Home / Բանտ / Ո՞վ է անում կեղտոտ գործը․ Բանտերի պետը լի է լավատեսությամբ

Ո՞վ է անում կեղտոտ գործը․ Բանտերի պետը լի է լավատեսությամբ

Մինչև 2023 թվականի տարեվերջ կլուծարվեն արժանապատիվ կյանքի համար այլևս անպիտան քրեակատարողական հիմնարկները (ՔԿՀ), կկառուցվեն նոր՝ «միջազգային չափորոշիչներին համապատասխանող» բանտեր, մոտ 30 տոկոսով կբարձրանան ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերը, մինչև եկող տարվա վերջ հանրապետության բոլոր 12 ՔԿՀ-ները ամբողջապես կանցնեն նոր՝ «ախորժալի և առողջ» պատրաստի սննդի մատակարարման համակարգի, հանձնուքներն այլևս չեն «կտրտվի, ծակծկվի և բացվի», այլ կսքանավորվեն ժամանակակից սարքավորումներով, իսկ գողական ենթամշակույթը՝ ի դեմս զոն նայողների, կարժանանա խստագույն հակազդեցության։ Դեկտեմբերի 20-ի ամփոփիչ ասուլիսին այս մասին հայտարարեց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ 

Թմրամիջոցներ, վճարովի տեսակցություններ, գանձումներ՝ մարմնավաճառների համար

Գոյունյանի խոսքով, 2019 թվականին ամռանը՝ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, համակարգի տեսլականը, բարեփոխումների ծրագիրը մշակելու նպատակով նախաձեռնել է առկա վիճակի գույքագրում, ինչը հանգեցրել է մի շարք բացահայտումների, քրեական գործերի և ներկա/նախկին պաշտոնյաների քրեական հետապնդման։

«Ինձ էլ էին լուրեր հասել, որ ՔԿՀ-ներում առանձին «ծառայությունների» համար գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր՝ «ստավկաներ»։ Օրինակ, հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավել յուրաքանչյուր կարճատև տեսակցության համար դրույքաչափը եղել է 100 դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը՝ 200 դոլար, հանձնուքի համար՝ 100 դոլար, դրույքաչափեր են եղել սահմանված նույնիսկ մարմնավաճառների ծառայություններ մատուցելու համար՝ 300 դոլարի սահմաններում, իսկ ունեվոր խավի համար՝ մինչև 1000 դոլարի սահմաններում։ Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու համար․․․», – պատմում է Գոյունյանը՝ ընդգծելով, որ նման երևույթներ հայաստանյան բանտերում այլևս չեն լինելու։

Պաշտոնյայի կարծիքով՝ համակարգային կոռուպցիա քրեակատարողական հիմնարկներում արդեն չկա, իսկ առանձին ՔԿՀ աշխատակիցների կոռուպցիոն հանցագործությունները (դատելով օրինակներից՝ կապված թմրամիջոցների, մեծապես՝ թեթև նարկոտիկների «առաքման» հետ) բացահայտվում են և «խստորեն պատժվում»։

Epress.am-ի դիտարկմանը, որ ՀՔԾ ծառայողների թողտվությամբ և մասնակցությամբ գումարների հավաքագրման ներքին պրակտիկաները (օրինակ՝ թաղթաբիթիներով մատրասների միջոցով), ըստ որոշ տեղեկությունների, շարունակում են գործել նաև հեղափոխությունից հետո, ՔԿԾ պետը արձագանքնեց կտրուկ՝ նման բան չկա, եթե լիներ՝ ինքը կիմանար։ Զոհերին և զոհերի հարազատներին խորհուրդ տվեց նման դեպքերում ահազանգել քրեակատարողական ծառայության թեժ գծին։

Զոն նայողները, քրեական ենթամշակույթը և ՔԿՀ աշխատակիցների ցածր աշխատավարձը

Գոյունյանի խոսքով՝ տարիներ շարունակ բանտերում զոն նայողները եղել են հիմնական եղանակ ստեղծողները, դրության տերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաներ ապահովողները․

«Այս կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովված է եղել կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժի, հարմարավետության ու հանգստի լավագույն և արտոնյալ պայմաններ՝ սկսած լավագույն սնունդ մատակարարելուց և ավարտած նրանց պահման խցերը խոհանոցային և այլ կահույքով ու պարագաներով կահավորելուց։ Վերջինների խցերի դռները երբեք չեն փակվել, նրանց հետ կապված որևէ խուզարկություն չի արվել և այլն»։

Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների դերը առանցքային է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում, որն, ըստ ՔԿԾ պետի, անհնար է իրականացնել միայն օրենսդրական փոփոխություններով։ Քրեական ենթամշակույթը հաղթահարելու համար պետք է բարելավվեն բանտերի շենքային և կենցաղային պայմանները, ՔԿՀ աշխատակիցների աշխատանքը պետք է դառնա ավելի գրավիչ, իսկ դրա համար պետք է բարձրացվեն նրանց աշխատավարձերը։

Կրտսեր աշխատողների աշխատավարձը՝ պարգևավճարով հանդերձ, այսօր չի գերազանցում 150-155 հազար դրամը։ «Պատկերացրեք, եթե պարգևավճարը, որը կազմում է աշխատավարձի 30 տոկոսը, չտրվեր․․․ Մենք ունենք 200-ի կարգի թափուր հաստիք, որոնք հիմնականում Անվտանգության և Պահպանության բաժնի աշխատակիցներ են․․․ Պատկերացրեք՝ Արմավիր ՔԿՀ-ում, որը բաղկացած է 6 կորպուսներից, ամեն կորպուսում ընդհամենը 2-3 Անվտանգության աշխատակից կա։ Ես գտնում եմ, որ աշխատավարձը բարձրացնելուց հետո, որի խոստումը և երաշխիքները մեր երկրի քաղաքական ղեկավարությունը՝ անձամբ վարչապետը տվել է, այդ թափուր հաստիքները կհամալրվեն», – ասում է պաշտոնյան։

Նախատեսվում է, որ աշխատավարձները կբարձրացվեն մոտ 30 տոկոսով (կառավարության համապատասխան որոշման նախագիծը քննարկման փուլում է)։

Հին ու նոր բանտերը

Քրեակատարողական ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության համաձայն, մինչև 2023 թվականի տարեվերջ

— կլուծարվեն «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները։ Երևանի Սիլիկյան թաղամասում, մոտ 10 հա հողատարածքում, կկառուցվի «միջազգային չափորոշիչներին համապատասխանող» նոր ՔԿՀ, որը կունենա նաև ստացիոնար հիվանդանոց։

— կլուծարվեն նաև «Հրազդան» և «Գորիս» ՔԿՀ-ները։ Փոխարենը՝ մոտ 7 հեկտարի վրա տեղակայված «Սևան» ՔԿՀ-ի հարևանությամբ կկառուցվի նոր և ժամանակակից ՔԿՀ՝ փակ և կիսափակ ռեժիմներով։ Գորիսի բանտը կտեղափոխվի Խնձորեսկ գյուղ․ այնտեղ ևս նախատեսվում է նոր ՔԿՀ կառուցել։

— ԱԱԾ-ի հետ կապված «բոլոր շահարկումները չեղարկելու» նպատակով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ԱԱԾ վարչական շենքից կտեղափոխվի նախկին «էրեբունի» ՔԿՀ։

— իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում կիսաբաց ռեժիմային պայմանների համար նոր տեղամաս կկառուցվի, նաև՝ կկառուցվի օդափոխության և ջեռուցման համակարգ։ Պաշտոնյայի խոսքերով, «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման աշխատանքների վրա ծախսվել էր մոտ տասը միլիարդ դրամ, և զավեշտալի է, որ ժամանակակից նախագծով կառուցված այս հիմնարկում չկա և չի եղել օդափոխության համակարգ։

Ընդհանուր առմամաբ բոլոր այս աշխատանքների կատարման համար Կառավարությունը կհատկացնի 35 միլիարդ դրամ։ Ռազմավարության համաձայն, հին բանտերի լուծարման և նորերի կառուցման աշխատանքները կավարտվեն 2023 թվականին։

Մինչ նոր տարի «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում ավարտին կհասցվեն նաև ջրահեռացման համակարգի շինաշխատանքները և սանհանգույցների վերանորոգումը։ 

Իսկ «Հրազդան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ընթացող կոյուղու հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2020-ին։ Թեև նախատեսվում է, որ այս ՔԿՀ-ները մինչև 2023 թ․ կլուծարվեն, որոշում է կայացվել ջրահեռացման համակարգն, այնուամենայնիվ, կարգի բերել։

Տեսահսկում և սքանավորում

Բացի այդ, «ՔԿՀ-ների վերազինման շրջանակներում» նախատեսվում է մոտ 252 միլիոն դրամի տեխնիկա ձեռք բերել՝ վերահսկողությունը ժամանակակից միտումներին համապատասխանեցնելու և, այսպես ասած, կատարելագործելու համար։

ՔԿԾ պետը նախատեսում է և «առաջնային է համարում» Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծել օպերատիվ կառավարման կենտրոն, որը ժամանակակից տեսահսկման միջոցով 24-ժամյա ռեժիմով «կմշադիտարկի» բանտերի անցուդարձը․ «Այդ միջոցները հնարավորություն կունենան ձայնագրությունը հետ տալու և դիտարկելու, ինչը, կարծում եմ, էական հանգամանք կլինի բոլոր տեսակի չարաշահումները թե՛ ծառայողների, թե՛ պահվողների կողմից բացառելու տեսանկյունից»։

Նա նախատեսում է այս հարցը լուծել 2020 թվականի ընթացքում։

«Վերազինման» համատեքստում խոստացվում է ժամանակակից սարքավորումներով համալրել նաև հանձնուքների ստուգման կետը․ «Հայտարարվել է մրցույթ, մրցույթը ընթացքի մեջ է, համապատասխան ֆինանսական միջոցներ կառավարությունն արդեն իսկ հատկացրել է»։

Սնունդ

Մոտ երկու ամիս առաջ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում՝ որպես պիլոտային ծրագիր, ներդրվել էր պատրաստի սննդի մատակարարման/առաքման համակարգ։ Ի՞նչ էր սա նշանակում․ սնունդը պատրաստվում էր ոչ թե բանտի ճաշարանում, այլ առաքվում էր պատրաստի՝ «Արտլանչ» մասնավոր ընկերության կողմից, որը հաղթել է Արդարադատության նախարարության հայտարարած մրցույթում։

Նույն ծրագիրն ավելի վաղ փորձակվել էր բանակում․ պարզվել էր, որ մասնավորն ի տարբերություն հաստատության ճաշարանի ի վիճակի է տրամադրված գումարի սահմաններում որակյալ, բազմազան և թարմ սնունդ ապահովել։

Պիլոտային ծրագիրը որոշվել է երկարաձգել։ 2020 թվականին, ասում է պաշտոնյան, բոլոր 12 ՔԿՀ-ները կանցնեն պատրաստի սննդի մատակարարմանը։ 

Սնունդը շարունակելու է մատակարարվել «Արտլանչ» ընկերության կողմից՝ մեկ անձի համար մոտ 1500 դրամ արժեքով (որը ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը, ընդհանուր կալորիականությունը՝ մոտ 2500-3000 կկալ)։ 

«Սրանով մենք թեթևացրել են դատապարտյալների և կալանավորների հարազատների հոգսը․․․», – ասում է պաշտոնյան։

Նրա խոսքերով, այն ՔԿՀ-ներում, որտեղ գործարկվել է սննդի մատակարարման ծրագիրը, բանտարկյալների հարազատները ուտելիք գրեթե չեն ուղարկում։

Ո՞վ է անում կեղտոտ գործը

Epress.am-ի հարցին՝ ինչպե՞ս են կարգավորվում աղբահավաքության, զուգարանների և սանհանգույցների մաքրման աշխատանքները և արդյոք այն, ինչ համարվում է «կեղտոտ աշխատանք», շարունակում է մնալ խոցելի խմբերի, օրինակ, նույնասեռական կամ նույնասեռական համարվող տղամարդկանց, ուսերին (և եթե այո, արդյոք ՔԿԾ պետը չի տեսնում այստեղ խտրականության դրսևորում), Քրեակատարողական ծառայության պետը պատասխանեց․ 

«Գուցե հասնենք նրան, որ պատրաստի սննդի մատուցման ծրագրի օրինակով՝ գա ժամանակ, երբ սանհանգույցների մաքրման աշխատանքներում էլ կներգրավվեն դրսից բերված վարձու աշխատողներ․․․

Ասեմ, որ հիմա էտ նույն կատեգորիայի անձինք, որ դուք մատնանշեցիք, իրենք կամավոր են այդ աշխատանքները կատարում և դրա համար վարձատրվում են։ Եթե չուզենան՝ չեն կատարի և չեն էլ վարձատրվի․․․

Ավելին ասեմ՝ լուրջ միջոցներ են ծախսվում սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելու համար, կատարվում են վերանորոգման աշխատանքներ, նույնիսկ սանհանգույցները և բաղնիքները հարմարեցվում են հենաշարժողական խնդիրներով հաշմանդամների համար․․․Այնպես չէ, որ բարձիթողի վիճակ է»։