Արդարադատության նախարարությունը E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է հրապարակել, որով առաջարկում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով:
Նախագծը սահմանում է տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:
Մասնավորապես, առաջարկվելիք փոփոխությունների համաձայն, սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումներ անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումները: Տեսագրությունները ոստիկանությունում պահպանվելու են 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի: Տեսագրություններն ու տեսաձայնագրությունները, բացառությամբ օպերատիվ հարցումների տեսաձայնագրությունների, տրամադրվելու են՝
– հարցաքննված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին.
– քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ իր իրավասության սահմաններում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ համապատասխան քրեական գործի կամ կարգապահական վարույթի շրջանակում.
– մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.
– ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդներին:
Նախքննական տվյալներ պարունակող տեսաձայնագրությունները տրամադրվելու են վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով՝ գաղտնազերծումից հետո, իսկ այլ անձանց՝ նաև օպերատիվ հարցման ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ:
Ոստիկանության ստորաբաժանումների շենքերում հարցաքննության և օպերատիվ հարցման համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում արգելվելու է հարցաքննությունների և օպերատիվ հարցումների իրականացումը տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):
Ըստ նախագծի, եթե Ոստիկանության ծառայողը համազգեստով է, տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին, գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար և նախազգուշացնել անհրաժեշտ չէ, իսկ եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում ոստիկանը պետք է բանավոր կերպով պարտադիր նախազգուշացնի տեսանկարահանման մասին։
Օրենքի նախագիծը e-draft-ում կմնա մինչև 2019 թվականի օգոստոսի 6: