Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն և փոխհատուցում տրամադրելու մասին շուրջ 2 տարի առաջ ուժի մեջ մտած իրավական ակտերը փաստացի չեն գործում, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը։
Իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամաբ, խոշտանգումից տուժած քաղաքացիների նկատմամբ իր վերցրած պարտավորությունների կատարման նպատակով պետությունը ընդունել է, և 2017 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվում են խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները։ Իսկ 2017 թ․ հոկտեմբերի 26-ին Կառավարությունը ընդունել է «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 9-ին: Երկու տարի անց Արդարադատության նախարարությունը՝ պատասխաբելով իրավապաշտպանների հարցմանը, արձանագրում է, որ իրականում որևէ քայլ չի արվել պետության վերցրած պարտավորությունները կատարելու ուղղությամբ:
«Խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվություն ստանալու երկու հարցումներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխաններ է ստացել Հատուկ քննչական ծառայությունից՝ 2019 թ․ փետրվարի 26-ին և հուլիսի 22-ին:
2019 թ․ փետրվարի 25-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում խոշտանգման հիմքով 15 քրեական գործ էր քննվում, ևս 2-ը՝ արդեն դատարանում։
Հատուկ քննչական ծառայությունը կազմավորման սկզբից՝ 2006 թվականից մինչ 2019 թվականի հուլիսի 1-ը, խոշտանգման հիմքով քննել է 126 քրեական գործ։
Հայաստանի Հանրապետությունը խոշտանգումից տուժած քաղաքացիների նկատմամբ իր վերցրած պարտավորությունների կատարման նպատակով ընդունեց, և 2017 թ․ հունվարի 9-ից ուժի մեջ մտավ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվում են խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները։ Իսկ արդեն 2017 թ․ հոկտեմբերի 26-ին Կառավարությունը ընդունեց «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշումը, որն ուժի մեջ մտավ նույն տարվա նոյեմբերի 9-ին:
Սակայն խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն և փոխհատուցում տրամադրելու մասին շուրջ 2 տարի առաջ ուժի մեջ մտած իրավական ակտերը փաստացի չեն գործում», ― ասված է ՀՔԱՎ-ի հրապարակման մեջ։
Կազմակերպությունը պնդում է՝ սկսած 2018 թվականից Կառավարությունից փորձել են ճշտել՝ ինչպես է իրագործվում նշված որոշումը, և հարցումները պատասխանները ցույց են տվել, որ ընդունումից երկու տարի անց դրանք իրականում չեն գործում։
«Կառավարության նշված որոշման կատարման մասին մեր կազմակերպության՝ 2018 թ․-ի փետրվարի 26-ի ու սեպտեմբերի 28-ի տեղեկատվական հարցումները Արդարադատության նախարարությունը որոշել է տեղեկատվական հարցում չհամարել, այլ որակել է որպես իրավական ակտի մեկնաբանման ու պարզաբանման հայց և հրաժարվել է պատասխանել։
Այդ ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Ա․ Ասատրյանը հպանցիկ նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավարի հետ։ Իսկ այն հարցերին, որոնք առնչվում էին Կառավարության որոշման կատարմանը, չի պատասխանել։ Մենք փորձել էինք ճշտել, թե որոշմամբ սահմանված ծառայություններն ինչպես են մատուցվում, ինչ ժամկետներում, որտեղ և ովքեր են դրանք մատուցում։ Սակայն, ինչպես նշեցինք, որևէ բովանդակային պատասխան չենք ստացել։
2019թ.-ի սեպտեմբերին մեր ուղարկած երկու հարցումներին Արադարադատության նախարարությունը փորձել է թեկուզ ձևական, բայց պատասխանել, ի տարբերություն՝ նախորդ նախարարի:
