հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Բանտային սնունդը կդառնա ուտելի, խոստանում է ԱՆ-ն

Բանտային սնունդը կդառնա ուտելի, խոստանում է ԱՆ-ն

Նախատեսվում է ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակել մասնավոր հատվածին, ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններից ձեռք բերել պատրաստի սննդի մատուցման ծառայություններ: Սա նշանակում է՝ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ, հայտնում է Արդարադատության նախարարությունը (ԱՆ)։

Նախարարության հաղորդմամաբ, ծրագրի փորձնական իրագործումը կմեկներկի 2019 թվականի հոկտեմբերի 15-ից՝ 70 օր տևողությամբ, Հայաստանի ամենամեծ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:

Սննդի կարգավորմանն ուղղված քայլերից բացի, Արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը խոստանում են հետևողական միջոցներ ձեռնարկել նաև քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ:

«․․․Քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով նախաձեռնվել են հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, այդ թվում`

― «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` տեսակցությունների ութ սենյակների համապարփակ հիմնանորոգման աշխատանքներ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Սենյակները համալրվելու են կենցաղային տեխնիկայով և խոհանոցային կահույքով, կահավորվելու է մանկական սենյակ։ Ուշադրության կենտրոնում է նաև օդափոխության համակարգի ներդրման հարցը

― «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու, սանհանգույցների, բաղնիքների հիմնանորոգում, ընդ որում, կառուցվելու են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ պայմաններով սանհանգույցներ և բաղնիքներ։

― «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` ճաշարանի կապիտալ վերանորոգում։

― «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու հիմնանորոգում», – ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը նույնպես մտադիր է փոփոխել զորամասեր սննդի մատակարարման կարգը՝ սննդի կազմակերպման ծառայությունը պատվիրակելով մասնավոր ընկերությունների։ 2019 թվականի փետրվարի 21-ին կառավարության նիստում ընդունվեց փորձնական ծրագիր և գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում։ Մի շարք զորամասերում արդեն իսկ անցել են նոր համակարգի։