա դառնան։ Սակայն, չփոխելով քննիչին, քրեական գործի քննությունը 5 ամիս է տեղից չի շարժվում։

Գրիգոր Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին՝ մատնանշելով, որ Գրիգոր Ավետիսյանի սպանության դեպքի վայրը փոխվել է, իսկ  գործով կարևոր իրերն՝ անհետացել։

Գործով դատախազ Արշակ Մարտիրոսյանը տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանին հիշեցրեց սուտ մատնության հոդվածի մասին։

Դատական նիստի սկսվելուն պես հրամանատար Ռոման Հակոբյանի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը միջնորդեց, որ դատական նիստի լուսաբանման ընթացքում իր վստահորդին չնկարահանենք։ Ծնողների համոզմամբ՝ հրամանատարի կողմից կատարվել են մի շարք ապօրինություններ։

Քրեական գործով Ռոման Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Տուժող կողմը Հակոբյանի կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելը տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտում է որակել, քանի որ պետությունը չի ձեռնարկում բոլոր հնարավոր միջոցները պատշաճ և արդյունավետ քննություն իրականացնելու, սպանության իրական հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Համաձայն քննիչ Գևորգյանի, ապրիլի 6-ին Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժին «մեղայականով ներկայացել է» շարքային Դավիթ Դումիկյանը և հայտնել, որ «ինքն է սպանել համածառայակիցներ Գրիգոր Ավետիսյանին և Սուրեն Արամյանին»։

Դատախազն իր մեղադրական ճառն ամբողջովին կառուցել էր այս վարկածի շուրջ։ Իբրև Դումիկյանը մտել է վրան, որտեղ գտնվել է Արամյանը, և անկանոն կրակելով՝ սպանել է նրան, իսկ Ավետիսյանին սպանել է վրանից դուրս։ Քննության վարկածի համաձայն՝ պատճառն այն է եղել, որ ավելի վաղ Ավետիսյանն ու Արամյանը հայհոյել ու նվաստացրել էին իրեն: Դումիկյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության համար։ Նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Հակոբ Գևորգյանը և Արեգ Բաղդասարյանն ստացել էին ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ։

Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ծառայողական նյութերից դուրս է բերել Հակոբ Գևորգյանի մասին տեղեկատվություն, որով բացահայտվել է, որ նա մեկ ամիս առաջ  ծեծի է ենթարկել իր հրամանատարին և համածառայակցին և այդ գիշեր եղել է  մարտական հենակետում։

Արթուր Արամյանն էլ  վստահ է, որ  պատերազմի ավարտի օրը այդ տարածք օղի է մտել և առաջ է քաշում կոնֆլիկտի նոր վարկած։ Սակայն  այս բոլոր վարկածներն էլ մնում են  չհաստատված, բազմակողմանի և օբեկտիվ քննությունից դուրս։

Դավիթ Դումիկյանի փաստաբան Արթուր Խաչիկյանը պնդեց, որ դեպքի վայրը փոխված է, գործով անհրաժեշտ իրեղեն  ապացույցները՝  ոչնչացված։

Տուժող կողմը համարում է, որ Դումիկյանը չի սպանել տղաներին, դատական նիստի ժամանակ տուժող կողմի միջնորդություններին միացավ նաև Դավիթ Դումիկյանի փաստաբանը։

Հիշեցնեմ, որ գործով փաստաթղթերի ցանկը չի տրամադրվել կողմերին։ Ի տարբերություն մեղադրյալի և տուժողի պաշտպանների, հրամանատար Ռոման Հակոբյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը և դատախազը  դեմ արտահայտվեցին փաստաթղթերի ցանկը տրամադրելու միջնորդությանը։

Հատկանշական է, որ այս գործով երկուս ու կես տարվա մեջ 4  դատախազ է փոխվել։ Վերջին դատախազ Արշակ Մարտիրոսյանը դատավոր Վահագն Մելիքյանի հապճեպ դատաքննության փուլի ավարտից հետո  կարդաց մեղադրական ճառը՝ պահանջելով 12 տարվա ազատազրկում Դավիթ Դումիկյանի համար։

Այս քրեական գործով խեղվել են մի քանի զինվորների կյանքեր։ Գրիգոր Ավետիսյանը և Սուրեն Արամյանը այլևս չկան, երկու զինվոր ստացել է հրազենային վնասվածք, Դավիթ Դումիկյանը՝ ըստ տուժող կողմի չարած հանցանքի համար կազատազրկվի 12 տարով։ Իսկ իրական հանցագործները, որոնց փնտրում են տուժողները անգամ ներգրավված չեն այս քրեական գործի մեջ։ Ռոման Հակոբյանը և Ֆելիքս Հովհաննիսյանը եթե չբողոքեն ապա համաներումով դուրս կգան  դատարանի դահլիճից։

Գրիգոր Ավետիսյանի ընտանիքը ի զորու չէ պատմելու եղելությունը, հրաժարվում է հարցազրույցներից։ Սարգիս Արամյանի ծնողները սփոփվում են իրենց տաղանդավոր տղայի ձեռքի աշխատանքներով, նրանց տանը կարելի է տեսնել Սուրեն Արամյանի կողմից արված գծանկարները, քանդակները, կարդալ նրա բանաստեղծությունները։ Արթուր Արամյանը մեջբերեց տղայի օրագրում արված գրառումներից մեկը․ «Մարդ չպետք այնքան դառը լինի, որ թքեն, կամ այնքան քաղցր, որ կուլ տան»։

Թեհմինե Ենոքյան