Արդարադատության նախարար Ռ․ Բադասյանին ուղղված հարցումներով հետաքրքրվել էինք, թե խոշտանգումից տուժած քանի անձ է փոխհատուցում ստացել, քանի դեպքում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հետադարձ պահանջ ներկայացվել խոշտանգողին, քանիսն են բժշկական օգնություն ստանալու փոխհատուցում ստացել և քանիսն են անվճար իրավաբանական ու հոգեբանական աջակցություն ստացել։ Փոխհատուցումների մասով Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Ն․ Ղազարյանը ուղղորդել է դիմել Ֆինանսների նախարարություն, իսկ մյուսների մասով կրկին հայտնել է, որ աջակցություն տրամադրելու ուղղությամբ քննարկումներ են տանում ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հետ։ Ֆինանսների նախարարությունը դեռևս չի պատասխանել մեր հարցմանը։
Ն․ Ղազարյանը նաև տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերից մեկնարկում է Եվրոպայի խորհրդի նոր ծրագիրը՝ «Առողջապահության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում», որի շրջանակում նախատեսվում է բարելավել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը։ Նրա փոխանցմամբ՝ հենց այդ ծրագրի շրջանակում են պատրաստվում կյանքի կոչել դեռևս 2 տարի առաջ ուժի մեջ մտած իրավական ակտերը։
Մյուս հարցերի առնչությամբ պատասխաններ չի տրամադրել, քանի որ նրա փոխանցմամբ՝ հոգեբանական ծառայություններ տրամադրող կենտրոնը փաստացի չի գործում և հետևաբար՝ հնարավոր չէ այդ հարցերին պատասխանել։
Իսկ ահա Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի գործով, չնայած, որ գործը հարուցել էր ՀՀ գլխավոր դատախազությունը և ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հոգեբանական աջակցություն ստանալու հարցով դիմումին ՀՀ արդարադատության նախարարությունը 2018-ի մայիսին ուղղորդել էր դիմել Արցախի իշխանություններին, քանի որ դեպքը այնտեղ է տեղի ունեցել:
Այսպիսով՝ նախորդ կառավարությունն այդպես էլ չկատարեց իր իսկ ընդունած որոշումը՝ խոշտանգումներից տուժածներին հոգեբանական վերականգնողական ծառայություն ապահովելու վերաբերյալ:
Նոր կառավարության կողմից ստացված պատասխաններից ենթադրում ենք, որ պետությունը խոշտանգումների կանխարգելման բնագավառում իր վերցրած պարտավորությունները խոշտանգումներից տուժած քաղաքացիներին հոգեբանական վերականգնողական, սոցիալական աջակցության, նյութական և բարոյական փոխհատուցման բնագավառներում պատրաստվում է լուծել միջազգային ծրագրերի, մասնավորապես Եվրոպայի խորհորդի կողմից իրականացվելիք ծրագրերի աջակցությամբ:
Միաժամանակ գտնում ենք, որ դեռևս բացակայում է հստակությունն ու որոշակիությունը թե կատարման ժամկետների, թե հատկացվելիք միջոցների ծավալների, թե ինստիտուտների ստեղծման հարցերում:
Ամենաուշագրավն այն է, որ 2 տարի շարունակ նույնաբովանդակ հարցումներ ենք ուղարկում Արադարադատության նախարարություն` թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխությունից հետո, բայց եթե մինչ հեղափոխությունը փորձում էին խուսափել պատասխանից անհիմն մեկնաբանություններով, ապա նախարարի փոփոխումից հետո ժամանակ են խնդրում պատասխանելու համար և վերջապես արձանագրում, որ իրականում որևէ քայլ չի արվել պետության վերցրած պարտավորությունները կատարելու ուղղությամբ:
Եվ նման պայմաններում Քրեակատարողական ծառայությունն արգելում է հոգեբանին մուտք գործել ՔԿՀ և հոգեբանական աջակցություն տրամադրել խոշտանգման ենթարկված, վերապրած ցմահ դատապարտյալ Ա․ Քոչարյանին։
Այս հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2019 թ․ հունիսի 10-ի ու հուլիսի 19-ի երկու դիմումներն էլ մերժվել են։ Քրեակատարողական ծառայությունը պատճառաբանել էր, թե հոգեբանը բժիշկ չէ և կարող է օգտվել միայն տեսակցության (ցմահ դատապարտյալի դեպքում՝ առանց այն էլ՝ սահմանափակ) հնարավորությունից։
Մի կողմից պետությունը դա չի ապահովում, մյուս կողմից՝ մերժում է անհատական նախաձեռնությունները։
Այս ամենը ցույց է տալիս, որ խոշտանգումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ պետության վերցրած պարտավորությունները շարոնակում են մնալ չկատարված», – ասված է հայտարարույթան մեջ: